Տղայական խաղեր.Արամ Աբրահամյան

Երեկ ինձ մի կին էր մոտեցել, որի որդին մահացել էր Ղարաբաղում: Ինչպես միշտ, պաշտոնական վարկածը ինքնասպանությունն էր, եւ, ինչպես միշտ, մայրը վստահ է, որ նրան սպանել են: Կոնկրետ իմ «մեղքը» նրանում էր, որ ես ջերմությամբ եմ խոսում ղարաբաղցիների մասին: Կինն իր կարծիքն արտահայտեց այդ երկրամասի բնակիչների վերաբերյալ, որը ես այստեղ չեմ վերարտադրի, եւ որի հետ ես համաձայն չեմ: Ցավոք, ես չէի կարող իմ զրուցակցին ասել, թե մեզ մոտ երբեք չի լինում, որ բանակում սպանությունը կոծկվի եւ ներկայացվի որպես ինքնասպանություն, կամ՝ որ դատարանը, որը քննելու է այդ գործը, անաչառ կլինի եւ մեղավորներին կպատժի: Չէի կարող, որովհետեւ սովորություն չունեմ ասելու այն, ինչին բացարձակապես չեմ հավատում:

Նույնը չեմ կարող ասել նաեւ Տիգրան Առաքելյանի եւ երեք դատապարտված այլ տղաների ծնողներին, չնայած ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները, մեղմ ասած, իմ «աչքի լույսը» չեն: Միայն խիղճը վերջնականապես կորցրած եւ ցինիզմի մեջ թաթախված մարդը կարող է պնդել, որ Տիգրան Առաքելյանն այնպիսի մի սարսափելի հարձակում է գործել ոստիկանի վրա, որ արժանի է վեց տարվա ազատազրկման: Այս գործը նախեւառաջ վկայում է մեր ոստիկանների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, քանի որ նրանք ի վիճակի չեն իրենց եւ քաղաքացիների միջեւ առաջացած վեճը դադարեցնել խաղաղ, բայց վճռական գործողություններով: Կոնֆլիկտի ժամանակ նրանք ընկնում են տղայական «թասիբի» հետեւից՝ մոռանալով, որ իրենք պետության ներկայացուցիչ են:

Երկրորդ եւ ամենակարեւոր խնդիրն այն է, որ ժողովրդավարության եւ օրինականության ամենակարեւոր խոչընդոտը դատական համակարգի կախյալ կարգավիճակն է: Ի դեպ, այդ կարգավիճակը «երաշխավորվում է» Սահմանադրությամբ, քանի որ դատավորներին նշանակում է ՀՀ նախագահը:

Ի՞նչ է նշանակում դատավճիռ ընդունել ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Չէ՞ որ ոստիկանը ենթակա է իր հրամանատարին, եւ եթե վերջինս կարգադրի ցուցմունք տալ, որ Տիգրան Առաքելյանը Կարապի լիճ է իջել թռչող ափսեով, ոստիկանը, առանց աչքը թարթելու, այդ ցուցմունքը կտա: Այս առումով՝ տվյալ գործը միջազգային իրավունքի տեսանկյունից չափազանց խոցելի է. եթե այն հասնի Եվրադատարան, ապա ենթադրում եմ, որ մենք՝ հարկատուներս, ստիպված կլինենք հերթական անգամ վճարել դատավորների սխալների համար:

Քաղաքական հռետորաբանությունը՝ ռեժիմի, ավազակապետության եւ քաղաքական հետապնդումների մասին, ինձ առանձնապես չի հետաքրքրում: Ոստիկանությունը ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է գործ սարքում քաղաքացիների նկատմամբ: Դատարանը նույնպես հարյուրավոր անգամներ իրեն դրսեւորել է որպես ոստիկանության եւ դատախազության կցորդ: Երիտասարդների քաղաքական համոզմունքները տվյալ դեպքում վճռական նշանակություն չունեն: Բայց քանի որ գործը, այսպես թե այնպես, ձեռք է բերել քաղաքական աստառ, ապա շատ ցանկալի կլիներ, որ իր գնահատականը տար ոչ միայն ՀԱԿ-ը, այլեւ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

…Ինչ մնում է Ղարաբաղին եւ ղարաբաղցիներին, ապա ես շարունակում եմ պնդել, որ դա հրաշալի երկիր է՝ հիմնականում հրաշալի մարդկանցով: Ինչպես եւ ամբողջ Հայաստանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Aravot.am-ի գլխավոր խմբագիր