Վարչական տուգանքների գումարների հափշտակությունները թույլ չտալու մեխանիզմներ ներդնելու միջնորդությամբ Դատախազությունը դիմել է Ոստիկանությանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննված քրեական գործով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչ           Վ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացրել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը: Մասնավորապես, Վ. Գալստյանն ի պաշտոնե պարտավոր է եղել ապահովել իր կողմից սպասարկվող դասակի հրամանատարի կամ փոխարինողի կողմից կազմված արձանագրությունների և տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերի ընդունումը տեսչական անձնակազմից, կատարել դրանց ձևակերպումը համապատասխան մատյաններում և ձևաթղթերում, ընդունել քաղաքացիների կողմից տեսուչներին վճարված տուգանքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը, գումարի ընդունման դեպքում՝ ապահովել դրա վճարումը ՃՈ համապատասխան արտաբյուջետային հաշվին ոչ ուշ, քան մինչև հաջորդ օրվա ավարտը:

Պարզվել է, որ 2019-2020թթ.-ի ընթացքում քաղաքացիների կողմից ՃԵԿ խախտելու համար Լոռու մարզի Թումանյանի վարչական տարածքը սպասարկող ՀՀ ոստիկանության ՃՈ ճանապարհապարեկային տեսուչների կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումները, ՃԵԿ խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերը և քաղաքացիների կողմից վճարված գումարները՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ, սահմանված կարգով հանձնվել են Վ. Գալստյանին: Վերջինս, սակայն, վարչական իրավախախտման արձանագրությունները, որոշումները և տեղում վճարման անդորրագրերը ՃՈ էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, գումարները մեկօրյա ժամկետում Ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել: Փոխարենը, նա առանձնապես խոշոր չափերով այդ գումարը յուրացրել է՝ օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Առաջադրված մեղադրանքում Վ. Գալստյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

Միաժամանակ, քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, այդ փաստաթղթերի և գանձված գումարների՝ համապատասխան անձանց կողմից միմյանց հանձնում-ընդունումը պատշաճ կերպով չի կատարվել, որևէ պաշտոնատար անձի կողմից, ըստ էության, այդ գործընթացի նկատմամբ հսկողություն չի իրականացվել, որոնք էլ հափշտակություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծել:

Այսինքն՝ աշխատանքների կազմակերպման ընթացքում չի ապահովվել այնպիսի գործիքակազմ, որը կբացառեր վերը նշված բնույթի խախտումներն ու չարաշահումները, անհնար կդարձներ ենթադրյալ հանցագործությունը տևական ժամանակ չխափանելը և չհայտնաբերելը:

Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատանքներում տեղ գտած վերը նշված բնույթի խախտումներն ու թերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար: Նման պայմաններում առաջանում է տուգանք վճարող քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկ և նմանատիպ երևույթներ ենթադրաբար կարող են տեղի ունենալ նաև ՃՈ ծառայության այլ ստորաբաժանումներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն արձանագրությունների, վարչական տուգանքների վճարման անդորրագրերի խիստ հաշվառում իրականացնելու, ՃՈ էլեկտրոնային ռեգիստր մուտքագրելու, գումարները սահմանված մեկօրյա ժամկետում պարտադիր բանկ վճարելու և այդ ամբողջ գործընթացի նկատմամբ գործուն վերահսկողության մեխանիզմներ մշակելու և գործադրելու նպատակով: