ՔՊ-ն պետք է քաղաքական հայտարարությամբ գնահատական տա Ալեն Սիմոնյանի վարքագծին. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուներին էին այսօր ներկայացնում, ինչպե՞ս եք մեկնաբանում հատկապես ընդդիմության թեկնածուին ներկայացնելու գործընթացը հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ։

– Ինձ համար ակնհայտ է, որ մեր անտագոնիստական համակարգի երկու սեգմենտները՝ իշխանությունն ու ընդդիմությունը, այս դերի ու առաքելության համար ընտրել են երկու հնարավորինս անհաջող թեկնածուների։ 

Խոսքս ամենևին էլ Էդգար Ղազարյանի կամ Անահիտ Մանասյանի անձնական որակներին չի վերաբերում, խոսքս այն մասին է, որ չի կարելի ՄԻՊ թեկնածու ընտրել՝ ընդդիմության դեպքում մի մարդու, որը տարրական հարգանք չունի հանդուրժողականության մինիմալ ստանդարտների հանդեպ, ինչի ապացույցն էր նաև իր այսօրվա ելույթը։ 

Իշխանության թեկնածուի պարագայում շատ ավելի վատ պատկերի հետ գործ ունենք, որովհետև չի կարելի դատախազությունից մարդ գործուղել ՄԻՊ, մանավանդ որ ՄԻՊ-ի ինստիտուցիոնալ առաքելությունն է քաղաքացիների պաշտպանությունը հենց գործադիր իշխանության ու իրավապահ համակարգի հնարավոր ոտնձգություններից։ 

Այս առումով ընտրվել են երկու շատ անհաջող թեկնածու, բայց սա խոսում է մեր քաղաքական համակարգի որակի մասին, ևս մեկ անգամ կրկնեմ, որ ո՛չ Էդգար Ղազարյանի, ո՛չ Անահիտ Մանասյանի անձնական որակների դեմ ոչինչ չունեմ։ 

– Իսկ իշխանական պատգամավորների պահվածքն ինչպե՞ս եք գնահատում։

– Ինձ համար ցանկալի չէ, երբ ՄԻՊ թեկնածուն ելույթի ժամանակ հնչեցնում է քաղաքական գնահատականներ, բայց միևնույն ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղարն ո՞վ է, որ խախտելով հանձնաժողովի աշխատակարգը, պետք է որոշի սահմանափակել այս կամ այն թեկնածուի խոսքի բովանդակությունը կամ սահմանել ինչ-որ թեմաներ, որոնց վերաբերյալ թեկնածուն պետք է արտահայտվի կամ չարտահայտվի։ 

Որևէ մեկն իրավունք չունի արբիտրային գործառույթ իր վրա վերցնել, առավելևս՝ ՔՊ խմբակցության քարտուղարը։ Թող նորմալ ձևով անդրադառնային Ղազարյանի ելույթին, բայց ելույթն ընդհատել, խուլիգանի պես դրսևորվել, պատիվ չի բերում խորհրդարանին։ Երկու սեգմենտները վարքագծով այնքան արժանի են իրար։

 -Իշխանության ներկայացուցիչների այս վարքն ինչի՞ մասին է խոսում։ Խորհրդարանի նախագահի պահվածքը օրեր առաջ՝ իրեն «դավաճան» անվանած քաղաքացու նկատմամբ։

– Առաջին դեպքում մենք ականատես եղանք փաստին, երբ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը չկարողացավ իրեն պահել քաղաքական բարձրության վրա ու, ըստ էության, փողոցի վարք ու կանոնով ապտակեց իր իշխանական գործընկերոջը։ Այդ դեպքում ես սպասում էի, որ «Հայաստան» խմբակցությունը առաջինն է դատապարտելու իր պատգամավորի վարքագիծը, ցավոք սրտի, չտեսանք դա։ 

Մյուս օրերին ավելի խայտառակ բաներ արեց իշխանությունը, օրինակ՝ Բայդենը կամ Մակրոնը, երբ փողոցում քայլում է, նրանց հետևից քաղաքացիները ռեպլիկներ են նետում, այդ թվում՝ շատ վիրավորական ու անցանկալի: Այդ երկրներում անվտանգության աշխատակիցները միջամտում են միայն այն պարագայում, երբ իրենց կողմից պաշտպանվող պետական բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ բռնության փորձ է արվում, էլ ուր մնաց մարդու ձեռքերը բռնեն, որպեսզի իրենց պատրոնը կարողանա թքել այդ մարդու վրա։ 

Սա իսկապես խայտառակություն է, ու ես կարծում եմ, որ ՔՊ-ն պետք է քաղաքական հայտարարությամբ գնահատական տա Ալեն Սիմոնյանի վարքագծին, մանավանդ որ դրա հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը ոչ միայն իրեն արդարացնող հայտարարություն փորձեց անել, այլև փորձեց Աշոտ Փաշինյանին վերագրել ծեծ, որն այսօր հերքեց Աշոտ Փաշինյանը։ Այսինքն՝ տարածել է իր՝ պետական բարձր պաշտոնին ոչ հարիր, ակնհայտ սուտ տեղեկություն։  

Մեկ կարևոր հանգամանք էլ շեշտեմ, որ ՊՊԾ-ն իրավունք չունի անգամ հինգ րոպեով մարդուն զրկել ազատությունից՝ ձեռքերը բռնելով։

– Պարո՛ն Սուրենյանց, դուք ասում եք, որ ՔՊ-ն պետք է գնահատական տա Սիմոնյանի վարքին, բայց նրանք ոչ միայն չեն պատրաստվում դա անել, այլև արդարացնում են այդ արարքը։ Նման վարքի պատճառը ո՞րն է։

– Փողոցում չկայացած տղաների հավաքական է իշխանությունը, որը դարձավ անզուսպ, երբ տիրացավ իշխանական լծակներին ու փողին։ Իշխանությունը ինդիկատոր է, չէ՞, որը որոշ չկայացած մարդկանց շատ արագ փչացնում է, հիմա մենք գործ ունենք այդ հոգեբանական դրսևորման հետ։ 

Ինչ մնում է արդարացնելուն․ իշխանությունը ինքն իրեն է վնաս տալիս, ընդամենը նեղացնում է հայաստանյան այն միջակայքը, որտեղ հասարակությունը իշխանափոխությունից հետո կարող է ներել այս մարդկանց, այսինքն՝ հետո թող չակնկալեն, որ հասարակությունն իրենց ներելու է, իրենք իրենց ագրեսիվ, հախուռն, ցինիկ վարքագծով ամեն ինչ անում են, որ իշխանափոխությունից հետո ոտատակ ընկնեն, ցավոք սրտի, իրենք են ընտրել իրենց ճակատագիրը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am