«Ինչո՞ւ է ծովից ծով Հայաստանից մնացել այսքան, որովհետև հիմարաբար ինչի հետ ասես հույս ենք կապել». Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում մասնավորապես նշել է, թե «Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները»։ Արարատ Միրզոյանի այս «խոստովանությունից» հետո որքանո՞վ է շարունակում ակտուալ մնալ խաղաղության պայմանագրի կնքման թեման։

– Մինչ այդ էլ ակտուալ չէր, հիմա էլ ակտուալ չէ, վաղն էլ ակտուալ չի լինելու։ Մեր արտգործնախարարը գնացել է ԵԽ ու բողոքում է նրանից, որ Ադրբեջանը սեփական շահերն է պաշտպանում, իսկ դրա փոխարեն ավելի ճիշտ չէ՞ր լինելու, որ մեր արտգործնախարարը, ընդհանրապես մեր պետությունը, նախ սեփական շահերը հստակեցներ ու դրանց պաշտպանության շուրջ քայլեր ձեռնարկեր, ոչ թե բողոքեր, որ ամեն մեկն իր շահն է պաշտպանում։

– Դե, ավելի շատ օգնություն է ակնկալում, քան բողոքում։ Ակնկալում է միջազգային ճնշում, որն Ադրբեջանի ցանկությունները կճնշի։

– Բայց այդ մարդիկ, որոնցից օգնություն են ակնկալում, իրենց սեփական շահերն են պաշտպանում։ Ոչ ոք սեփական շահը թողած՝ ուրիշինը չի պաշտպանի։ Ընդհանրապես, նրանք քաղաքականություն վարելուց շատ հեռու են, շատ պրիմիտիվ բաներ չեն հասկանում։ Նորմալ չէ, չէ՞, որ գնաս ինչ-որ մեկից բողոքես նրա համար, որ վերջինս իր շահերն է պաշտպանում։

– Այսինքն՝ Հայաստանը հիմա, ձեր ասած՝ բողոքողի կարգավիճակո՞ւմ է, պարո՛ն Սահակյան։

– Իհարկե ու ոչ միայն հիմա, արդեն երկար տարիներ այդ վիճակում է։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ բոլորին ցույց տանք, թե մենք ինչ լավն ենք, իսկ Ադրբեջանը ինչ վատն է։ Այսպիսի պրիմիտիվ մակարդակի քաղաքականություն ենք վարում։ Բոլորը թքած ունեն՝ դու լավն ես, թե վատ, բոլորը հաշվի են նստում նրա հետ, ով կարող է սեփական շահերը հստակ շարադրել ու դրանց իրականացմանը միտված հետևողական աշխատանք տանել։ 

Հիմա Ադրբեջանը կարողանում է դա անել, նա որքան էլ բոլորի համար դիկտատորական ռեժիմ լինի, բայց բոլորի համար շատ ավելի շահեկան ու հասկանալի գործընկեր է, քան Հայաստանը։ Բոլորի համար բառացիորեն, որովհետև դա մի պետություն է, որը գործում է պետության նման, Հայաստանը պետականակերպ կառույց է, որը չի գործում պետության նման, այսինքն՝ չունի շահեր, չի կարողանում իր շահերը սպասարկել, ու անիմաստ է նրա հետ գործ անել։ 

– Հայաստանի գործող իշխանությունն ինչո՞ւ չունի սեփական օրակարգ։

– Չունեն համապատասխան ունակություններ, գիտելիք, հմտություններ։ 

– Իսկ էդ դեպքում ի՞նչ է սպասվում։

– Կոլապս, պետականության կորուստ, նայած դեպքերն ինչպես կզարգանան։

– Նաև պետական մակարդակով մեծ հույսեր են կապում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հետ՝ նշելով, որ այն հնարավորություն կտա կանխելու ադրբեջանական հնարավոր ագրեսիան։ Դուք և՞ս լիահույս եք։

– Դրանք սին հույսեր են, ո՞նց կարող են դիտորդները զսպել ռազմական ագրեսիան։ Ինչո՞ւ է ծովից ծով Հայաստանից մնացել այսքան, որովհետև հիմարաբար ինչի հետ ասես հույս ենք կապել, բացի մեր կարողություններից։

Ո՞նց կարող ես դու բանակդ չբերել այն մակարդակի, որ քո պետության ու ժողովրդի անվտանգությունն ապահովի, փոխարենը հույս դնես ԵՄ առաքելության վրա։ 

Այդ մարդիկ դիտորդ են, իրենք եկել են դիտելու համար, ոչ թե կռվելու, պատժելու։ Ինչ կատարվեց՝ դա են դիտելու, արձանագրեն ու վերջ։ Հիմա դա ո՞նց կարող է մեր անվտանգության մակարդակը բարձրացնել, իհարկե դա գործիք է, որի հետ կարելի է աշխատել։

– Իշխանությունը համաձայն չէ ձեր պնդմանը, թե բանակի մարտունակությունը պատշաճ մակարդակի վրա չէ, իրենք ասում են, որ ամեն բան անում են ու անելու են, որ բանակը գումարային ոչ մի խնդիր չունի, պարո՛ն Սահակյան։

– Նրանք ստախոս են, իրականությունը բոլորովին այլ է։ Այո՛, փողի խնդիր չունեն, բայց ի՞նչ են անում։ Մեր բանակի դժբախտությունն այն է, որ այն ռուսական բանակի պատճենն է, մեր պետության դժբախտությունն էլ այն է, որ մեր պետական կառավարման համակարգերի մեծ մասը ռուսականի պատճենն է։ Այդ ամենը ստեղծված է Ռուսաստանի իրականության համար, ոչ թե մեզ։ Տեսնո՞ւմ եք քայլեր, որ արվում են այդ ամենը փոխելու համար, չկան, սուտ են խոսում, ո՛նց կարող ենք երկու օրվա մարտի ընթացքում 200-ից ավելի զինվոր կորցնել, դա՞ է իրենց բարեփոխումը։ 

– Ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ առաջարկ ունեք։

– Կա՛մ խելքներս գլուխներս ենք հավաքում ու այս պետությանը որպես մեր պետության ենք վերաբերվում, փորձում ենք պատասխանատվություն կրել այսօրվա ու վաղվա համար, ոչ թե սրան-նրան մեղադրենք, կա՛մ բոլորը գնալու են երկրից։

– Գործող իշխանության գլխավորությա՞մբ եք պատկերացնում խելքի գալը։

– Ո՛չ, այս մարդիկ այդ ունակությունները չունեն, նրանք արդեն հինգ տարի կլինի՝ կառավարում են, բայց մինչև այսօր պայքարում են նախկինների դեմ, չնայած նրանց ժողովուրդը 2018-ին արդեն ոչնչացրեց՝ որպես քաղաքական կատեգորիա: Նրանց վերակենդանացրեց Փաշինյանը, որովհետև նրանց հետ հեշտ է, ինչ լինի՝ բարդի նրանց վրա՝ նախկիններն են մեղավոր, նախկիններն են մեղավոր, ինչի՛ մասին է խոսքը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am