«Ծառայության մեկնելուց առաջ կոնյակի շշի վրա գրել էր՝ մինչև չգամ, խնդրում եմ՝ չբացեք, մինչև հիմա էդ կոնյակը մնում է»․ Բինան ապրում է որդու կարոտով

«Հարութս սիրում էր իրեն ոտից գլուխ դուխի անել։ Ես էլ իր անկյունում դուխու պատյան եմ կախել, որ անկյունից անուշ հոտ զգացվի, հուշերով ապրում եմ»,- հուզվում է 42-ամյա Բինա Աղաբաբյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է կրտսեր որդուն՝ 19-ամյա Հարություն Հովսեփյանին։

Հարություն Հովսեփյանը ժամկետային զինծառայող է եղել, պատերազմը սկսվելուն պես Իջևանի զորամասից տեղափոխվել է Ջրական, սակայն մայրն ասում է՝ որդին երբեք չէր ասում, որ մարտի դաշտում է․ 

«Զանգում էր, ասում էր՝ մենք ապահով տեղ ենք, լավ տեղ ենք, հանգի՛ստ եղի: Երեխեն մեզ չէր ասում՝ որտեղ ա»։

Որդու հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը 7-ի մոտ։ Որդին հարցրել է՝ հայրը, մայրը ոնց են։ Այդ զանգից հետո Հարությունի հեռախոսը անհասանելի է դարձել։ 

«Ես նամակ գրեցի, զանգեցի՝ անհասանելի էր, խառնվեցի իրար։ Հոկտեմբերի 13-ին լուրը բերին»,- հուզվում է մայրը։

Մոր խոսքով՝ տղան զոհվել է ԱԹՍ-ի հարվածից․ «Հարությունի դեմքն անվնաս էր, ասկոլկեքը ձախ կողմն էին՝ թևով, ոտքով, մեջքով»,- արցունքները կոկորդում խեղդելով ասում է Բինան։

Հարությունը հրետանավոր էր, մայրը որդու զինակից ընկերների խոսքը վերապատմելով ասում է՝ Հարությունը թիրախին խփելիս երբեք չէր վրիպում․ 

«Ինչին «ցել» ա բռնել, ուղիղ «ցելով» կրակել ա, շատ ուժեղ հրետանավոր ա եղել։

Ընկերներն ասեցին, որ հրետանու արկղի վրա գրիչով գրել էր՝ «Կյաժից՝ Ալևին» ու ոչխար նկարել: Ասել ա՝ ռակետը քեզ ա հասնելու, ու էդպես մի քանի հատ կրակել ա»։

Հարություն Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Մայրը, արցունքները դժվարությամբ զսպելով, ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը դատարկվել է և անիմաստ դարձել:

«Շատ կոտրված ենք կորստից հետո։ Ես աշխատում էի ռենտգեն ինստիտուտում, ինքս դիմում գրեցի, ազատվեցի, չէի կարողանում աշխատել, բայց մի-երկու ամիս հետո զգացի, որ ոնց որ խորտակվեմ, սկսեցի նորից գործ փնտրել, նորից հիվանդանոց մտա: Որ իմացան՝ զոհված հերոսի մայր եմ, միանգամից աշխատանքի ընդունեցին, ու սկսեցի աշխատել, հիմա աշխատանքով եմ մի քիչ ցրվում»,- նշում է Բինան։

Հարությունը զորամասից մոր ծննդյան առթիվ անակնկալ նվեր էր արել՝ հուշանվեր-գիրք

Մոր պատմելով՝ Հարությունը ժպտերես, բաց սրտով տղա էր, սակայն գաղտնապահ էր։ Ինքնուրույն սովորել էր լավ շախմատ խաղալ, սիրում էր երգել, կիթառ նվագել, սիրում էր համակարգիչը ու ցանկանում էր բանակից վերադառնալուց հետո այդ ոլորտում մասնագիտանալ և աշխատել։

Հարությունը զորամասում՝ թմբուկ խփելիս

Մայրն ասում է՝ ավագ որդին ևս շատ ծանր է տանում եղբոր կորուստը, Բինան ընդգծում է՝ տղաները շատ կապված էին, կարծես զույգ լինեին՝ 1,5 տարվա տարբերությամբ։

«Հիմա Հարութիս դասընկերներն ու ընկերները ընկերացել են մեծ տղայիս հետ, տղաս էլ՝ իրենց հետո, Հարութի կարոտն են էդպես առնում»,- ասում է Բինան։

Մայրն ասում է՝ տեսել է որդու մարմինը, գիտի, որ որդին զոհվել է, սակայն ինքն իրեն հույս է տալիս, որ հեռվում է, ծառայություն է իրականացնում, ասում է՝ ծանր է ընդունել դաժան իրականությունը․ 

«Երեխես չկա, իմ մոտ չի, ես իմ աչքերով տեսել եմ երեխուս, ես ինքս ինձ ասում եմ՝ մոտս չի, ուրիշ տեղ ծառայության ա։ Ծառայության մեկնելուց առաջ կոնյակի շշի վրա գրել էր՝ մինչև չգամ, խնդրում եմ՝ չբացեք, ու մինչև հիմա կոնյակը մնում ա իր անկյունում»,- ասում է մայրը ու հուզվում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am