Սուբվենեցիոն ծրագրերով ճանապարհաշինարարական աշխատանքների որակը կբարձրանա

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ  իրականացրեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպելու համար: 

Ըստ այդմ՝ նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը, ապահովել համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը:

Ըստ հիմնավորման, հաշվի առնելով նախորդ տարվա ընթացում իրականացված համայնքների ճանապարհների նորոգման և հիմնանորոգման աշխատանքների որակը և կարևորելով ճանապարհաշինության որակի ապահովումը, ինչպես նաև պետական և համայնքային միջոցների արդյունավետ օգտագործումը՝ առաջարկվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման շրջանակում յուրաքանչյուր մարզի տարածքում նախատեսվող մինչև 150,0 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման աշխատանքները համախմբել մեկ չափաբաժնում և դրանց նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման համար Գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան` գնման գործընթացները կազմակերպել համապատասխան մարզպետարանի կողմից՝ համապատասխան համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով COVID 19-ի վիրուսի տարածման վտանգի կանխարգելման նպատակով արտակարգ իրավիճակը, առաջարկվում է համապատասխան որոշմամբ սահմանված սուբվենցիայի փաթեթների ներկայացման վերջնաժամկետները երկարաձգել: Մասնավորապես՝ համայնքները 2020թ. սուբվենցիայի ամբողջական փաթեթները կներկայացնեն մարզպետարաններ մինչև մայիսի 26-ը, մարզպետարանները ամբողջական փաթեթները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կներկայացնեն մինչև հունիսի 1-ը, հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը կքննարկվեն մինչև հուլիսի 20-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը սուբվենցիոն ծրագրերի գնումների գործընթացն ավելի խոշոր լոտերով իրականացնելու մասին է: «Փորձել ենք գտնել մի ինչ-որ տրամաբանական շրջանակ, որի սահմաններում այս գնումները պետք է իրականացվեն միասնական ձևաչափով մարզպետարանների կողմից: Կարծում եմ՝ սա էականորեն կբարելավի ճանապարհաշինարարական աշխատանքների որակը»,-ասաց փոխվարչապետը: