Հայաստանը կարող է անցնել ասիմպտոմ հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը

Կառավարության նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կոնորավիրուսով վարակման դեպքերի աճի տեմպերին և նշեց, որ վերջին օրվա ընթացքում վարակման ռեկորդային թիվ է արձանագրվել՝ 134 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարը նշեց, որ ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2066-ի, բուժվածները՝ 929-ն են, այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ է 1103 քաղաքացի:

«Դժբախտաբար, ունեցել ենք մահվան երկու դեպք, այսինքն՝ ընդհանուր մահերի թիվը կազմում է 32, արհեստական շնչառության սարքերին միացված այս պահին ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59: Իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում, հավանաբար, շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին կամ թեթև դեպքերով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը»,- ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ մոտեցումն այնպիսին է, որ այդ օրը փորձելու են առավելագույնս ձգել, քանի որ դա ապագայում բերելու է տարածման: «Ենթադրում ենք, որ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել՝ չնայած այս 134-ի մեջ եղել են իրար շատ փոխկապակցված անձինք։ Մի դեպք ունենք, որից միշտ փորձել ենք խուսափել, հուղարկավորության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել»,- ասաց Թորոսյանը՝ կոչ անելով բոլորին, որ նման արարողություններին փոքրաթիվ մարդիկ մասնակցեն և չհամարեն, որ վտանգն ամբողջությամբ անցել է: