Մեր կողքին ապրող մարդիկ. Աննան 

Աննա Փիքալթը Ֆրանսիայի Բրետան քաղաքից Հայաստան է եկել Գյումրիում կամավորություն անելու: Նա չի փնտրել Հայաստանը. այս երկիրն է նրան գտել: Մի անգամ լաբորատորիայում, որտեղ աշխատում էր, նմուշառումներ էին վերցրել տեղական հայկական մեղվից, ու թեև սա գիտական մակարդակում արված ուսումնասիրություն չէր, բայց «բոլոր մեղուները հուշում էին», որ հաջորդ կանգառը Հայաստանն է: 

23-ամյա աղջիկը սովորում է Փարիզի ազգային բնության պատմության թանգարանում, ուսումնասիրում է մարդու և շրջակա միջավայրի փոխհարաբերությունները և պաշտում մեղվաբուծությունը: 

– Ես որոշեցի մինչև մագիստրատուրան երկու տարվա ընդմիջում անել, ուզում էի դադար տալ և ավելի բովանդակալից ու ազդեցիկ մի բանով զբաղվել: Ֆրանսիայում քաղաքացիական ծառայության մի ծրագրի և Հայկական կամավորական կորպուսի (AVC) միջոցով իմացա, որ կարող եմ այստեղ՝ Հայաստանում, շրջակա միջավայրի վերաբերյալ ուսումնասիրություն կատարել: 

Նա եկավ ձմռանը, մի քանի ժամ մնաց Երևանում և ուղևորվեց Գյումրի՝ Հայաստանի տեղական մեղվի նմուշառում վերցնելու համար: Ի սկզբանե առաքելությունն էր օգնել Գյումրիում հայտնի Արսենին՝ փոքրիկ զվարճալի փայտե տիկնիկների հիմնադրին, ինչպես նաև աշխատել «Էմիլի Արեգակ» կենտրոնում (սրճարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, ինչպես նաև՝ նրանց ծնողները): 

– Ես եկել եմ բացահայտելու Հայաստանը, ժողովրդին, մշակույթը, սնունդը, երգերը, պարերը, հրաշալի բնապատկերներն ու հուշարձանները, վերջապես սովորելու այն լեզուն, որով ես հիմա մի քիչ կարող եմ խոսել: Էլ ավելի խորը մակարդակում դիտարկելու դեպքում, կասեմ, որ ուզում էի տարբեր տեսակի մասնագիտական ​​փորձառություններ ապրել՝ ճշտելու իմ ճանապարհը, խելամտորեն ընտրելու, թե ինչ կդառնամ, ինչ կանեմ կյանքում: 

Աննան նշում է, որ Ֆրանսիայի դպրոցներում Հայաստանի պատմությանը չեն անդրադառնում, բացառությամբ՝ Հայոց ցեղասպանության: Հենց դա է պատճառը, որ մեր երկիր ոտք դնելիս գրեթե ոչինչ չգիտեր, բացի աչքի տակ անցկացրած որոշ տեսանյութերից ու կարդացած կարճ հոդվածներից: Երբ օդանավը վայրէջք կատարեց, «Զվարթնոցից» մինչև Հանրապետության հրապարակ Աննան իրեն անդադար հարցնում էր՝ ինչո՞ւ եմ եկել այս երկիր, որտեղ եղանակն ամպամած է, ամենուր պոլիէթիլենային տոպրակներ են, երթուղայինները՝ լիքը… Հետո մտածեց՝ առաջին րոպեները ոչինչ են երկրի մասին դատողություններ անելու համար, պետք է հաղթահարել մշակութային շոկն ու փորձել բացահայտել սեփական փորձով: Որքան ակնթարթորեն եկավ մտավախությունը, այնքան էլ ակնթարթորեն էլ հեռացավ Աննայից, քանի որ նա սիրեց Հայաստանը: 

– Հայաստանի հյուրընկալ ժողովուրդն ինձ այնքան օգնեց, որ այստեղ ինձ հանգիստ զգամ, որ չեմ կարող չգնահատել: Ինձ համար Գյումրիից լավ տեղ չկա, ես գալիս եմ Երևան բավական հաճախ, սիրում եմ լինել մայրաքաղաքում, բայց այն ինձ ամեն անգամ ասես ակնարկում է, որ Գյումրին մի փորձառություն է, որը ոչ մի բանի հետ չպետք է փոխել: 

Աննան դժվարանում է նկարագրել, թե ինչ ապրումներ ուներ Գյումրիում գտնվելու առաջին ամիսներին: Նա իրեն այնքան հանգիստ ու խաղաղ էր զգում, որ դա նույնիսկ վախեցնող էր: Ասում է՝ «Գյումրիում ճարտարապետությունը թույլ է տալիս տեսնել երկինքը», ու սա այս քաղաքի մասին երբևէ լսածս ամենագեղեցիկ հաճոյախոսությունն է: 

– Գյումրին «գերարվեստ» է. կան բազմաթիվ արվեստի ստուդիաներ, տարբեր տեսակի արհեստանոցներ: Տեմպն այստեղ իսկապես հանգիստ է, ինչ-որ կերպ գյուղական միջավայրին բնորոշ հանգիստ, ինչն այնքան հաճելի է դարձնում քաղաքում ապրելը: 

Որպես ֆրանսիացի կամավոր Հայաստանում՝ որոշեց նախ հարմարվել վարքուբարքին, անսովոր ռիթմին, մարդկանց բնությանը: Գյումրին նրան ստիպեց մտածել, թե ինչպես պետք է հագնվել, հարմարվել գիշերը քաղաքում թափառելու ժամանակ ուղեկցող հարցական հայացքներին և այլն: Բայց հասցրել է լավ սովորություններ ձևավորել, օրինակ՝ հաճախել մարզասրահ, երբեմն էլ՝ մարզվել 58-ի վերջում (թաղամաս Գյումրիում): 

Մեր երկրում Աննայի համար ամենաբարդ մարտահրավերը… դե իհարկե՝ հայերենը: Մինչև Հայաստան գալը լեզվին չէր տիրապետում ու երբ գնաց Գյումրի, հասկացավ, որ լեզու չիմանալը մեկ այլ խոչընդոտ է եկվորի համար՝ երբ չգիտես լեզուն, ամեն բան քեզ ավելի օտար է դառնում. դա տհաճ զգացողություն է: 

– Այժմ ես կարող եմ կարդալ հայերեն, խոսել խիստ բազային մակարդակում և շատ շնորհակալ եմ իմ ուսուցչին, ինչպես նաև՝ հյուրընկալող մայրիկին՝ ինձ այս հարցում շա՜տ օգնելու համար: 

Ի դեպ, Աննան ամեն առավոտ արթնանում է 8:40-ին, հյուրընկալ մոր հետ նախաճաշում և տնից դուրս գալիս՝ խցկվելու 22 համար մարշրուտկայում՝ երթուղայինում: Նա երեք տեղ է աշխատում և ամեն աշխատավայրում մյուսից ամբողջությամբ տարբեր գործեր է անում՝ մի տեղ կերամիկա է պատրաստում, մի տեղ օգնում հաշմանդամություն ունեցող մարդկանց, մի տեղ տիկնիկ սարքում: 

– Երեկոյան սիրում եմ ընկերներիս հետ բար գնալ, զրուցել և, ցավոք, նկատել եմ, որ մի կարծրատիպ կա՝ եթե երեկոյան ուշ ժամի ընկերներիդ հետ հաճախ ես խնջույքների լինում, թեթևաբարո ես համարվում: Այս մեկ փոքրիկ դրվագը հասարակ ապացույց է այն բանի, թե ինչպիսին է եվրոպացի կանանց կյանքի ռիթմը և այստեղի:

Չնայած բարդություններին, երբեմն չհասկանալուն այս երկրի վերաբերմունքը տարբեր երևույթների նկատմամբ, Աննան այստեղ իրեն լավ է զգում, խենթանում է հատկապես բնաշխարհի համար, որտեղ այնքան վայրի ծաղիկներ կան, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի, որտեղ հոգիդ թեթևանում է, լցվում օդի մեջ ու սկսում ճախրել ազատ: 

-Այստեղի հյուրասիրությունը ես անվանում եմ լեգենդար: Մի օր հայերենի ամենշաբաթյա դասերից հետո ես ու ընկերներս գնում էինք ԹՈՒՄՈ-ի այգի զբոսնելու և տեսնելու մեր աճեցրած ծառը՝ Ֆատուշին: Այնուհետև շարունակեցինք քայլել և հայտնվեցինք մի փոքրիկ բլրի վրա, որտեղ գերեզմանոցից խաչեր էին երևում: Հանկարծ ներքևից մի ձայն լսեցինք. մայր ու աղջիկ էին, մեզ հրավիրեցին իրենց տուն սուրճ խմելու։ Գնացինք, ու սկսվեց քաղցրավենիքի, մրգերի և տորթերի անվերջ շքերթ: 

Մի քանի հայկական պար պարելուց, մեկ ժամ զրուցելուց հետո գնացին։ Այս դրվագը սյուրռեալիստական ​​և կախարդական է թվում Աննայի համար: Լեզվի դժվարությունը, այո՛, խոչընդոտ է շփման մեջ, սակայն երբ զգում ես, թե ինչպես են մարդիկ ջանում քեզ համար ապահովության զգացում ստեղծել, լեզուն դառնում է երկրորդական: 

– Ես միշտ ցանկացել եմ բացահայտել իմ գեղարվեստական ​​կողմը, և Հայաստանն ինձ տվեց այս հնարավորությունը: 

Ինչի՞ մասին է Հայաստանը: Մեկն ընտրելը շատ դժվար է: Նրա միտքն արդեն լի է զարմանալի հիշողություններով այն հրաշալի մարդկանց մասին, որոնց հանդիպել է այստեղ: Բայց, ամեն դեպքում, կա մի պատմություն, որն ամենից շատ է սիրտը լցնում ջերմությամբ: 

– Գյումրու սրճարանում հանդիպեցի մի տղամարդու, սկսեցինք խոսել, հետո նրան ասացի, որ փնտրում եմ մեղուներ և մեղվաբույծներ: Ի զարմանս ինձ՝ նա ասաց, որ իր հայրը մի քանի մեղվափեթակներ ունի, և որ ես կարող եմ տեսնել դրանք։ Այսպիսով, կիրակի օրը ես նրա և ընկերներիցս մեկի հետ գնացի նրա հայրական տուն։ Նա մեզ ցույց տվեց փեթակները և այն գործիքները, որոնք օգտագործում էր մեղվաբուծության համար: Բայց, իհարկե, դրանով չսահմանափակվեց: Մենք ամբողջ կեսօրն ու ընթրիքը մնացինք այս գյուղում, որովհետև մայրն ու մորաքույրը շարունակ մեզ կերակրում էին համեղ տնական ուտելիքներով և քաղցրավենիքով: Եվ հետո նրանք մեզ տարան գյուղով մեկ շրջագայության՝ հին եկեղեցի և լեգենդար խոռոչ ժայռի մոտ, որը մենք պետք է բառացիորեն անցնեինք: Այնքան զվարճալի օր էր, ես այնքան ապշած և միևնույն ժամանակ հիացած էի հայկական հյուրընկալությամբ, որ ուղղակի չկարողացա մոռանալ այս պահը:

Աննան շուտով գնում է Հայաստանից, և ես մտածում եմ, որ եթե ամեն անգամ մեր երկիր գալուց հետո գոնե մեկը պատմի մեր մասին իր երկրում, պատմության դասագրքերում չհայտնվելը այնքան էլ մեծ խոչընդոտ չի լինի: Ես հավատում եմ, որ Աննայի հիշողությունները քաղցր են այնքան, որքան հայկական մեղվի թռիչքով ու հայ մարդու ձեռքով ստեղծված մեղրը: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am