Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը նկարահանվում է «ՏԷՑ-ի կռուգո՞ւմ»

Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը նկարահանվում է «ՏԷՑ-ի կռուգո՞ւմ»
Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը նկարահանվում է «ՏԷՑ-ի կռուգո՞ւմ»

2013 թվականին գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի՝ 2008 թվականի «Առաջ Հայաստան» կարգախոսին կփոխարինի «Դեպի ապահով Հայաստան…» կարգախոսը: Ենթադրաբար, այս տարվա «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով անցած խորհրդարանական ընտրությունից հետո փոփոխությունները անգամ ՀՀԿ-ի համար ապահովություն չեն ապահովել:

Հավատացի՞նք, թե՞ չէ, փոխվեցի՞նք, թե չէ, ՀՀԿ-ն հիմա էլ որոշել է անապահով Հայաստանից մեզ տեղափոխել ապահով Հայաստան: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն խորհրդանիշների լայն տեսականի ունենա. ավանդական՝ կարգախոսի մակագրությամբ վզնոցներին ավելանան նաեւ արհեստական տերեւները` կանաչի տարբեր երանգներով: Փուչիկներ էլ են լինելու, բայց փուչիկների գործն այս անգամ Կարեն Ավագյանին չի վստահվելու: Երգը, որը կհնչի Սերժ Սարգսյանի հոլովակում, կկատարեն Հայաստանի հին ու նոր աստղերը՝ Միհրան Ծառուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Նունե Եսայանը, Ռազմիկ Ամյանը, Հայկոն: Հոլովակում կհնչի նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ձայնը: Երգում այսպիսի բառեր էլ կան՝ «Յուրաքանչյուր հայ թող նախ մտածի, թե ինքն ի՞նչ է արել Հայաստանի համար»: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հոլովակը նկարահանվում է «ՏԷՑ-ի կռուգում», ականատեսների վկայությամբ՝ շքեղ բեմի վրա, իսկ «ՏԷՑ-ի կռուգը», մեղմ ասած, բարի համբավ չի վայելում ու դրական էմոցիաներ չի արթնացնում: Հոլովակի մասսայական տեսարաններում անվճար նկարահանվելու դառը ճակատագիրը բաժին է հասել բուհերի ուսանողներին: Նախորդ օրը՝ դասերից հետո, ուսխորհուրդների գլխավորությամբ, ուսանողներին տարել են նկարահանումների: Նրանց, սակայն, չի ասվել, թե ո՞ւր եւ ի՞նչ նպատակով են տանում: Ասել են, թե պետք է մի ուսանողական միջոցառման մասնակցեն, որը հազիվ մեկ ժամ կտեւի: Երեխաներին ավտոբուսներով տեղափոխել են նկարահանման հրապարակ ու մինչեւ ուշ երեկո պահել այնտեղ: Ըմբոստացողներին եւ նկարահանումներից փախչել ցանկացողներին սպառնացել են «հիշել» ստուգարքների եւ քննությունների ժամանակ: Կարդալ ավելին