Հայտնիների լիցենզիա կամ «սելֆիի ժամ»

Հայտնիների լիցենզիա կամ «սելֆիի ժամ»
Հայտնիների լիցենզիա կամ «սելֆիի ժամ»

Պարզվում է՝ Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներն այս տարի կլինեն աննախադեպ: Սույն ճոռոմաբանությունը չէր գրավի ուշադրությունս, եթե չիմանայի, որ այդ աննախադեպի մեխը «սելֆիի ժամն» է: Իսկ ի՞նչ ասել է «սելֆիի ժամ»: Պարզվում է՝ այդ ժամին դուք կարող եք ինքնապատկերակներ անել հայտնիների հետ:

Այո՛, հենց ինքնապատկերակ: Հետայսու սելֆին միայն հայկական բրենդ է:

Արտահանման ենթակա երևույթ ու հետայսու պետք է հնչի հայեցի՝ ինքնապատկերակ:

Ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ:

Ո՞վ է որոշում, թե ովքեր են հայտնիները: Ինչպե՞ս են որոշվում այդ հայտնիները, հասարակության ո՞ր խմբերի ու շերտերի համար: Ընդհանրապես, մեր ընկալումներում «հայտնի»բառը խեղաթյուրված է:

Խեղաթյուրված են դրա մատուցումը և հասարակական դերը: Հավասարաչափ հայտնի են համարվում էժանագին սերիալում «կաղկանձող լպիրշի», «լափառոշ պոռճի» դերակատարները, այդ արժեքների տարածողները, լվացքի փոշու գովազդում պղպջակի ձայն հանողները և գիտության, արվեստի, մշակույթի իրական, ոչ ֆաստֆուդային ու ոչ մասսայական դեմքերը: Ցավոք, վերջիններն իրենց հայտնիությամբ էապես զիջում են առաջիններին:

Հայտնիներ ասելով՝ մեծ ի մասամբ նկատի ունենք ռաբիս դասի դեմքերին (ռաբիսն այս դեպքում բացասական որակում չունի, այլ փաստի արձանագրում է): Ու ստացվում է, որ մեր մշակույթը լայն ընկալումներում ռաբիսացված է: Խնդիրը խորքային ու տարածական է: Այստեղ է, որ ես երբեք չեմ հասկացել մշակույթի նախարարության «չգոյության» իմաստը ու թերևս չեմ հասկանա:

Ինչպե՞ս են կազմակերպվելու այդ ինքնապատկերակները: Լիցենզավորելու են հայտնիներին ու կանգնեցնեն Հանրապետության հրապարակի գորգի՞ն: Եթե այդպես, ապա գոնե՝ ըստ հասակի: Հետաքրքիր կլինի տեսնել «ես հայտնի եմ» արտահայտությամբ դեմքեր: Հետաքրքիր է նաև, որևէ հայտնի հրաժարվելո՞ւ է իր հայտնի լինելու փաստից: Իսկ միգուցե հայտնիության սանդղա՞կ կարգեն: Դա գոնե որոշակիացում կմտցնի:

Բայց եկել է հետնախորշայինը մերժելու ժամանակը: Հետնախորշայինը ներդաշնակ է հետնախորշում: Իսկ մշակույթի ազատականությունը միֆ է, սպեկուլյատիվ միֆ:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am