Առանց ցորենի ու հույսի. Գյուղացին` կոտրած տաշտակի առաջ

ՀՀ մարզերից ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ստացված՝ ցորենի ցանքերի վիճակի վերաբերյալ բանավոր և գրավոր ահազանգերի, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից շրջանառվող նյութերի կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետները ՀՀ մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների համապատասխան մասնագետների, համայնքների ներկայացուցիչների և շահառուների հետ կատարում են ուսումնասիրություններ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` նշելով, որ ինչպես առաջին վերարտադրության, այնպես էլ` 2011թ. աշնանը տրամադրված էլիտային վերարտադրության սերմացուներով կատարված ցանքատարածություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի հունիսի 12-ի N 94-Ա հրամանով ստեղծվել է անկողմնակալ հանձնաժողով, որը մարզերում ուսումնասիրություններ է կատարել հացահատիկային մշակաբույսերի աշնանացան և գարնանացան ցանքատարածություններում:

Հիշեցնենք, որ մամուլում ինչպես մամուլում այնպես էլ Ֆեյսբուկ սոցիալական ցանցում ահազանգեր են հնչել այն մասին, որ գյուղացին հավատալով կառավարությանը նրա տված ցորենն է ցանել` որպես հետեւանք զրկվելով բերքից. Այսինքն առանց ցորեն եւ ալյուր այս տարի գյուղացին կանգնում է գոյատեւելու լուրջ խնդրի առաջ:

Սակայն, նախարարությունը փորձում է հավատացնել, որ իրականում խնդիրը սերմնացուն չէ` պատճառ բերելով եղանակային պայմանները:

Նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ, առաջիկայում խնդրին խորապես անդրադառնալով ակնկալիքով:

« Ուսումնասիրությունների և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության» ՊՈԱԿ-ից ստացված տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2011 թվականի աշնանը և 2012 թվականին բնակլիմայական անբարենպաստ պայմանների (համեմատաբար չորային պայմաններ, օդի հարաբերական խոնավության պակաս, ցածր ջերմաստիճանի առկայություն, ձյան կայուն ծածկույթի բացակայություն՝ հարթավայրում 2012 թվականի փետրվարի առաջին տասնօրյակ իսկ նախալոռնային գոտում՝ հունվարի երկրորդ տասնօրյակում) պատճառով աշնանացան ցորենի բույսերը լիարժեք չեն թփակալել, բույսի թփակալման հանգույցը մնացել է հողի մակերևույթին շատ մոտ, հանգույցում շաքարային նյութերի լիարժեք կուտակում տեղի չի ունեցել, որի հետևանքով բույսերը վատ են ձմեռել, հետագայում՝ ձյան արագ հալոցքի և ջերմաստիճանի կտրուկ բարձրացման արդյունքում՝ հողում խոնավության բացակայության, օդի ցածր հարաբերական խոնավության պատճառով բույսերը հայտնվել են երաշտային պայմաններում,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նման երևույթներ նկատվում են գրեթե ՀՀ բոլոր մարզերի ինչպես «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում էլիտային և առաջին վերարատադրության, այնպես էլ ծրագրի շրջանակներից դուրս` տեղական արտադրված սերմացուներով կատարված ցանքատարածություններում:

Ծրագրի շրջանակներում 2010 և 2011 թվականներին հանրապետություն են ներկրվել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուների նույն 7 սորտերը, որոնց միջին բերքատվությունը 2010 թվականին ՀՀ մարզերում կազմել է 38 ց/հա, իսկ ջրովի պայմաններում մեկ հեկտարի բերքատվությունը հասել է մինչև 70ց/հա-ի, այն դեպքում երբ համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների աշնանացան ցորենի միջին բերքը հանրապետությունում կազմել է 28,9 ց/հա:

Ներկրված բոլար սորտերն ունեցել են արտահանող երկրի կողմից տրված բոլոր անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը: Ինչպես նաև «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ներմուծված էլիտային և հանրապետությունում վերարտադրված առաջին վերարտադրության բոլոր սերմացուների խմբաքանակներից վերցվել են փորձանմուշներ, կատարվել անհրաժեշտ փորձաքննությունները ու պահպանվել են ստուգիչ փորձանմուշները: Սերմերի բոլոր խմբաքանակներից վերցված նմուշները համապատասխանել են պետական չափորոշիչներին:

Հարկ է նշել նաև, որ հացահատիկային մշակաբույսերի համար բնակլիմայական պայմանները անբարենպաստ են եղել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում: Նմանատիպ երաշտային պայմաններ են դիտարկվում նաև Ռուսաստանի Դաշնությունում (մասնավորապես Մերձոլգյան տարածաշրջան՝ Ռաստով, Կրասնոդար, Ստավրոպոլ և այլ), Ուկրաինայում, Ղազախստանում, ԱՄՆ-ում և Կանադայում, որտեղ ըստ կանխատեսումների համախառն բերքը նախորդ տարվա համեմատ կնվազի 30-40 %-ով:

Հաշվի առնելով վորեգրյալը փաստվում է, որ ՀՀ ներկրված և հանրապետությունում վերարտադրված սերմացուների վատորակ լինելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Համաձայն օպերատիվ տվյալների Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին 2010 թվականի համեմատությամբ ավել է կատարվել շուրջ 17500 հա աշնանացան ցորենի ցանք՝ 2011 թվականին կատարվել է շուրջ 91000 հա աշնանացան ցորենի ցանք, իսկ 2010 թվականին՝ 73447 հա:

Հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքը հայտնում ենք, որ այս երևույթները հանրապետությունում 2012 թվականին արտադրվող ցորենի համախառն բերքի վրա լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ և չնայած հանրապետությունում սպասվող միջին բերքատվության ցուցանիշի նվածման, կանխատեսվող համախառն բերքը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը»:

 

© Medialab.am