Ինչ ունեցվածք են հայտարարագրել Հրայր Թովմասյանն ու նրա կինը․ Factor.am

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնյաների 2019 թվականի հայտարարագրերը։ Factor.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքի են տնօրինում երկրի առաջին դեմքերը։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 2019 թվականի տարեվերջի դրությամբ սեփականատեր է 7 անշարժ գույքի, որոնցից 6-ը՝ միանձնյա։ Երեքը հողամասեր են Արարատի մարզի Դարակերտ գյուղում, մեկը՝ կրկին Դարակերտում անհատական բնակելի տուն։

Հրայր Թովմասյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարանի սեփականատեր է, համասեփականատեր՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանի։ Թովմասյանն իր բոլոր սեփականությունները գնել է։ 2019-ի տարեվերջին Հրայր Թովմասյանը բանկում 60 000 դոլար ավանդ է ունեցել, իսկ բանկային հաշիվներից մեկի վրա ունեցել է 3 միլիոն 207 հազար դրամ, 5788 դոլար գումար։ Հրայր Թովմասյանի ձեռքին 2019-ի վերջում կանխիկ 26 միլիոն դրամ է եղել, և 22 հազար դոլար։

Սահմանադրական դատարանի նախագահը 14 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել 2019-ին, Հայ-ռուսական համալսարանից՝ 180 հազար դրամ, Արդշինբանկից 1398 դոլար է ստացել՝ որպես փոխառության տոկոսագումար և 1 միլիոն 115 հազար դրամ՝ «այլ եկամուտներ»։ Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, երկու տուն ունի Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում՝ ստացել է ժառանգություն և համատեղ սեփականատեր է Արաբկիր վարչական շրջանում մեկ բնակարանի։ 2019-ի վերջին 6 միլիոն 100 հազար դրամ կանխիկ գումար է ունեցել։