Երկրորդ ընտրատարածքում հակասությունները չեն դադարում

Երկրորդ ընտրատարածքում մեծամասնական ցուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածուներ Սամվել Ֆարմանյանը եւ Վլադիմիր Կարապետյանը շարունակում են բանավիճել:
Այս կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարապետյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր առանձնատունը կառուցում է ընտանիքի անդամների օժանդակությամբ: Իսկ որպես դիվանագետ իր պաշտոնավարման ընթացքում՝ մինչեւ 2008 թ. պատշաճ կերպով ներկայացրել է եկամուտի հայտարարագրեր:

Այսպես նա պատասխանել է ապրիլի 26-ին Արմնյուզ հեռուսաընկերությամբ կայացած հեռուստաբանավեճի ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանի հարցին, թե 14 տարի Արտաքին գործերի նախարարությունում աշխատելով՝ ի՞նչ միջոցներով է նման շքեղ առանձնատուն կառուցում, եւ դա այն դեպքում, երբ մշտապես մեղադրում է իշխանություններին երկիրը թալանելու մեջ:

«Կոչ եմ անում մրցակցիս կազմել 1-2 հոգանոց համապատասխան հանձնաժողով/խումբ, որը կուսումնասիրի իմ եկամուտներն ու դրա ծախսերը և հրապարակել իր նախընտրական հիմնադրամի 9 միլիոն 508 հազար դրամի արված ծախսերի ծագումնաբանությունը, ինչպես նաեւ 15 մ2-ից մինչև 18 մ2 ծավալով թվով 27 քարոզչական պաստառները բազմաբնակարան շենքերի պատերին փակցնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ հաշվի առնելով, որ ապրիլի 23-ին, Ս. Ֆարմանյանը Նոր Նորքի վարչական տարածքին վճարել է 50.000 դրամ (մեկ հսկայական պաստառի համար` 1852 դրամ)» ,- գրված է Կարապետյանի հայտարարության մեջ:

© Medialab.am