«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հայտարարությունը․

«Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով: Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում: Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն:

Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով:Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ:

Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով: Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:

Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»։