Նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել․ Նախագահականը հերքել է և պարզաբանում տարածել

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկության, թե հունիսի 25-ին կառավարության նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման կարիքների բավարարման համար նախատեսված ծախսերն ավելացնելու մասին, նախագահի աշխատակազմը հայտնում է, որ կառավարության հիշյալ որոշման վերաբերյալ տարածված մեկնաբանությունները թյուրըմբռնման կամ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու հետևանք են, տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել:

ՀՀ կառավարության ս.թ. հունիսի 25-ի նիստում Հանրապետության նախագահի աշխատակազմի՝ 2020թ. ՀՀ պետական բյուջեով հաստատված ծախսերն ավելացնելու կամ որևէ լրացուցիչ միջոցների հատկացման մասին հարց չի ներկայացվել: Կայացված որոշմամբ ընդամենը փոփոխություն է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմին 2020 թվականի համար պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված և հատկացված միջոցներով ծախսեր իրականացնելու ընթացակարգում` փոփոխելով սահմանված չափաքանակները: Պետական բյուջեով Հանրապետության նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների ընդհանուր գումարը մնացել է նույնը, կրկնենք՝ այն չի ավելացել:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը, ելնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակից, արդեն իսկ պետական բյուջե է վերադարձրել 2020թ. երկրորդ կիսամյակ համար աշխատակազմի պարգևավճարների և նախագահի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից շուրջ 152 մլն դրամ:

ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած վերոհիշյալ որոշումը կնպաստի Հայաստանում համավարակի տարածման սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող միջոցառումներն ավելի օպերատիվ դարձնելուն: Բացառապես բարեգործական, մշակութային և սոցիալական նշանակության այդ միջոցառումները կդառնան ավելի նպատակային և կիրականացվեն առավել կարճ ժամկետներում:

Հորդորում ենք լրատվամիջոցներին մասնավորապես Հանրապետության նախագահի աշխատակազմին վերաբերող լրատվություն հրապարակելիս լինել ավելի ուշադիր և օբյեկտիվ՝ խուսափելու թյուրիմացություններից:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր Արմեն Սարգսյանը բնակվում է իր սեփական առանձնատանը, և ոչ թե պետության կողմից նախատեսված կառավարական առանձնատանը: Հանրապետության նախագահը նաև աշխատավարձ չի ստանում ո՛չ կանխիկ, ո՛չ էլ անկանխիկ եղանակով: Նախագահն իր աշխատավարձը կամ փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ ուղղում բարեգործական նպատակների, այդ թվում՝ որպես աջակցություն սոցիալապես խոցելի խմբերին կամ սահմանամերձ բնակավայրերի երեխաներին: Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից արդեն իսկ իրականացվել են նմանատիպ մի քանի միջոցառումներ»,- նշված է պարզաբանման մեջ: