Որևէ ուժ ժողովրդի ներկայացուցչին չի կարող կաշկանդել ԼՂ բանակցությունների սեղանի շուրջ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ նստած է այն անձը, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին։ Հայաստանյան որևէ ուժ, վարչապետի հավաստիացմամբ, չի կարող կաշկանդել ժողովրդի շահերը ներկայացնողին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանի խոսեց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նա նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափի մասին բազմիցս արտահայտել է իր կարծիքը՝ Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ էական և կարևոր է։

«Ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել։ Բանակցային սեղանի շուրջ կարող են հնչեցվել ամենաընդունելիից ամենաանընդունելի գաղափարներ, ու ի՞նչ, ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծել, այնքան կաշկանդել, որ ՀՀ ներկայացուցիչներն ականջները փակե՞ն կամ թողնեն փախնե՞ն բանակցությունների սեղանի մոտից, սա ի՞նչ մոտեցում է»,- նկատեց վարչապետը և կրկնեց՝ ոչ մի ուժ չի կարող իրենց կաշկանդել։

Փաշինյանը շեշտեց, որ որևէ որոշում կայացնելուց առաջ պետք է խոսել Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների, խորհրդարանների, ժողովրդի հետ։

«Ես Արցախի հարցի կարգավորման այնպիսի հրապարակային պայման եմ կապել մեր ժողովրդի հետ, որ որևէ շահարկման տեղ չի կարող լինել։ Ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, այսօր բանակցությունների սեղանի շուրջ նստած անձը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ ինքը չի պատկերացրում մի լուծում, որը կլինի առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։