Ստամբուլում փողոցային սննդից թունավորման հետևանքով Գերմանիայից ժամանած ընտանիքի երկու երեխաներ մահացել են

Գերմանիայից Ստամբուլ ժամանած ընտանիքի հանգիստը ավարտվել է ողբերգությամբ։ Ընտանիքի չորս անդամները թունավորվել են փողոցային սննդից, և երեք ու վեց տարեկան երեխաներին փրկել չի հաջողվել։

Ըստ տեղական մամուլի՝ Սերվեթ և Չիղդեմ Բյոչեքները իրենց երեխաների՝ վեցամյա Քադիր Մուհամմեդի և երեքամյա Մասալ Բյոչեքի հետ Ստամբուլ էին մեկնել նոյեմբերի 9-ին և բնակվել Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցում։

Նոյեմբերի 11-ին ընտանիքը Օրտաքյոյում փողոցային վաճառողից ձեռք էր բերել միդիա, ապա սնվել էր տեղական մի սրճարանում։ Հաջորդ օրը նրանք դիմել են հիվանդանոց՝ սրտխառնոցի և փսխման գանգատներով։ Բուժումից հետո դուրս են գրվել և վերադարձել հյուրանոց։

Նույն գիշեր մայրը նկատել է, որ երեք տարեկան դուստրը անշարժ է։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը ընտանիքին կրկին տեղափոխել է հիվանդանոց, սակայն երկու երեխաներն էլ մահացել են։ Հայրը ինտուբացվել է, իսկ մայրը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկանությունը ստացել է հյուրանոցի տեսախցիկների ձայնագրությունները և հարցաքննել մի քանի վկաների։

Ստամբուլի առողջապահության վարչության ղեկավար Աբդուլլա Էմրե Գյուները հայտնել է, որ միջադեպի վերաբերյալ սկսվել է պաշտոնական հետաքննություն․
«Չհաջողվեց փրկել վեց և երեք տարեկան երեխաներին՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելուց հետո։ Մոր և հոր բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սկսվել է դեպքի հանգամանքների պարզումը»։

Թուրքական իշխանությունները շարունակում են հետաքննել սննդից թունավորման պատճառները։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը: