«Հարազատներս տուն չեն թողնում, ասում են՝ կա՛մ երեխան, կա՛մ մենք». քրեական պատասխանատվություն՝ երեխայից հրաժարվելուն դրդելու համար

«Տանենք թողենք մանկատուն, տեսնենք՝ մի տարվա մեջ թե մարդ դառնա, կվերցնենք»․ այսպես էր արձագանքել վերջերս Երևանի ծննդատներից մեկում ծնված փոքրիկ Ալինայի տատիկը, երբ իմացել էր, որ երեխան Դաունի համախտանիշ ունի։ 

Ալինան Սյունիքի մարզի գյուղերից մեկում ապրող Թորոսյանների ընտանիքի երրորդ երեխան է։ Նրանց առաջնեկը նույնպես առողջական խնդիրներ ունի, և այդ պատճառով էլ տատիկը ծնողներին պարտադրել էր չբերել երեխային տուն, տանել մանկատուն, հրաժարվել նրանից։ 

Երեխայի 38-ամյա մայրը հուսահատ էր՝ Դաունի համախտանիշի մասին ոչինչ չգիտեր, իսկ երեխային պահելու վախը հանգիստ չէր տալիս նրան։ Ծնողները չէին պատկերացնում՝ ինչ է սպասում իրենց։

«Չէի սպասում նման բան, շատ ծանր էր մեզ համար, չգիտեինք՝ գյուղում ոնց կընդունեն»,- կցկտուր խոսում է մայրը։

Ալինայի պատմությունը, սակայն, երջանիկ ավարտ ունեցավ․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Բարի մամա» բարեգործական կազմակերպության մասնագետների հետ զրույցից հետո  երեխայի ծնողների որոշումն այլ էր։ Մասնագետները նրանց բացատրել էին, թե ինչ է Դաունի համախտանիշը, որ այն դատավճիռ չէ, և որ երեխան ծնողների կարիքը շատ ունի։  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանի խոսքով՝ մասնագետների հետ զրուցելուց հետո սովորաբար մայրերը հետ են կանգնում երեխային մանկատուն հանձնելու մտքից, երբ խնդրի մասին  հստակ տեղեկացվում են, հասկանում, թե որն է էությունը։ 

«Երբ ծնողները հասկանում են, որ երեխան ունի մի փոքր առանձնահատկություն, հետ են կանգնում նրան թողնելու մտքից։ Իսկ  առանձնահատկություն բոլորս էլ ունենք»,- «Մեդիալաբին» ասում է Անահիտ Քալանթարյանը։

«Մեզ հաջողվեց ծնողներին համոզել՝ երեխային տուն տանել, սեր տալ նրան, քանի որ նրան ծնողական սերը շատ է անհրաժեշտ։ Աննկարագրելի զգացողություն էր, երբ  մեր թիմից առավել, նախարարությունն իր ողջ ուժով պայքարում էր երեխայի՝ ընտանիքում ապրելու համար»,-պատմում է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության նախագահ Մարինե Ադուլյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մանուկ» տեղեկատվական համակարգում են հաշվառվում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված 0-1 տարեկան առողջական խնդիրներ ունեցող երեխաները, որոնցից ծնողները հրաժարվում են ամենատարբեր պատճառներով։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն՝  2018-ին Հայաստանում ծնողները հրաժարվել են 33 երեխայից, 2019-ին՝ 34, իսկ 2020-ի մինչև մարտի 2-ը՝ միայն մեկ երեխայից։ 

2014-ից ոլորտում գործունեություն ծավալող «Բարի մամա» կազմակերպությունը սեփական վիճակագրությունն է վարում: Կազմակերպության նախագահ Մարինե Ադուլյանը նշում է, որ երեխայից հրաժարվողների թիվը վերջին տարիներին կրկնակի նվազել է:

Նա նշում է, որ եթե կազմակերպության ստեղծման առաջին տարիներին  տարեկան ծնողները լքում էին 70-80 երեխա, ապա այժմ այդ թիվը նվազել է՝ հասնելով 35-40-ի։ Դրական տեղաշարժում կարևորում է պետության և հասարակական կազմակերպությունների հաջող համագործակցությունը, ինչպես նաև երեխային կենսաբանական ընտանիքում պահելու պետական քաղաքականությունը: Շեշտում է, որ վիճակագրության մեջ ամենալուսավոր կետը իրենց համար շուրջ 150 երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձնելն է: 

«Երբ երեխան վերադառնում է ընտանիք, այնպես չէ, որ նրան մոռանում ենք և կտրում կապը։ Հետևում ենք, զանգում ենք, հետաքրքրվում ենք՝ ինչ խնդիրներ ունեն։ Հուսով եմ՝ սոցիալական ինստիտուտը մեր երկրում կզարգանա, և այդ ընտանիքները մեր կարիքը չեն ունենա»,- ասում է Ադուլյանը:

Այսօր արդեն, «Բարի մամա»-ից զատ,  կազմակերպությունը հիմնել է նաև «Բարի տնակ»  ներառական կենտրոնը: Կենտրոնի գույնզգույն սենյակներում ապրում և աջակցություն են ստանում ոչ միայն հաշմանդամություն, այլև սոցիալական, հոգեբանական աջակցության կարիք ունեցողները:

Ինչո՞ւ են հրաժարվում հաշմանդամություն ունեցող երեխայից

Ինչպե՞ս է պատահում, որ ծնողները լքում են հաշմանդամություն ունեցող նորածիններին, ովքե՞ր են նրանք, ովքե՞ր կամ ի՞նչն է դրդում մայրերին հրաժարվել իրենց երեխաներից։ 

Դեպքերը և իրավիճակները տարբեր են, հանգուցալուծումներն ու երեխաների ճակատագրերը՝ ևս: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաձայն, այս ոլորտում ուսումնասիրություն չկա, որի վրա հիմնվելով կարելի է փաստարկված պատճառներ և թվեր ներկայացնել ծնողի՝ երեխայից հրաժարվելու մասին: 

Սակայն, ի տարբերություն պետական ատյանների, ոլորտում գործող «Բարի մաման» ուսումնասիրել է պատճառները, և պնդում են. հաշմանդամություն ունեցող երեխայից ծնողները հրաժարվում են հոգեբանական աջակցություն չստանալու,  իրենց խնդիրները միայնակ լուծելու անկարողության զգացողության պատճառով։

Ինչպես ցույց են տալիս Հայաստանում վերջին տարիներին առնվազն մի քանի աղմկահարույց դեպքերը, մայրերին ոչ հազվադեպ  նման քայլի դրդողը հարազատներն են կամ բուժաշխատողները: 

Կարծրացած հասարակական կարծիքը ևս մեծ դեր է խաղում, որ մայրը հրաժարվի խնդիրներով ծնված նորածնից: 

«Պատկերացրեք՝ ծնողն ունենում է երեխա, որն իր երազած, ասենք, տեսքը չի ունենում։ Սկսվում է տանջալից մի փուլ՝ ինչո՞ւ պետք է ինքն անցնի այդքան խնդիրների միջով։ Ու հենց այդ պահին է, որ պետք է շատ զգույշ լինել խոսքերի, բառերի ընտրության հարցում։ Առավել զգուշավորություն է պահանջվում  բուժանձնակազմից, քանի որ հաճախ է պատահում, որ բժիշկները սկսում են խորհուրդ տալ ծնողին՝ լքե՛ք, հետո ավելի լավը կունենաք»,- ասում է Մարինա Ադուլյանը։

Առանց ձեռքի թաթիկների ու առանց ոտնաթաթի ծնված 5-ամյա Գագիկին (անունը փոխված է-հեղ․) ծնողները դեռ 2014-ին լքել էին՝ հենց բուժանձնակազմի հորդորով, հոգեբանական ծանր, ճնշված վիճակում։ 

Բժիշկները թերացել էին՝ հղիության ընթացքում չհայտնաբերելով երեխայի ֆիզիկական խնդիրները։  Արդեն ծննդաբերությունից հետո մայրը, տեղի տալով երեխայից հրաժարվելու հորդորներին, թողել էր նրան։ Ծնողները մեկնել էին  Ռուսաստանի Դաշնություն՝ բուժման։ Գագիկը մնացել էր մանկատանը։ 

Հենց այդ ժամանակ էլ ստեղծվում է «Բարի մամա» կազմակերպությունը՝ Մարինա Ադուլյանի ու մի խումբ կանանց ջանքերով։ Ու երեխային լքելուց մեկ տարի անց՝ 2015-ին, Մարինայի և մյուսների օգնությամբ Հայաստան վերադարձած ծնողները Գագիկին կարողանում են հետ վերցնել մանկատնից։  

«Վերջապես ամեն ինչ ընկավ տեղը, փոքրիկը վերադարձավ ընտանիք: Երբ երեխան ծնվել էր, ու երբ ծնողներին այդքան կարևոր էր զգալ, որ իրենք միայնակ չեն և կարող են հաղթահարել այս փորձությունը, օգնելու փոխարեն բժիշկները հորդորել էին՝ թողնել երեխային, քանի որ  չեն կարող հոգ տանել փոքրիկի մասին:

Մայրիկն անգիտակից վիճակում էր, հայրիկն  անզորությունից իրեն կորցրել էր, իսկ Հիպոկրատի երդում տված մարդիկ հորդորել էին՝ գնալ ամենավատ քայլին: 

This image has an empty alt attribute; its file name is fdcfv.jpg

Ցավոք, սա է հայ իրականությունը: Եվ մանկատներում հայտնված երեխաների դառը ճակատագրի հարցում իրենց մեղքի բաժինն ունենում են նաև բուժաշխատողները»,- «Մեդիալաբին» ասում է  Մարինա Ադուլյանը:

Գագիկն այսօր մեծանում է ծնողների հետ, որոնք կիսում են երեխայի հաջողությունների րոպեները՝ նրան սեր ու քնքշանք տալով: Մարինան նշում է, որ հաճախ են Գագիկի հայրիկից տեսանյութեր ստանում, որում հնգամյա տղան թռչկոտում է, խաղում, զրնգուն ծիծաղով ուրախացնում ծնողներին: 

Քրեական պատիժ՝ երեխայից հրաժարվելուն դրդելու համար

2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, որի համաձայն՝ ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար պատիժը կխստացվի՝ ընդհուպ մինչև ազատազրկում: Նախագիծը փետրվարին արդեն արժանացել է Կառավարության հավանությանը  և ուղարկվել  խորհրդարան։

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները հայտարարել է, որ անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար:

Նա նաև նշել է, որ քիչ չեն քաղաքացիների հայտարարություններն այն մասին, որ առողջական խնդիրներ (հատկապես Դաունի համախտանիշ) ունեցող նորածինների ծնողներին, հատկապես մայրերին, վիճակի խոցելիությունից օգտվելով կամ խաբեությամբ, հորդորում կամ որևէ կերպ հարկադրում են հրաժարվել ծնողական իրավունքներից։ 

«Այդպիսի գործողությունները սպառնում են երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքին, հակասում են ընտանիքի ամրապնդման պետական քաղաքականությանը, ընտանիքի բոլոր անդամների փոխօգնության և միմյանց նկատմամբ ունեցած պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին»,- նշել է Բաթոյանը:

Երեխայից հրաժարվելու կանխարգելման քաղաքականության շրջանակներում դեռևս 2019-ին ապրիլին եռակողմ հուշագիր է կնքվել ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և «Բարի մամա» հասարակական կազմակերպության միջև։ 

Նպատակն առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելն է, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։ Հուշագրի շրջանակներում նախատեսվում է նաև բուժաշխատողների վերապատրաստում իրականացնել, ինչը հնարավորություն կտա բացառել հիվանդությունների պատճառով մանկալքությանը դրդելու քայլերը։ 

This image has an empty alt attribute; its file name is fgjfghdfhdg.jpg

Փաստաթուղթը ենթադրում է նաև ծննդատներում հոգեբաններ ունենալ, որոնք կաշխատեն ինչպես ծննդկանների, այնպես էլ հարազատների հետ՝ հիվանդությունների պատճառով մանկալքությունը կանխարգելելու նպատակով։ 

Նախատեսվում էր, որ ՀԿ-ների հետ համատեղ 2020 թվականից կանխարգելման նման քայլեր կիրականացվեն նաև հանրապետության մարզերում։  

Այս նախաձեռնության շրջանակներում, նախարարությունը նաև հանրապետության 26 խոշոր բնակավայրերում ցերեկային կենտրոններ է բացել՝ աջակցելու նման ընտանիքներին, նախատեսվում է շուտով բացել ևս 4-ը։

«Որոշակի խնդիրներ ունեցող երեխաներն այդ կենտրոններում կարող են մասնագիտական օգնություն ստանալ։ Դրանք նաև շարժական բաղադրիչ կունենան և կարիքի դեպքում՝ կհասնեն երեխային»,- ներկայացնում է Անահիտ  Քալանթարյանը՝ շեշտելով, որ մասնագիտական օգնություն կարող է լինել նաև սոցիալական բաղադրիչով։ 

Երեխային տուն վերադարձրած ընտանիքին պետությունն աջակցում է՝ մեկ տարի յուրաքանչյուր ամիս տրամադրելով փոքրիկի տարիքին համապատասխան սննդային զամբյուղ, փոխհատուցում է էլեկտրաէներգիայի գումարը։

«Բարի մամա»-ի ղեկավար Մարինա Ադուլյանը, սակայն, նշում է հատկապես հեռավոր մարզերում առկա լուրջ խնդրի մասին. հանրությունն առաջնորդվում է այն կարծրատիպով,  որ հաշմանդամություն ունեցող երեխան հիվանդ մարդ է, ու ամաչում են նրան պահել։ 

«Որքան էլ  իրազեկման արշավներ ենք իրականացնում  հաշմանդամության խնդիրների, ներառականության անհրաժեշտության վերաբերյալ, միևնույն է,  ասում են՝ չեն ուզում տանը հիվանդ երեխա լինի, քանի որ ամաչում են բարեկամներից, հարևաններից»,- նշում է «Բարի մամա»-ի ղեկավարը։

45-ամյա Կարինեն, նորածին որդու հետ, երկար ժամանակ է՝ «Բարի տնակում» է ապրում։ Երեխան նրա երրորդ որդին է, Դաունի համախտանիշ ունի։ Հայրն անազատության մեջ է, և ընտանիքի մյուս անդամները չեն ցանկանում  ընդունել Կարինեին՝ իր սիրելի փոքրիկի հետ։ 

«Հարազատներս տուն չեն թողնում, կանգնեցրել են ընտրության առջև՝ երեխան կամ մենք։ Ամուսինս էլ հեռվից չի կարողանում մեզ օգնել»,-«Մեդիալաբին» պատմում  է Կարինեն,-ես հայտնվել եմ բարդ վիճակում, մերժված ենք, բայց չեմ հրաժարվելու բալիկիցս, ինչ էլ ուզում է ասեն, ինքս եմ մեծացնելու իմ փոքրիկ հրաշքին»։

Հասմիկ Համբարձումյան 

Նկարազարդումները՝ Վահե Ներսեսյան

MediaLab.am

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: