ԱԺ պատգամավորների և նրանց հարազատների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել․ Ոստիկանությունը՝ Միքայել Մինասյանին․ Տեսանյութ

Մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։

Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։
Ռուսաստանի Դաշնությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացվել է պատասխան, որ ապրիլի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Կրասնոդար ժամանած ինքնաթիռի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 40 տոննա առանց ակցիզային տուրքի «Zenon» և «Magnus» ծխախոտներ, որոնք արտադրված են Կոտայքի մարզում գործող «ARMENIAN TOBACCO COMPANY» ընկերությունում։ Ինքնաթիռի օդաչուի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ նշված բեռը պետք է տեղափոխվեր Հայաստանից ՌԴ Սիմֆերոպոլ քաղաք՝ Կրասնոդարում սահմանային հսկողության նպատակով միջանկյալ վայրէջքով։ Փաստաթղթերի համաձայն՝ ապրանքը ստացողը Կանադայում գրանցված «VOLAX PROMOTIONS» ընկերությունն է եղել, իսկ առաքման վայրը՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Բեռը տեղափոխվել է ինքնաթիռի սեփականատիրոջ՝ ՌԴ ԱԻՆ-ին պատկանող «АСК МЧС России» և ռուսական «LLC T-Trans» տրանսպորտային ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Համաձայն առաքման սխեմայի՝ նշված ապրանքը նախ պետք է ՀՀ-ից ինքնաթիռով տեղափոխվեր Սիմֆերոպոլ քաղաք, այնուհետև ցամաքային ճանապարհով՝ Ղազախստանի տարածքով դեպի Աֆղանստան։

Նշված վայրերի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ այդ լոգիստիկան անտրամաբանական է թվացել ՌԴ իրավասու մարմիններին։ Նշված հանգամանքներով պայմանավորված՝ ՌԴ իրավասու մարմինների մոտ կասկածներ են առաջացել, որ տվյալ ծխախոտները կարող են նախատեսված լինել ՌԴ տարածքում ապօրինի վաճառքի համար և հնարավոր է նման կերպ հարկերից խուսափելու արդյունքում ՌԴ-ին պատճառվեր շուրջ 100․000․000 ռուբլու վնաս։