Երևանի 40 մանկապարտեզներում կատարվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ.տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում աշխատանքային հանդիպում-քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել տարվա ընթացքում Երևանի շուրջ 40 նախակրթարաններում կատարված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքները։

Թե ինչ թերություններ ու խնդիրներ են արձանագրվել, տեսչական մարմինը չի հայտնում։ Նշվում է, որ արձանագրված թերությունների վերացման համար մանկապարտեզների տնօրեններին առաջարկել են կազմել և Երևանի քաղաքապետարան ներկայացնել գործողությունների պլան։ Մանկապարտեզների տնօրեններն իրենց հերթին ներկայացրել են այն խնդիրները, որոնց լուծման գործում ակնկալում են տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի մասնագիտական աջակցությունը։