«Երեւանը մեծ գլխով ու փոքրամարմին ռախիտ».Նվարդ Մանասյան

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Նվարդ Մանասյանը
Նվարդ, Դուք Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման համար ակտիվ պայքարողներից էիք, հիմա Համազգային թատրոնի շենքի կառուցման շուրջ մի փոքր աղմուկ եղավ ու դադարեց: Սոս Սարգսյանի հանգամանքը հաշվի առնե՞լն է լռության պատճառը:

Կարծում եմ, այո, վաստակաշատ ու հարգված արվեստագետ է ու շատերի համար սիրելի անհատականություն: Մենք այս ռեժիմի պատանդներն ենք, բոլորս անհայտ ու հայտնի, մեծ ու փոքր, հարուստ ու աղքատ, բոլորս, օգտագործում ենք բոլորիս ու հակադրում իրար: Սա է ամենանողկալին, երբ ամենաանսկզբունքայինները լարախաղացների նման սկզբունքային մարդկանց փորձում են զոհաբերել: Հուսամ կգիտակցենք, թե ինչ են անում: Այն, որ շատ ճարտարապետներ ու բնապաշտպաններ խոսում էին Երևանի թոքերը փակելու մասին, հավանաբար ճիշտ է, ամեն դեպքում մասնագետներն են ասում: Ավելին, ինքս այդ անցումով երբեմն անցնում եմ, և հստակ է, որ ջերմաստիճանի ակնհայտ տատանում կա, և այն կիրճից մաքուր օդը կենտրոն մղելու հաշվին է այդպես տարբերվում: Բացի այդ, կենտրոնն իսկապես գերբեռնված է ու եթե այսպես շարունակվի, Երևանը կհիվանդանա ռախիտիկ ախտերով, մեծ գլխով ու փոքրամարմին այլանադակություն կլինի, իմիջիայլոց՝ առանց թոքերի:

Էլ չեմ ասում, որ այդ նույն Չարբախում ու Էրեբունիում քաղաքացիներն են ապրում ու ևս իրավունք ունեն համերաշխ ու ներդաշնակ, սոցիալապես արդար միջավայր ունենալու, իսկ դա հնարավոր կլիներ, եթե մեկ գերբեռնված կենտրոնի փոխարեն այդ բազմազանությունը հանգուցալուծվեր մի քանի իրար հետ փոխկապակցված կենտրոնների միջոցով: Բայց այդպիսի պլանների համար իսկապես համարձակություն է պետք ու ժողովրդավարություն: Այս իշխանությունը ոչ մեկն ունեցավ, ոչ էլ մյուսը, և շատ օբյեկտիվ պատճառներով, որովհետև արհեստավարժ չէր ու քաղաքացիներին սպասարկող քաղաքացիական գիտակցսություն չունեցող մարդկանցից էր բաղկացած: Տրամաբանությունն այլ է եղել, այն կավե արձանների ու անճաշակ նստարանների նման, որոնք վերջերս հեղեղել են մեր քաղաքը:

Բոտերոյի Ծխող մերկ կինը քննադատության առիթ էր շատերի համար, մինչդեռ այս 9-10-ը արձաններին քաղաքապետարանը խորհուրդ է տալիս շատ լուրջ չմոտենալ, դրանք որոշ ժամանակ անց տեղափոխվելու են իրենց հեղինակի տուն-թանգարան:

Ո՞ր արձանների մասին է խոսքը, այս կավե սարսռացնող անճաշակությունների՞… Քաղաքապետարանն իր գումարները պարտավոր է լավ տնօրինել, դրանք հանրային միջոցներ են: Քաղաքացիներն էլ իրավունք ունեն մտահոգվելու քաղաքաշինական խնդիրներով: Ասենք անպատեհ վայրերում կամ թեք հարթությունների վրա սխալ տեղադրված նստարաններով, որոնք պարզապես անհարմարության պատճառով օգտագործվել չեն կարող, մարդկանց բացասական իմաստով կրթող`ավելի անճաշակ դարձնող արձաններով (այստեղ չի աշխատում ճաշակին ընկեր չկա-ն, որովհետև դա ընդունելի է որակյալ գործերի դեպքում), չէ՞ որ դրանք տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեից են, ոչ քաղաքապետի անձնական գրպանից: Քաղաքային միջավայրն էլ է քաղաքացի դաստիարակում, ասենք Նյու Յորքից եկած Կիվին, ոչ թե լավն է, որովհետև այդտեղից է ժամանել, այլ այն ունի մտահղացում, քաղաքային միջավայրում առաջանում է նաև այլ տարիքային խմբերին հոգեհարազատ գեղագիտական կոնցեպտ, ինչն արվեստում նորարարություն է, կամ էլ Բոտերոյի Ծխող կինը իր բազմաշերտ հայտարարություններով:

Կարդալ ավելին