Ընտանեկան բռնության ենթարկված և աշխատանքը կորցրած կանանց կտրամադրի հրատապ սոցիալական աջակցություն

Կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը հավելյալ դժվարություններ է ստեղծել կանանց համար: Տնային պայմաններում նրանք ստիպված են համատեղել և երեխաների խնամքը, և կենցաղային հոգսերը, և մասնագիտական աշխատանքը: Առավել դժվար վիճակում են հայտնվել այն կանայք, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության կամ համավարակի պատճառով կորցրել են աշխատանքը: Վերջերս հրապարակված զեկույցի տվյալներով, մարտ-մայիս ամիսներին ընտանեկան բռնության թեժ գծերին հեռախոսազանգերն ավելացել են 50%-ով:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը համագործակցում է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության հետ: Հիմնադրամի միջոցներով կազմակերպությունն ընտանեկան բռնության, աշխատանքային իրավունքների շահագործման ենթարկված և աշխատանքը կորցրած կանանց կտրամադրի հրատապ սոցիալական աջակցություն՝ հաղթահարելու համավարակի հետևանքները: Այս օգնությունը թույլ կտա 4 ամսվա համար հոգալ Շիրակի մարզում բնակվող 30 կանանց սննդի, առողջապահական ծառայությունների, բնակարանի վարձակալության ծախսերը:

Ծրագրի շրջանակում բռնության և աշխատանքային իրավունքների շահագործման ենթարկված կանանց կտրամադրվի անվճար իրավաբանական և հոգեբանական աջակցություն:

ԿՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարի շրջանակում ԲՀՀ Հայաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ https://bit.ly/2AJaDUm