Փաշինյանը իր հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է համարում

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ և այս ժամանակը ծանրանում է  նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր նույնիսկ այս ծանր ժամանակներում։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին ասաց կառավարության նիստի սկզբում:

«Բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը։ Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։ Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, արտաքին ու ներքին անվտանգության ու կայունության ապահովումը և նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն է։

«Եվ մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացված լինեն այս խնդրի լուծման վրա։ Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն 2 միջոցառում է ընդունել՝ բավական մասշտաբային։ Այդ միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը՝ Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ»,- ասաց վարչապետը: