Նոր նախագծով կառավարությունը կկարգավորի դեղերի գները

Նոր նախագծով կառավարությունը կկարգավորի դեղերի գները
Նոր նախագծով կառավարությունը կկարգավորի դեղերի գները

Որակյալ եւ անվտանգ դեղերով բնակչության ապահովում, դեղերի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիություն, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքների ամրագրում, դեղերի տեղական արտադրության խթանում. սրանք դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության կարեւոր ուղղություններն են, որոնք երեկ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում ներկայացրեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նախարարը ոլորտի մի շարք մասնագետներին առաջարկեց դեղագործական ոլորտի կարգավորման օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ կարծիքներ հայտնել: Ըստ պարոն Դումանյանի՝ դեղերի մասին օրենքի նոր նախագիծը քննարկվել է նաեւ դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների, դեղարտադրողների, դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ, որոնց առաջարկների ու դիտողությունների մեծ մասը ներառվել են նախագծում: Բարեփոխված նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարարության (ԱՆ) դեղերի փորձագիտական եւ բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը: Տիկին Ղազարյանի խոսքերով՝ դեղերի մասին գործող օրենքում մի շարք բացթողումներ, սխալներ ու հակասություններ կան, որոնք դժվարացնում են դեղագործական ոլորտի կարգավորումը. «Գործող օրենքի ամենամեծ թերությունն այն է, որ այսօր դեղագործական ոլորտի կարգավորման միջազգային մի շարք ստանդարտներ՝ դեղերի լաբորատոր, արտադրական, բաշխման գործունեության վերաբերյալ, օրենքում արտացոլված չեն: Մինչ օրս մենք օրենքում չունենք կեղծ դեղ հասկացության սահմանումը»: Ըստ Լ. Ղազարյանի՝ նոր օրենքում հանվել է դեղատնային կրպակ հասկացությունը. «Գործող օրենքում դեղատունը եւ դեղատնային կրպակն իրարից տարբերվում են միայն «պատրաստում» բառով, այսինքն՝ ստացվում է, որ եթե դեղատունը դեղեր չի պատրաստում, նրան անվանում ենք դեղատնային կրպակ, բայց դա իրականում ճիշտ չէ, քանի որ դեղատնային կրպակները ստեղծվում են միայն առանց դեղատոմսի դեղեր իրացնելու նպատակով: Բոլոր այն կրպակները, որոնք այսօր իրավունք ունեն իրացնել ե՛ւ դեղատոմսով ե՛ւ առանց դեղատոմսի, նպատակահարմար է նրանց կոչել դեղատներ»: Կարդալ ավելին