Հեղափոխության «մուկն ու ձուկը»

Մհեր Արշակյան

Հայաստանը երկրորդ մարտի 1-ն է դիմավորում առանց Հանրապետականի, բայց ոչ առանց ՀՀԿ-ական իշխանության։ Թվում էր, թե սա պարադոքս է։

Ավելին, թվում է, թե այդպես չի լինում, որ ՀՀԿ-ն չլինի, իսկ նրա իշխանությունը մնացած լինի։ Իշխանությունը մնացել է, ուղղակի դա արդեն ՀՀԿ-ինը չէ։ Նրանք նոր իշխանություն են «տեղափոխվել» ՀՀԿ-ից։

Վարչապետը հայտարարել է, որ ոչ մի մուկ կամ ձուկ չի թպրտալու։ Բայց այդպե՞ս է, թե՞ ոչ։ Թե՞ թպրտալ ասելով նկատի ուներ, որ չեն ընդդիմանալու նոր Հայաստանին։ Էլի թող չընդդիմանան, բայց նրանց սպառնո՞ւմ է ինչ-որ բան։ Նրանք նույնպես դարձել են հեղափոխության «զավակներ»։

Հեղափոխությունը «զգացել» է նրանց կարիքը։ Ասենք՝ Դավիթ Տոնոյանի կամ Տիգրան Բալայանի։ Բազմաթիվ գերատեսչություններ են զբաղեցնում նախկինները, բայց նրանք ՀՀԿ-ի «ձայնը» չեն։ ՀՀԿ-ի ձայնն էին 12 տարի առաջ։

Օրինակ՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը ԵԽ-ում մարտի 1-ից հետո համոզում էր, թե 10 հոգու սպանությունը չի վտանգում ժողովրդավարացման պրոցեսները Հայաստանում։ 

Մարտի 1-ի էջը Հայաստանում փակված չէ, պատրանքներ չունենանք։ Եվ փակված չէ նախ այն պատճառով, որ այն մարմնավորողներն այս կամ այն չափով դեռ շնչում են հեղափոխության կրծքին, որը նրանց ընդունել է իր գիրկը։

Իսկ ինչո՞վ են զբաղված հեղափոխության կողմնակիցները, որոնք 12 տարի առաջ Հայաստանում ջրում էին հեղափոխության ծիլերը։

Մեկ տասնյակի հասնող մարդիկ դուրս վռնդվեցին ԱԳՆ-ից, նրանցից ո՞վ է վերադարձվել նախկին աշխատանքին, գուցե մեկ-երկուսը։ Շատ ուրիշներ բոլորովին նոր ձեռագրով լծվեցին աշխատանքի, պարզվեց՝ նախկիններն ավելի «ճիշտ» էին ու նորերին դուրս մղեցին։ 

Ընդհանրապես, ի՞նչ է կատարվում հեղափոխության հետ։ Հեղափոխությունը կարծես թե առաջ է ընթանում առանց հիշողության։

Ապագա պատմաբանների համար բարդ է լինելու հասկանալ, թե ի՞նչ փոխեց հեղափոխությունը Հայաստանում։ Դեռ ոչ մի քննություն հանձնած չէ, ՊԵԿ-ը կարծես թե չի դադարեցրել հարկահավաքության այն փիլիսոփայությունը, որով աչքի էր ընկնում մինչև հեղափոխությունը, դատարանները նույնքան հեռու են արդարությունից, որքան երկու տարի առաջ, բոլոր նրանք, ովքեր երկու տասնյակ տարի «քերում» էին ժողովրդին, այսօր պակաս վատ չեն զգում իրենց։

Հիմա նրանք ունեզրկող չեն։ Օրակարգից դուրս է եկել միայն ընտրակաշառքով ընտրությունը։ Պարգևավճարները մի առանձին փորձանք են դարձել, դրանք մոտենում են կաշառքների այն չափերին, որոնցով նախկիններն էին «տեր» կանգնում իրենց կողմնակից կոռումպացված պաշտոնյաներին։ Այստեղ էլ սակայն տարբերություն կա։

Նորերը հպարտ են այդ պարգևավճարների համար, նրանք լրագրողների աչքերի մեջ նայելով են ասում, թե ինչ աստղաբաշխական գումարներ են ստանում իբրև պարգևավճար։ Ոչ մի խնդիր, մարդիկ։ Իսկ օգո՞ւտը։ 

Հեղափոխությունը դափնիներ է վայելում, հեղափոխությունը տնտեսական նվաճումներ է արձանագրում։

Բայց հեղափոխության մեջ անցյալի վիրուսը կա։ Ի՞նչն է խանգարում նոր իշխանություններին պարզեցնել ներկան, կարծեմ վարչապետն էր ասում, որ պետական կառավարման համակարգը դեռ դիմադրում է։

Պարզ է, չէ՞, ովքեր են դիմադրողները։ Նրանք իրենց մեթոդներն ունեն։ Հո ասուլիս չեն տալու ու հայտարարեն, որ դիմադրում են, բայց նրանք անցյալի վիրուսն են, Փաշինյանը նրանց տեղը գիտի։

Թեպետ ո՞ւմ ես ասում, մի Մարգարիտա Գրիգորյանի հախից չեն կարողանում գալ։

Մհեր Արշակյան

MediaLab.am