Ներառական կրթություն` հականերառական միջավայրում․ «Չունենալով հիմք՝ միանգամից ուզում ենք տանիք կառուցել»

Դասերից մեկի ժամանակ 12-ամյա Վրեժը վերջերս բարձրացել է սեղանի վրա ու քնել։  Դասընկերները նրան չեն խանգարել, ծածկոց են գցել վրան ու դասը շարունակել հարևան դասասենյակում։ Վրեժը Դաունի համախտանիշ ունի։ Կլորիկ դեմքով, շագանակագույն մազերով, խաժ, ժպտուն աչքերով Վրեժին Երևանի համար 169 դպրոցում բոլորն են սիրում։  Նա հյուրերի հետ խոսում է հայացքը խոնարհած, ասում է՝ ամաչում եմ։

Խորհրդային կրթական համակարգն ու կարծրատիպերը ժառանգած երկրում մինչև վերջերս դասարանում սեղանին քնող երեխա, այն էլ՝ նման խնդիրներով, պատկերացնելն անհնար էր։ Հատուկ կարիքներ ունեցող սահմանափակ հնարավորություններով երեխաները մեկուսացված էին հասարակությունից։ Լավագույն դեպքում կրթություն էին ստանում հատուկ փակ հաստատություններում։

Իրավիճակը սկսեց աստիճանաբար փոխվել 2000-ականներից, երբ ներառական կրթությունը ներդրվեց երկրում՝ որպես կրթական բարեփոխումների մի մաս՝ ընդգրկվելով ՀՀ Կառավարության առաջնահերթ խնդիրների շարքում: 

Համակարգի ներդրումից շուրջ երկու տասնամյակ անց ներառական կրթության ոլորտում թեև տարաբնույթ չլուծված հարցեր կան, սակայն շնորհիվ օրենսդրական փոփոխությունների,  հանրակրթական դպրոցները հասանելի դարձան այն երեխաների համար, որոնք առողջական խնդիրների, սահմանափակ հնարավորությունների հետևանքով ստիպված էին կա՛մ տնային ուսուցում անցնել, կա՛մ հաճախել հատուկ փակ ուսումնական հաստատություն։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ներկայումս հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 6500 երեխա:

Երևանի Հովհաննես Շիրազի անվան համար 169 դպրոցում, որտեղ աշակերտներից մեկն էլ Վրեժն է,  կրթություն է ստանում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 32 երեխա։ 

Ներառական կրթական համակարգին անցումն այս դպրոցում սկսել են դեռևս 2011 թվականից։ Ուսուցիչները նշում են, որ թեև սկզբում ունեցել են դժվարություններ՝ կապված կարծրատիպային մտածելակերպի հետ, սակայն խնդիրը տարիների հետ լուծվել է՝ համադրվելով արդյունավետ ջանքերի  և հաջող փորձի հետ: 

«Մենք մի երեխա ունեինք, երբ առաջին դասարան եկավ, տարբեր հոգեբանական, վարքային խնդիրներ ուներ, շատ ագրեսիվ էր։ Անսպասելի կարող էր մի այնպիսի քայլ անել, որ բոլորս վախենում էինք՝ հանկարծ չվնասի որևէ մեկին։ Կարող էր դասի ժամանակ շատ անսպասելի գար և ասեր, որ ուզում է ուսուցչի գիրկը նստել։ Ու պետք է նստեր, եթե չնստեր, շատ ավելի վատ կլիներ վիճակը։ Բայց հանդուրժում էինք, որովհետև հակառակ ռեակցիան ագրեսիա էր ծնում, ինչը կարող էր խանգարել դասապրոցեսը։ Ուսուցիչները հերոսական աշխատանք կատարեցին նրա հետ, և արդյունքն ուղղակի հրաշալի էր։ Երրորդ դասարանից նկատեցինք նրա վարքի վերափոխումը, և հիմա որ նրան տեսնեք,  պատմածս հեքիաթ կթվա», – «Մեդիալաբին» պատմում է դպրոցի տնօրեն Սուսաննա Մալոյանը։ 

Իրական ներառման դեռ չենք հասել

Հայաստանում ներառական կրթության համակարգի ներդրման սակավաթիվ հաջողված պատմությունների կողքին վեր են հառնում այն կարևոր, չլուծված խնդիրները, որոնք թե՛ ոլորտի փորձագետները, թե՛ կրթություն իրականացնողները դժվար հաղթահարելի, բայց և խիստ անհրաժեշտ են համարում՝ իրական ներառականություն ապահովելու համար։

Մասնագետները նշում են, որ Հայաստանում ներառական կրթության համակարգի ներդրումն ընթացել է մի քանի փուլերով: Համակարգի ներդրման օրենսդրական հիմքերը ձևավորվել են 2005-ին, բայց ներառական կրթություն սկսել են իրականացնել դեռ 2001-ին՝ Երևանի համար 27 միջնակարգ դպրոցի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի միջև համաձայնագրի հիման վրա։ 

Այդպիսով, համար 27 միջնակարգ դպրոցը դարձել է հանրապետությունում ներառական կրթություն իրականացնող առաջին հանրակրթական հաստատությունը, որը, որպես «առաջամարտիկ», իր վրա է կրել սկզբնական շրջանի դժվարությունների ողջ բեռը: 

Այս  դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է՝ շատ խնդիրների են բախվել սկզբում՝ ուսուցչական անձնակազմի և ծնողների դժգոհություններ,  կանխակալ վերաբերմունք:

«Երբ սկսեցինք համակարգի ներդրման աշխատանքները, մարդիկ սկսեցին իմ թիկունքում տրտնջալ։ Դեսից-դենից լսում էի, ասում էին՝ Բախշյանը դեբիլների դպրոց է սարքում։ Այդպես շարունակվեց երեք տարի։ Ամենօրյա բացատրական աշխատանքների,  ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաջողությունների շնորհիվ հաղթահարեցինք խնդիրները»,- հիշում է Բախշյանը: 

Տարիների ընթացքում ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվն ավելացավ։ Իսկ արդեն 2014-ին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, Հայաստանի Հանրապետությունում անցում կատարվեց համընդհանուր ներառման համակարգի, ինչը նշանակում է, որ երկրի բոլոր դպրոցները պետք է ունենան կրթության ներառական համակարգ։ 

Որպես այս համակարգի անցման գործընթացի վերջնաժամկետ է նախանշված 2025 թվականի օգոստոսը։ Մինչև 2022-ի օգոստոսը  յուրաքանչյուր մարզում գործող առնվազն չորս հանրակրթական ուսումնական հաստատություն պետք է վերակազմակերպվի որպես տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ի պատասխան «Մեդիալաբի» հարցման, տեղեկացրին՝ համակարգն արդեն իսկ 2016-ին ներդրվել է Սյունիքի , 2017-ին՝ Լոռու և Տավուշի մարզերում,  2018-ին՝ Արմավիրում, իսկ 2019-ին՝ Արագածոտնի ու Շիրակի մարզերում և Երևանում։ 

Պաշտոնական աղբյուրի պարզաբանմամբ՝ «նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել՝ առանց երեխային ընտանիքից անջատելու»։ Ըստ նախարարության մշակած քաղաքականության՝  հանրակրթական դպրոցները պետք է սահուն անցում կատարեն ներառական կրթական համակարգի։ Սակայն փաստն այն է, որ կրթօջախները դրան անպատրաստ են․ շատերը չունեն շենքային հարմարեցված պայմաններ, դիդակտիկ նյութեր, հոգեբաններ և այլն։  

Ընդ որում, եթե մայրաքաղաքի որոշ դպրոցներ համեմատաբար ապահովված են, ունեն անհրաժեշտ մասնագետներ, որոնք կարող են ներառականություն ապահովել, ապա մարզային շատ դպրոցներ թե՛ մասնագետների պակասի, թե՛ շենքային, գույքային ու անհրաժեշտ կրթական նյութերի առումով դրան ընդհանրապես պատրաստ չեն։ 

Փաստի առջև են կանգնել

Լերմոնտովո գյուղի միակ դպրոցի մանկավարժները դժվարին իրավիճակում են հայտնվել։ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 11 կմ հեռավորության վրա գտնվող այս դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների թիվը հինգն է դարձել՝ մարզում հատուկ դպրոցի փակման հետևանքով։ 

«Ուսումնական ոչ մի հաստատություն՝ սկսած նախակրթարաններից, ներառական կրթական համակարգին պատրաստ չէ։ Խոսքը շենքային պայմանների, մասնագետ մանկավարժների, կրթական ծրագրերի մասին է։ Մենք, չունենալով հիմք, միանգամից ուզում ենք տանիք կառուցել», – «Մեդիալաբին» ասում է Լերմոնտովո դպրոցի երկարամյա ուսուցչուհի Նարինե Մաթևոսյանը։

Գյուղի միակ դպրոցի հինգերորդ դասարանում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող միանգամից 3 երեխա, բայց նրանց հետ աշխատում է միայն ուսուցչի մեկ օգնական։ 

«Ուսուցչի օգնականը հոգեբան չէ, լոգոպեդ չէ։ Նրանց աշխատանքի ընդունելու համար պահանջվում է երեք տարվա ստաժ, բայց ուսումնասիրեք, կտեսնեք՝ օգնականները հիմնականում զրո ստաժ ունեցող անձինք են՝ անծանոթ  մանկավարժական հոգեբանությանը, բայց ստիպված են առնչվել այդ դժվար խնդրին։ Դպրոցում ո՛չ հոգեբան կա, ո՛չ լոգոպեդ, միայն մեկ օգնական»,- «Մեդիալաբին» պատմում է ուսուցչուհի Նարինե Մաթևոսյանը։

Նա չի կիսում համակարգի ներդրման ջատագովների ոգևորությունը, թե ներառական կրթությունն ապահովում է հավասար պայմաններ բոլոր երեխաների համար։ Ավելին, նրա երկարամյա փորձն այլ, ավելի տխուր փաստեր է ցույց տալիս. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, միևնույն է, գտնվում են անհավասար պայմաններում։ Բավարար կրթություն նրանց համար չի ապահովվում, և դրա հետևանքով կրկին խտրական վերաբերմունքի են արժանանում։

Ուսուցչուհին օրինակ է բերում՝ պատմելով աշակերտներից մեկի մասին: Լերմոնտովոյի դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներից մեկը՝ 12-ամյա Արմենը, որը սովորում է 6-րդ դասարանում, հենաշարժական խնդիրներ ունի։ Երեխային պարբերաբար գրատախտակին մոտեցնելու համար  ֆիզիկական ուժ է պետք։ Ասում է՝ չկան նաև դիդակտիկ նյութեր, համապատասխան այլ պարագաներ, չկան պայմաններ, բայց կան պահանջներ։ 

«Երեխան ուզում է զուգարան գնալ, ո՞վ պետք է օգնի նրան, դասասենյակը չունի հատուկ պայմաններ, պարագաներ։  Հաճախ երեխայի մոտ պառկելու ցանկություն է առաջանում, ինչպե՞ս օգնել նրան։ Պատկերացրեք՝ 45 րոպե երեխան ստիպված է նստել, ու այդպես չորս դասաժամ՝ 45 րոպե», – նշում է Նարինե Մաթևոսյանը։

Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում գործում է ոչ թե ներառական, այլ ինտեգրված կրթության մոդելը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան ինտեգրվում է դպրոցին, կրթություն է ստանում բոլորի հետ միասին, սակայն նրա նկատմամբ կիրառվում է տարբերակված մոտեցում: 

Ըստ կենտրոնի փորձագետների՝ «կրթության որակ» հասկացությունը որևէ կերպ չի առնչվում Հայաստանում ներառական կրթական համակարգի հետ: Բացի վերոնշյալ խնդիրներից,  ուսումնասիրությունը նաև արձանագրում է, որ առարկայական ուսուցիչներն անտարբեր են ներառական կրթության նկատմամբ և բավարար ժամանակ չեն տրամադրում կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխայի հետ աշխատանքին՝ պատճառաբանելով, թե դրանով պետք է զբաղվեն բազմամասնագիտական թիմի ուսուցիչները։ 

Ըստ ուսումնասիրության՝ ընդհանրապես, լրջագույն հիմնախնդիրներից է նման երեխաների կրթական կարիքի նախնական ոչ պատշաճ գնահատումը, ինչին շատ դեպքերում անտարբեր են ինչպես ծնողները, այնպես էլ ուսուցիչները։    

Վերաբերմունք, ռեսուրս և գիտելիք

Հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող երեխաների Երևանի համար 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանը ներառական կրթական համակարգի ներդրման համար երեք բաղադրիչ է առանձնացնում․  

«Ներառական կրթությունը ներդրեցինք՝ չունենալով երեքից ոչ մեկը.  վերաբերմունք, ռեսուրսներ և գիտելիք»,- «Մեդիալաբին» ասում է Եսայանը։

Իսկ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ մեր դպրոցի «օպերացիոն համակարգը» պատրաստ չէր ներառական համակարգին անցմանը. առանց այն էլ ժամանակի ընթացքում վատ սովորող երեխաներն անջատվում էին լավ սովորողներից, գնում, վերջին նստարաններին նստում, ուսուցիչներն էլ աշխատում էին միայն գերազանցիկների հետ։ Այս երևույթն ինքնին հակասում էր որևէ ներառականության։ 

«Ներառական համակարգի ներդրմամբ էլ նոր ֆունկցիա ավելացավ, և այդ հականերառական միջավայրը չէր կարող արդյունավետ գործունեություն ապահովել»,- ընդգծում է Սերոբ Խաչատրյանը։

Ներառականություն ապահովելու առաջին փորձն արած դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը ևս մանկավարժի կարևոր գործոնն է հիշում՝ նրանց մտածելակերպը պետք է փոխել, որպեսզի նրանք մտածեն երեխայի կրթության իրավունքի պաշտպանության մասին։ 

«Ուսուցչի, մանկավարժի գործն է՝ բացահայտել երեխայի կարիքները՝ ինչ դժվարություն ունի, ինչպես պետք է նրան ուսուցանել, ինչի համար հմտություններ են պետք։ Եթե չունի հմտություններ, ընդվզում է։ Հիմա մանկավարժական համալսարանը փորձում է կրթել ուսանողներին, բայց չգիտեմ՝ շրջանավարտները որքանո՞վ են ստանում այդ հմտությունը։ 

Երբ սկսեցի, ինքս որևէ գիտելիք չունեի, «ներառական» բառն էլ կյանքումս լսած չկայի։ Բայց տեսա «Հույսի կամուրջի» թատերական ներկայացումը, որտեղ տարբեր կարիքներ ունեցող երեխաներն էին խաղում, ու  որոշեցի՝ պետք է սոցիալականացնել այս երեխաներին, և սկսեցինք»,- ասում է Անահիտ Բախշյանը։

Երևանի համար 169 դպրոցի երրորդ  դասարանի աշակերտներից է 8-ամյա Նորայրը, դեռ Այբբենարանի տառերն է սովորում։ 

«Էնքան պայծառ երեխա է»,- Նորայրի մասին խոսելիս ժպտում է տնօրեն Մալոյանը։

Երեխան ունի իրեն հատուկ կցված մանկավարժ, որի հետ նստում են փոքրիկ դասասենյակում և մյուս աշակերտներից անջատ՝ կրկին թերթում Այբբենարանը։ Առայժմ երկու տառ է կարողանում կապել իրար, երրորդի դեպքում դժվարանում է արտաբերել։ Գիտի թվերը, հաշվում է, բայց հիշողության հետ կապված խնդիր ունի, անմիջապես հետո մոռանում է։ 

«Էն, որ չէր խոսում ու հիմա խոսում է,  մեզ համար ամենամեծ բանն է»,- ասում է Մինասյանը։ 

Փոխարենը, Նորայրի հատուկ ուշադրությանն են արժանանում մարդկանց հագուստը, դրա գույները, սանրվածքը, «ընկեր Նասիբյանի կոշիկները»։ 

«Նասիբյանին, Օհանյանին սիրում եմ»,- ժպիտը դեմքին ասում է Նորայրը։

Որքան էլ փորձագետները թերահավատ են, դժվարությունները՝ շատ, Երևանի համար 169 դպրոցի տնօրեն Սուսաննա Մալոյանն ուրախ է՝ ներառական կրթության ապահովման հարցում հաջողություններ ունեն։

«Դրսում հիմա որ Սամվելի մայրիկին տեսնում եմ, նրա ուրախությունը, օրհնանքն ու հաճելի խոսքերը՝ երեխան շատ է փոխվել, գիտե՞ք ինձ համար ինչ մեծ բան են: Ես էլ հպարտորեն պատասխանում եմ՝ բա էդքան աշխատանքը հո իզուր չի՞ անցնի: Ավելի եմ ոգևորվում: Մեզ համար կարևոր է նաև ծնողի գիտակցումը,- ասում է տիկին Մալոյանը: – Ինձ համար սա է նաև հաջողությունը»:

Հասմիկ Համբարձումյան

Նկարազարդումները՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am

«Մեդիալաբի» այս եռապատումը մեր հասարակության մեջ դեռեւս առկա սահմանափակ ընկալումների ու կարծրատիպերի հետեւանքների մասին է։ Խնդիրները բարձրաձայնելով՝ ակնկալում ենք ոչ միայն պետության պատասխանատուների, այլեւ հանրության լայն շրջանակի ուշադրությունը՝ գիտակցության ու իրավիճակի որոշակի փոփոխության հասնելու համար։

Կարդացե՛ք այս շարքից նաեւ «Հարազատներս տուն չեն թողնում, ասում են՝ կա՛մ երեխան, կա՛մ մենք». քրեական պատասխանատվություն՝ երեխայից հրաժարվելուն դրդելու համար եւ «Աղջիկ լինի` կհանես, մինչև տղա ունենանք». Սելեկտիվ աբորտների նվազման միտումները հուսադրող, բայց դեռևս մտահոգիչ են հոդվածները: