«Օրենքի ընդունմամբ տարվա կտրվածքով մոտ 60 մլրդ դրամի լրացուցիչ լիկվիդայնություն ապահովվեց շահութահարկ վճարող գործարարների համար»․ Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց շահութահարկի կանխավճարների մասին նախագիծը։
Ինչպես կառավարության ներկայացուցիչը նշեց, ամեն ինչ կարվի, որպեսզի օրենքը ստորագրվի և ուժի մեջ մտնի մինչև հունիսի 20-ը։

Նշեմ, որ եթե այս նախագիծը չընդունվեր, ՀՀ շահութահարկ վճարող տնտեսվարողները հունիսի 20-ին ստիպված կլինեին վճարել մոտ 30 մլրդ դրամ շահութահարկի կանխավճար, իսկ 3-րդ և 4-րդ եռամսյակների համար, համապատասխանաբար, եռամսյակային մոտ 16 մլրդ դրամ։

Այսինքն, կարելի է ասել, որ օրենքի ընդունմամբ տարվա կտրվածքով մոտ 60 մլրդ դրամի լրացուցիչ լիկվիդայնություն ապահովվեց շահութահարկ վճարող գործարարների համար։

***
Նախագծի մասին

1️⃣ Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։

2️⃣ Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։

✅ Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։
Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։

Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։

Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր»։