Փաշինյանը վերահաստատեց՝ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ուժ կիրառել

Հայաստանում ոստիկանությունը չի կարող ուժ կիրառել ուղղակի դիմակ չկրելու համար, բայց, եթե այդ դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե պետք է ուժ կիրառի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց  արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: 

Էդմոն Մարուքյանը կոչ արեց ոստիկանությանը հորդորել, որ համապատասխան միջոցառումներն իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները:  «Եթե օրինակ մարդն առանց դիմակ է, թող 10 հազար դրամի տուգանք գրեն, թևը ոլորելը, գետնին գցելը դատապարտելի երևույթներ են»,-ասաց Մարուքյանն ու հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը պատրաստվո՞ւմ է այս ուղղությամբ որևէ քայլ անել:

Փաշինյանն արձագանքեց՝ կհամձայնի պատգամավորի հետ՝ թևը ոլորելու, գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունենում օրենքով չնախատեսված կարգով և օրենքով չնախատեսված դեպքերում, երբ ուժի կիրառման վերազանցում է տեղի ունենում: «Ոստիկանությունն ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի կիրառել ուժ: Պարզ է՝ ուղղակի դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել: Բայց, եթե այդ դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե ոստիկանությունը պետք է ուժ կիրառի: Սա օրենքով սահմանված դեպքերում և կարգով»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով կոնկրետ դեպքերին՝ վարչապետը համաձայն է, որ պետք է հետաքննություն վարվի և ամեն դեպքին առանձին գնահատական տրվի: Նա վստահեցրեց, որ այդ դեպքերի քննությունը կլինի օբյեկտիվ։

Իսկ ընդհանուր առմամբ վարչապետը Մարուքյանի մտահոգությունները կիսում է, շեշտում՝ Հայաստանը չի կարող մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիների նկատմամբ հարգանքի առումով որևէ հետընթաց արձանագրել՝ մանավանդ որ վերջին 2 տարիների ընթացքում բոլոր միջազգային զեկույցների համաձայն` Հայաստանն ահռելի առաջընթաց է արձանագրել այդ առումով: