Հայկական լոբբի. Ադրբեջանի թիվ մեկ թշնամու առաջխաղացումը

Հայկական լոբբի. Ադրբեջանի թիվ մեկ թշնամու առաջխաղացումը
Հայկական լոբբի. Ադրբեջանի թիվ մեկ թշնամու առաջխաղացումը

Նախագահ Ալիևի նորագույն հայտարարությունը առաջին հայացքից քաղաքական անհեթեթության հերթական նմուշ կարող է համարվել: Պետք է փորձել սակայն հայտարարության շարժառիթը տեսնել` հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացի ժամանակի ներկա տարածքում և այնտեղ կատարված վերջին զարգացումների լույսի ներքո։
Նախ ամփոփենք հայտարարության բովանդակության հիմնական կետերը:
Նախագահ Ալիևի համար Ադրբեջանի թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Հայաստանի Հանրապետությունը, ըստ Ադրբեջանի ղեկավարի, արհեստական մի պետություն է` «հիմնված հնադարյան ադրբեջանական տարածքների վրա»:
Ալիևը շարունակում է քաղաքական «գյուտարարությունը» և, այս անգամ հայկական լոբբիի կողմից դիտելով հարցը` հայտարարել է, որ Ադրբեջանի համար հայկական լոբբին թիվ մեկ թշնամին է, բացատրելու համար, թե ինչո´ւ է Բաքուն թշնամի նկատում հայկական լոբբին: Թշնամանքը թշնամանքի արդյունք է «խաղաղասեր» Բաքվի համար:

Ապա Ալիևն անցել է դասակարգելու իր երկրի թիվ երկու թշնամուն, որ իսլամաֆոբիան է, որին կլանված են տարբեր պետություններ: Այստեղ իսլամաֆոբիայի զարգացման ալիևյան բացատրությունն այնքան էական չէ, որքան երևույթի նշումը իբրև երկրորդ թշնամի: Բայց այդ մասին` քիչ հետո:

Շատ արագ, ալիևյան այս հայտարարությունը հուշում է համահնչեղություն Անկարայի տարբեր վարիչների կողմից կրկնվող հանկերգին` Թուրքիան պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերություններ մշակելու, սակայն Սփյուռքն է (իմա` հայկական լոբբին) խանգարողը. կամ` ծայրահեղական Սփյուռքի և չափավորական Հայաստանի անտեղի բնութագրումներն ու որակավորումները` ներհայկական ճեղքեր առաջացնելու անարդյունք քաղաքականության կիրարկման փորձերով:

Այս դեպքում սակայն աշխատում է մեկ այլ տրամաբանություն: Չմոռանանք, որ քաղաքական ի՛նչ տեսակի կարևորություն ներկայացնող երևույթի և ժամանակի հանգամանքներ են ստիպել Ալիևին կատարելու նման հայտարարություն:

Խնդիրը շատ բնական կարգով կապվում է պաշտոնական Մոնտեվիդեոյի առած քայլերին: Բաքվի ղեկավարն ու իր խորհրդականները շատ լավ գիտեն, որ Ուրուգվայը զուտ հայտարարողական հարթությունից դուրս է եկել և իրոք, քայլ առ քայլ, պատրաստվում է Արցախի իրավական ճանաչման առնչությամբ պաշտոնական դիրք ճշտելու: Բաքվի բողոքագրերը ևս որևէ ազդեցություն չեն գործել Մոնտեվիդեոյի վրա, որ միևնույն հետևողականությունն ու հայտարարված հանձնառությունը ցույց է տալիս Արցախի թղթածրարի նկատմամբ: Թեկուզ նվազ ազդեցիկությամբ, այսուհանդերձ տագնապի մատնող քայլ էր նաև Ավստրալիայի մեծագույն նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, որից շփոթահար վիճակում հայտնվեց Ալիևի վարչակարգը:

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի այցելությունը Ստեփանակերտ ինքնին Բաքվի անճարակությունը մատնող քայլ է: Ճիշտ է, որ երկար ճանապարհ է ենթադրում տակավին, այսուհանդերձ առաջին քայլն արված է, և դեպի իրավական ճանաչումը քայլ առ քայլ կտրելիք ուղի է:

Հիմա պետք է զորաշարժի ենթարկել ադրբեջանական դիվանագիտությունը` թիրախ ընտրելով հայկական լոբբին: Ալիևի վարչախումբը նկատել է, որ ինչպես Ավստրալիայի և ԱՄՆ որոշ նահանգների, այնպես էլ Ուրուգվայի դեպքում տեղի շարժիչ գործոնները՝ Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը հիմնական դերակատարությունն են ունեցել։ Ուրեմն պետք է թիվ մեկ թշնամի նախ հայտարարել ու ճանաչել հայկական լոբբին, մշուշապատել թշնամանքի բուն պատճառը` հայտարարելով, որ իրենց թշնամանքը հայկական լոբբիի կողմից դավանած թշնամանքի արդյունք է պարզապես ,և ապա հայտարարված թիվ մեկ թշնամու դեմ հավաքագրել և զորաշարժի ենթարկել նրանց, ովքեր իսլամաֆոբիայի զոհ են: Կրոնական հանգամանքի այս իբրև թե հեզասահ անցումը կատարելով` Ալիևը խաղում է հայկական լոբբիի դեմ իսլամական աշխարհը զինվորագրելու նպատակով հին մարտավարությամբ նոր խաղը:

Ուրուգվայի քայլերը հունից հանել են նախագահ Ալիևին: Սա նշանակում է, որ դիվանագիտական պատերազմ հայտարարող Ալիևի համար հետզհետե, քայլ առ քայլ տեսանելի դառնալու ընթացքում է Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը: Իսկ այս մեկը փաստում է արդեն Բաքվի վրա հայկական լոբբիի կամ Ադրբեջանի թիվ մեկ թշնամու արձանագրած առաջխաղացումը:

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր