Քոչարյանը կբանտարկի՞ Նեմեցին

Քոչարյանը կբանտարկի՞ Նեմեցին
Քոչարյանը կբանտարկի՞ Նեմեցին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն ի պատասխան tert.am-ի հարցի, հայտարարել է, թե «այժմ եւ առայժմ» չի մեկնաբանի Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը Nouvelles d’Arménie պարբերականին: Այդ հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել: Դրանում Ռուբեն Հայրապետյանը նաեւ խոսում է Ռոբերտ Քոչարյանի մասին, այն մասին, որ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի հետ միասին փորձում է կործանել երկիրը, որ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը իր դեմ են աշխատում, եւ այլն:

Ռուբեն Հայրապետյանը Ռոբերտ Քոչարյանին մեկ հարցազրույցով տալիս է մեկնաբանության շատ առիթներ, սակայն երկրորդ նախագահը չի օգտվում դրանից: Գուցե նա պարզապես իր կարգից շատ ցածր է համարում Հայրապետյանին պատասխանելը, առավել եւս, որ նրանց հարաբերությունը Քոչարյանի նախագահության տարիներին էլ մեղմ ասած հարթ չի եղել: Ի դեպ, հարցազրույցի մեջ նշվում է, որ Քոչարյանն է Հայրապետյանին ստիպել վաճառել Գրանտ Տոբակոյի իր բաժնեմասերը:

Չի բացառվում նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն առայժմ մեկնաբանությունից հրաժարվում է այն պատճառով, որ կամենում է Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանից, կամ որեւէ կերպ հավաստի պարզել, թե արդյո՞ք հարցազրույցում արտահայտված մտքերը Հայրապետյանը նախապես չի համաձայնեցրել Սերժ Սարգսյանի հետ:

Քոչարյանն անկասկած ըստ այդմ կորոշի, թե ինչպես պետք է կառուցի իր մեկնաբանությունը կամ արձագանքը Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին: Իսկ գուցե նաեւ համարի, որ արձագանքելու կարիք ընդհանրապես չկա, եթե Սերժ Սարգսյանի «մատն» այդ ամենին խառը չէ: Այդ դեպքում Քոչարյանը գուցե իր «արձագանքը» կպահի մինչեւ իշխանության վերադառնալը. կվերադառնա, ու կարձագանքի՝ ասենք Ռուբեն Հայրապետյանին մեկ անգամ էլ ձերբակալելով, բայց այս անգամ գուցե ավելի երկար ժամանակով, քան 2001-ին:

Կարդալ ավելին