«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը փոքր հաղթանակներից կառուցված մեծ նվաճման հնարավորություն է ստեղծում». Ստյոպա Սաֆարյան

«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը փոքր հաղթանակներից կառուցված մեծ նվաճման հնարավորություն է ստեղծում». Ստյոպա Սաֆարյան
«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը փոքր հաղթանակներից կառուցված մեծ նվաճման հնարավորություն է ստեղծում». Ստյոպա Սաֆարյան

Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումը մեծ իրադարձություն է, որը շատ կարևոր է երկու կողմի համար: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Բրյուսելում համաձայնագրի ստորագրմանը:

«2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել էր երկու ուղղությամբ կրակոց արձակել, որոնցից մեկը թիրախին էր կպել: Այդ կրակոցներից մեկը Հայաստանի, մյուսը՝ Ուկրաինայի ուղղությամբ էր: Հայաստանի ուղղությամբ կրակոցը, ըստ էության, կարելի է ասել, Արևելյան գործընկերության կովկասյան պլանն իսպառ ոչնչացրել էր: Հայաստանը դուրս մնաց Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացից, Ադրբեջանը դրանից ավելի վախեցավ ու զգուշավոր դարձավ և սկսեց ավելի հեռանալ Եվրոպայից, և Վրաստանը մնաց միայնակ»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այժմ վերին աստիճանի պատմական իրադարձություն է տեղի ունենում, երբ Հայաստանը վերադառնում է այդ շարքեր, և կարելի է խոսել Արևելյան գործընկերության կովկասյան ուղղվածության մասին՝ ի դեմս երկու երկրների: Իսկ հետագայում, ըստ Սաֆարյանի, Ադրբեջանը նույնպես ինչ-որ չափով վստահություն ստանալով՝ կմտածի այդ շարքերը համալրելու մասին: Այնպես որ, այս իրադարձությունը դառնում է Արևելյան գործընկերությունը վերականգնելու առիթ, և Հայաստանի վերադարձը՝ որպես արդեն շատ որոշակիացած կարգավիճակով անդամի, չափազանց մեծ բան է տալիս Եվրամիությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս փաստաթղթով կողմերը հաստատակամություն են հայտնում ամրապնդել համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը: Նախատեսվում է բարձրացնել ՀՀ մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին: Համագործակցոթյուն կլինի նաև տնտեսական ոլորտում:

Համաձայնագրում շեշտվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար ՀՀ հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը:

Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ այս համաձայնագիրը Հայաստանին ձեռքբերումներ արձանագրելու հնարավորություն կտա. «Այն Հայաստանի բոլոր համակարգերը մոդեռնիզացնելու, քաղաքականությունները դիվերսիֆիկացնելու, միջազգային ներգրավվածությունը մեծացնելու և արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած խոտորումը վերացնելու հնարավորություն է»:

Անդրադառնալով Բրյուսելում Սերժ Սարգսյանի ելույթի մեսիջներին՝ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ Սերժ Սարգսյանը ոչ պակաս է գիտակցում այս համաձայնագրի նշանակությունը Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության համար:

«Այն, ի վերջո, փոքր հաղթանակներից կառուցված մի մեծ նվաճման հնարավորություն է ստեղծում, ինչն էապես կբարձրացնի երկրի ինքնիշխանության մակարդակը, էապես կբարձրացնի երկրի հեղինակությունը, որը տուժել էր 2013 թվականին: Իհարկե, Սերժ Սարգսյանի մեսիջներից թերևս ամենակարևորն այն է, որ նա նույնպես շատ է կարևորում այս համաձայնագրի նշանակությունը Հայաստանի կյանքում ու արտաքին քաղաքականության մեջ»,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am