Մոր մահից հետո միայնակ մնացած հաշմանդամություն ունեցող Սերգեյ Գարուշյանը տեղափոխվել է Գյումրու տուն-ինտերնատ․ Նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վերջերս կայքերից մեկը տեսանյութ էր պատրաստել հաշմանդամություն ունեցող մի քաղաքացու մասին, ով մնացել էր առանց խնամքի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Սերգեյ Գարուշյանը մոր հետ հաշվառված է եղել սոցիալական աջակցության Կենտրոնի տարածքային բաժնում։

Ընտանիքը եղել է նպաստառու, ստացել սոցիալական նպաստ։ 2020թ․ օգոստոսի 18-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ մայրը մահացել է, և Սերգեյ Գարուշյանը 2 օր է՝ հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում, առանց խնամքի: Նույն օրը Կենտրոնի վարչական շրջանի սոցիալական աջակցության տարածքային բաժնի կողմից կազմակերպվել է քաղաքացու շուրջօրյա հաստատությունում ուղեգրման գործընթացը։

Նշեմ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի գրության համաձայն Սերգեյ Գարուշյանը 19․08․2020 թվականին ուղեգրվել է տուն-ինտերնատ, իսկ օգոստոսի 20-ին կազմակերպվել է քաղաքացու տեղափոխումը Գյումրու տուն-ինտերնատ:

Հետգրություն․ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն օգնելու համար անհրաժեշտ է դիմել համայնքի ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության մարմին, մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան: