Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում  գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

«Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»,- ասացին նախարարությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այրվածքներ ստացած անձանցից մեկը մեքենայի վարորդն է, մյուս չորսը՝ ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։