Մոսկվայում բացվում են ֆիթնես-ակումբները, մանկապարտեզները, ռեստորաններն ու սրճարանները

Մարզական արդյունաբերությունը վերսկսում է աշխատանքը Մոսկվայում. բացվում են ֆիթնես-ակումբները և լողավազանները: Նաև մանկապարտեզներն ու սոցիալական պաշտպանության հաստատությունները վերադառնում են բնականոն գործունեության, հյուրերի համար բաց են լինելու նաև ռեստորաններն ու սրճարանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում սահմանանափակումների մեղմացման մասին հաղորդում է ՌԻԱ-ն։

Ավելի վաղ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր մայրաքաղաքում սահմանափակումների փուլային մեղմացումների մասին։ Հունիսի 9-ին չեղարկվել է ինքնամեկուսացման ռեժիմը, բնակիչների տեղաշարժն ազատ է քաղաքում, բացվել են վարսահարդարման սրահները և մի շարք այլ ձեռնարկություններ, թատրոններն ու կրկեսները վերսկսել են փորձերը: Հունիսի 16-ից թանգարանները, ցուցասրահները, կենդանաբանական այգիներն ու սրճարանների և ռեստորանների ամառային տարածքները, ինչպես նաև ատամնաբուժարանները պատրաստ են սպասարկել այցելուներին:

Հունիսի 23-ին վերաբացվում են ռեստորաններն ու սրճարանները՝ խստորեն հետևելով Դաշնության առողջապահական ծառայության կանոններին․ ախտահանիչ միջոցներով կոնտակտային մակերեսների մաքրում, ախտահանման միջոցների և անձնական պաշտպանիչ սարքավորումների առկայություն, աշխատակիցների և այցելուների ջերմաչափում, սոցիալական հեռավորության պահպանում, սեղանները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն մեկ ու կես մետր հեռավորությամբ:

Խիստ են նաև կանոնները վերաբացվող ֆիթնես-ակումբների, լողավազանների և մարզասրահների համար։ Սահմանված են սանիտարահամաճարակային պահանջներ՝ սենյակների կանխարգելիչ ախտահանում և օդափոխության համակարգի խիստ վերահսկում։ Բացի այդ, պահանջները ներառում են ախտահանող նյութերի և անձնական պաշտպանիչ սարքավորումների առկայություն, աշխատակիցների և այցելուների ջերմաչափում։ Սպորտային սարքավորումները, նստարանները պետք է ախտահանվեն առնվազն երկու ժամը մեկ:

Հունիսի 23-ից, ամուսնության պալատները ևս վերսկսում են իրականացնել ամուսնական արարողություններ: Յուրաքանչյուր արարողությունից հետո սրահում կիրականացվեն  սանիտարական մաքրման աշխատանքներ և օդափոխություն: 

Մանկապարտեզներում պետք է կրկին խիստ կերպով պահվեն սանիտարահիգիենիկ կանոնները:

Հունիսի 23-ից Մոսկվայում վերսկսվում է նաև տուրիստական գործակալությունների և տուրիստական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների գործունեությունը` ըստ քաղաքապետի կարգադրության: Այնուամենայնիվ, մայրաքաղաքում էքսկուրսիաների կազմակերպումը դեռևս չի թույլատրվի: