Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն (ՀՌԱՀ) այսօր` մայիսի 11-ին, իր նիստում որոշեց 1 մլն. դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել «Կենտրոն» հեռուստաընկերությանը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն:
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի հաղորդմամբ, տուգանելու պատճառը նախընտրական քարոզարշավի համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելն է:
Մասնավորապես, որ ընտրությունների օրը` մայիսի 6-ին, «Կենտրոն» հեռուստաալիքի «Էպիկենտրոն» հաղորդման ժամանակ, ժամը 16:50-17:00-ի սահմաններում, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կոչ է արել մասնակցել ընտրություններին եւ որեւէ դեպքում ձայն չտալ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին:
«Մուլտիմեդիա-Կենտրոն Թիվի» ՓԲԸ ներկայացուցիչը` իրավաբան Արա Սաղումյանն առարկել է, որ հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակել է մամուլի ասուլիսը, որի ընթացքում հնչել է Զուրաբյանի խոսքը:
Ամալյանն էլ ընդգծել է, որ նույնիսկ ուղիղ եթերի դեպքում բանախոսներին պետք է տեղյակ պահեին, որ չի կարելի քարոզչական բնույթի տեղեկատվություն տարածել: Նրա խոսքով, այն, որ այդ պահին էկրանին երեւացել է «ուղիղ եթեր» արտահայտությունը, կարող է ընդամենը մեղմացուցիչ հանգամանք լինել:
Որոշումը կարելի է բողոքարկել ՀՀ Վարչական դատարանում` այն ուժի մեջ մտնելու պահից` 15-օրյա ժամկետում:
© Medialab.am