Իշխանության հաշվարկը պարզ է՝ ժամանակ ձգել, մինչեւ հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի

Ռազմական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանն օգոստոսի 2-ին կդառնար 33 տարեկան: Բայց դրանից մի քանի շաբաթ առաջ նրան սպանեցին: Սպանեցին օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները, նրան պատկանող Հարսնաքար ռեստորանում, սպանեցին ծեծելով:

Վահե Ավետյանի գործին հետամուտ փաստաբանները հայտարարություն են տարածել, որ ոստիկանությունը միտումնավոր ձգձգում է նրա սպանության գործի քննությունը, փաստաբաններին թույլ չի տալիս օրենքով սահմանված կարգով ստանալ գործի նյութերն ու ծանոթանալ դրանց:

Վահեի սպանությունից հետո ոստիկանությունը հավաստիացնում էր, որ բոլոր մեղավորները պատժվելու են: Հասարակությանը հուզում է հարցը, թե արդյո՞ք բոլորն են պատժվելու, եւ թե արդյո՞ք բոլոր մեղավորների մեջ է նաեւ Ռուբեն Հայրապետյանը, ով ըստ մամուլի տարբեր հրապարակումների Վահե դաժան ծեծի ժամանակ եղել է հարսնաքարում եւ ծեծը եղել է նրա գիտությամբ:

Հայտարարելով իր մանդատը վայր դնելու մասին, Ռուբեն Հայրապետյանը մի սրտաճմլիկ տեքստ էր տարածել, որում ափսոսանք ու ցավ էր հայտնում, որ դեպքի օրը չի եղել Հարսնաքարում եւ չի կարողացել բռնել Վահեի վրա բարձրացված ձեռքը:

Հիմա ինչ որ մեկը կարծես թե ոստիկանության ձեռքն է բռնում, երեւի որ այն հանկարծ շատ վերեւ չբարձրանա Վահեի սպանության բացահայտման առումով: Համենայն դեպս, փաստաբանների տարածած հայտարարության համատեքստը հուշում է այդ մասին, ու քանի դեռ ոստիկանությունը թույլ չի տալիս նրանց ծանոթանալ քննության մանրամասներին, այդ հուշումը մեղմ ասած խիստ հավաստի է թվում:

Օգոստոսի 2-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անելու ոստիկանության շենքի դիմաց, պահանջելով գործի լիարժեք բացահայտում:

Թվում է, որ Հարսնաքարի գործը “ուչաստկովիի” մակարդակի է եւ այն թերեւս պետք է արդեն լիներ դատարանում, պետք է տրված լինեին բոլոր հարցերի հստակ պատասխանները: Բայց անցել է մոտ 40 օր, սակայն հանրությունը չունի քննության որեւէ որոշակի պատկեր, թե ինչ է կատարվել Հարսնաքարում եւ ովքեր են մեղավորները:Կարդալ ավելին