Մենք երբեք չպետք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին. նախագահը պետական պարգևներ է հանձնել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Անկախության տոնի առթիվ, պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել պատվավոր կոչումներ:

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրվել են հետմահու: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով հետմահու պարգևատրվել է կամավորական Արթուր Գալստյանը, իսկ ժամկետային պարտադիր զինծառայողներ, շարքայիններ Վաչագան Հակոբյանը, Սարգիս Դավթյանը և Մանվել Խարդալյանը, կամավորականներ Արթուր Հովհաննիսյանը, Արտակ Հաջոյանը, Ներսես Մովսեսյանը, Գարիկ Մուրադյանը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող, շարքային Հարություն Հարությունյանը հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանը հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել Անկախության տոնի առթիվ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է.

«Նախ, թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, իսկ ձեզ, հարգելի՛ պարգևատրվածներ, նաև պարգևներ ու կոչումներ ստանալու համար։

Դրանք ձեզ տրվում են տարբեր ոլորտներում ձեր ունեցած ավանդի համար: Այդուհանդերձ, այդ պարգևները ունեն մեկ ընդհանրություն: Դրանք Հայրենի՛քի գնահատականն են, կրկնում եմ՝ Հայրենի՛քի գնահատականն են:

Քանի որ պարգևատրվածների թիվը բավականին մեծ է, նրանց մի մասին, կրկին հանդիսավոր պայմաններում, պարգևները կհանձնվեն առաջիկա օրերին:

Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ, ցավոք, դեռևս ոչ բոլոր արժանավորներն են գնահատվել Հայրենիքին մատուցած իրենց ծառայությունների համար: Բայց, ինչպես ասում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը՝ «հայրենիքից նեղանալ չի կարելի»: Հովհաննես Բաղրամյանը իր ռազմական փայլուն կյանքի ընթացքում գրեթե չապրելով Հայաստանում՝ շատ լավ գիտեր Հայրենիքի գինը, պետականության անհրաժեշտության գինը: Գիտեր դեռ Սարդարապատի ճակատամարտից, որին մասնակցել էր նվիրումով: Ցավոք, Բաղրամյանը չտեսավ Հայրենիքի անկախությունը:

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակի օրը, կարևոր է հայկական բանակի, զինվորների ներկայությունը այս արարողությանը. մի քանի օրից արցախյան երկրորդ պատերազմի տարելիցն է:

Այսօր այստեղ ներկա են նաև հետմահու պարգևատրվողների ընտանիքների անդամներ.

խոնարհվում եմ ձեր զավակների, ամուսինների, հարազատների հիշատակի և ձեր բոլորի առաջ․․․

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այս պատերազմում և բոլոր ժամանակներում Հայաստանի և Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակը…

Շնորհակալություն…

Անկախությունը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական ջանքերով, բոլորի նվիրվածության ու միասնության շնորհիվ: Որովհետև, տիրապետող է եղել ազատ և անկախ Հայրենիք ունենալու գաղափարը:

Անկախ Հայաստանը երեսուն տարեկան է: Անցած 30 տարիներից յուրաքանչյուրը եղել է յուրատեսակ փորձության տարի:Վերջին մեկ տարին ամենածանր էր իր հետևանքներով, խնդիրներով, կորուստներով ու վերքերով: Պատերազմից մեկ տարի անց, զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ, սահմանային և այլ բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Երեսուն տարվա ընթացքում մենք սովորել ենք հաղթել, 30 տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հաղթանակներ, 30 տարվա ընթացքում ունեցել ենք մեծ հաղթանակ: Սակայն 30 տարի անց մենք տեսնում ենք, որ այդ տարիներին, հաջողությունների հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները:

Ժամանակը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել այդ ժամանակը, մե՛ր ժամանակը:

Դուք հենց այդ մարդիկ եք, որ կարողացել եք ճիշտ տնօրինել ժամանակը, այն ծառայեցնել հայրենիքին ու ժողովրդին, ստեղծել ու ստեղծագործել, աշխատել և ծառայել, պաշտպանել սահմանները, պաշտպանել մեր ազգային ինքնությունը և արժեքները՝ միաժամանակ, կրել այդ արժեքները։

Իսկ ամենամեծ արժեքը պետականությունն է: Մենք երբեք չպետք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին:

Ունենա՛նք պետական մտածողություն:

Պետականության ակունքները միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ են: Նույնիսկ երբ այդ համաձայնությունը փխրուն է, այն կարող է հաջողության բանալի դառնալ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

Թո՛ղ հավերժ ապրեն Հայաստանը և Արցախը։

Աստված պահապան մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»: