Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել

Հեղինակ MediaLab

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին:

Վերջինիս մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արևելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական պետությունների այլ առաջնորդներ:

Տեսակոնֆերանսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ փաստերը խեղաթյուրող և անհիմն հայտարարությանը:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է և պատրաստ պաշտպանելու իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության:

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել, և ի վերջո, հրապարակային համաձայնվել նախկինում առաջ քաշած իր բանաձևին․ այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար: