«Ես իրավունք ունեմ մտածելու, որ հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության հետևում կանգնած են գերտերությունները». Անահիտ Բախշյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հոկտեմբերի 27-ի զոհ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը

– Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ այս պահին հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման հնարավորություն կա: Դուք բազմիցս այս հարցով դիմել եք իրավապահներին, սակայն սայլը տեղից չի շարժվել: Հիմա, երբ այսպիսի հայտարարություններ են հնչում, հույս կա՞, որ կբացահայտվի:

– Ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա Հայաստանի քաղաքական իրականությունը, մեր պետականության հետ կապված քաղաքական գործընթացները բացահայտում են հոկտեմբերի 27-ը: Ամեն ինչ ինձ համար լույսի պես պարզ է, որովհետև 1999-ի հոկտեմբերի 23-ին Անվտանգության խորհրդի նիստում Քոչարյանը Մեղրու, այսօրվա բառերով՝ Սյունիքի միջանցքի տարբերակը ներկայացրել է, որը կտրականապես մերժել են Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը: Այնտեղ շատ սուր բանավեճ է եղել, իրենք դուռը շրխկացրել, դուրս են եկել:

23 տարի առաջ՝ հոկտեմբերի 23-ին եղել է Զանգեզուրի միջանցքը Արցախի, թե Լաչինի հետ փոխանակելու տարբերակը: Դրանից հետո եղավ հոկտեմբերի 27-ը, Ազգային ժողովում սպանվեց 8 մարդ, այդ թվում՝ ԱԺ նախագահն ու վարչապետը, որոնք դեմ էին այդ տարբերակին:

Ի՞նչ է տեղի ունենում այսօր. այսօր Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցությունները չեն իջնում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների շուրթերից, այսինքն՝ բոլոր այդ երեք պետությունները բացահայտ խոսում են դրա մասին:

Ես հարց եմ տալիս. 23 տարի առաջ, երբ այս տարբերակը դրվեց ու մերժվեց Հայաստանի իշխանության կողմից, և դրա համար գնդակահարվեց իշխանությունը, պետությունը գլխատվեց, այսօր այդ տարբերակն առաջ են մղում իմ նշած պետությունները: Ես իրավունք ունեմ մտածելու, որ այդ պետական ահաբեկչության հետևում կանգնած են այդ պետությունները: Թող ինձ ապացուցեն հակառակը, չեն կարող: Այսօրվա իրականությունը դա է ասում:

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի ասածին, այն, ինչ նա ասել է, շատ հետաքրքիր է:

– Հետաքրքիր է այն տեսանկյունից, որ իշխանությունը այդ ուղղությամբ գործնական քայլեր չի՞ անում:

– Այո՛, չի անում, բայց այս պահը, իմ կարծիքով, կարող է օգտագործել Նիկոլ Փաշինյանը, որը Սոչիում շատ հետաքրքիր ու դիվանագիտական բառապաշարով Պուտինին կարող է ասել՝ մենք այսօր տեսնում ենք, թե ո՛ր պետությանն էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը, և ո՛վ էր դրանում շահագրգռված:

Կարող է ուղիղ չասել, բայց հատուկ բառապաշարով ակնարկել, որ տես, հա, մեր դաշնակցային պայմանավորվածությունները, պայմանագրերը, ի վերջո, չեն կարող կապել մեր աչքերը, բերանը, ձեռքերը, որպեսզի մենք ուրանանք այս պետական ահաբեկչությունը, որի նպատակն է եղել այն, ինչը դուք այսօր անում եք: Ես այդպես եմ կարծում:

– Ընդունված է ասել, որ հենց հոկտեմբերի 27-ն է մեր պետությանը հետ գցել: Այդ դեպքում ի՞նչն է հետ պահում ցանկացած իշխանության գործնական, շատ կոնկրետ քայլեր կատարել այն բացահայտելու ուղղությամբ:

– Ես արդեն ասացի, որ Ռուսաստանի հետ բազմաթիվ պայմանագրեր ունենք, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ ենք: Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային կապերը թույլ չեն տալիս խորանալ և մինչև վերջ բացահայտել այդ ողբերգությունը: Բայց այսօր այն պահն է, որ ինչպես Աստանայում Փաշինյանն ուղիղ դրեց սեղանին, ուղիղ ասաց՝ ով է ագրեսորը, ով է նրան հովանավորում, այդպես էլ մի օր պետք է կանգնենք և ուղիղ ասենք Ռուսաստանին, որ Զանգեզուրի միջանցքի գաղափարը արժեցավ մեր պետականության գլխատումը:

– Դրա համար քաղաքական կա՞մք է պետք:

– Այո՛, քաղաքական կամք է պետք:

Մանե Հարությունյան

MediaLab.am