«Սիրում էր տոնական օրերին ծաղիկներ նվիրել, որտեղ գնում էր՝ ծաղիկներ էր բերում»․ ամուսնու զոհվելուց հետո Գայանեն ասում է՝ դե էլ ի՛նչ կյանք…

Մինչև պատերազմը Գայանե Ավանեսյանի կյանքը լի էր ուրախությամբ ու երջանիկ պահերով, պատերազմը խլել է ոչ միայն անհոգությունը, տունն ու հայրենիքը, այլև ամենաթանկ մարդուն՝ ամուսնուն, երեք երեխաների հորը: 

«Դե էլ ի՛նչ կյանք, հենց էնպես օրեր են, անց ենք կացնում։ Երեք երեխաներս մնացին առանց հոր»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է Գայանեն։

Գայանեի ամուսինը՝ 43-ամյա Հենրիխ Գրիգորյանը, պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում, հակառակորդի դեմ պայքարել Մարտունիում։ Սնունդ է մատակարարել դիրքեր և զենք տեղափոխել, այդ ընթացքում էլ զոհվել է հակառակորդի հարվածից։

Գայանեն վերջին անգամ ամուսնու հետ կապ է հաստատել հոկտեմբերի 22-ին, ասում է, որ ամուսինը շատ ուրախ և բարձր տրամադրությամբ էր, միշտ հույս էր տալիս:

«Ծիծաղելով էր խոսում, ուրախ, որ ամեն ինչ լավ է լինելու, հուսահատական բան չի լինելու, ասում էր՝ ինչո՞ւ եք գյուղից գնում, ամեն ինչ լավ է լինելու։ Եկեք տանը մնացեք, տանը նայեք՝ էդ հույսով»,- պատմում է Գայանեն։

Կինն ասում է, սակայն, այդ զանգը վերջինն էր, դրանից հետո այլևս ամուսնու կողմից զանգ չստացավ: 

«Ինքն ամեն օր առավոտ և երեկոյան զանգում էր, ես սպասում էի իր զանգին։ Բայց հաջորդ օրը էլ չզանգեց։ Ես արդեն համոզված էի, որ ինքն էլ չկա, ինքը որ ողջ լիներ, մի տեղից անպայման կզանգեր,- ասում է կինը և նշում, որ, այդուհանդերձ, հոգու խորքում հույս ուներ, որ զգացածն ու մտածածը ճիշտ չեն․- էլի հույսս չէի կորցնում,  մտածում էի՝ գուցե հեռախոսը զարյադկա չունի»։

Գայանեն ասում է, որ ամուսնու մասին լուր չունենալուց հետո փորձել են տարբեր եղանակներով հետաքրքրվել, որևէ տեղեկատվություն գտնել նրա մասին, ամուսնու զինակից ընկերներից մեկը Ֆեյսբուքում նկատել է հայտարարությունը, կապվել ու ընտանիքին պատմել է եղելությունը:

«Իր հետ հայաստանցիներ են եղել, ղարաբաղցիներ չեն եղել, դրա համար ոչ մեկը տեղյակ չէր։ Հետո մենք նկարը տեղադրեցինք Ֆեյսբուքում, մի տղա զանգեց, ասեց՝ որ էդ ժամանակ ինքը նրա հետ է եղել։

Ամուսինս մեքենա էր վարում, սնունդ է մատակարարել, զենք է տեղափոխել։ Էդ տղան պատմեց, որ ամուսինս մեքենան բերել, կանգնեցրել է, ասել՝ գնում եմ բլինդաժում պառկեմ, մի քիչ հանգստանամ: Էդպես 3-4 հոգով բլինդաժում են եղել, ինքնաթիռ է, բոմբ է՝ ինչ է, խփել են բլինդաժին։ Էդ տղան մի քիչ հեռու է եղել, ինքն էլ վիրավորվել էր»,- պատմում է կինը։

Գայանեն ամուսնու զոհվելուց հետո, ասում է՝ կյանքը կորցրել է բոլոր գույները։ Պատմում է, որ ամուսինը կատակասեր և լավատես էր, միշտ հումորով և ընկերասեր։ Տոն օրերին մշտապես կնոջը ծաղիկներ է նվիրել, այժմ տոները Գայանեի համար ամենատխուր օրերն են դարձել։

«Երջանիկ ընտանիք էինք, մեզ համար մեր ուժերով ապրող, մենք աշխատում էինք, մեր ընտանիքը պահում էինք։

Ինքը շատ սիրված էր բոլորի կողմից, որտեղ լինում էր, էնտեղ ուրախություն էր։

Սիրում էր տոնական օրերին ծաղիկներ նվիրել, ինքը իր ձեռքով ծաղիկներ էր հավաքում, որտեղ գնում էր, ծաղիկներ էր բերում»,- հուզվում է կինը։

Սարգսաշեն գյուղի նախկին գյուղապետ, գյուղի վետերանների միության նախագահ Անդրանիկ Աբրահամյանը ընկերոջ՝ Հենրիխ Գրիգորյանի մասին ասում է, որ ընկերասեր էր, խիզախ, թեև տարիքով փոքր էր իրենից, բայց ընկերներ էին:

«Ինձնից մի քիչ փոքր էր, բայց տարիքը կապ չուներ, ընկերություն էինք անում։ Փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ։ Միասին մասնակցել ենք քառօրյա պատերազմին։ Որպես մեր գյուղի վետերանների միության նախագահ՝ երիտասարդներին հավաքել էի, գնացել էինք դիրքեր ու ահագին ժամանակ՝ 3-4 ամիս, դիրքերում ենք կացել։ Որպես խիզախ, լավ ծառայած՝ Հենրիխ Գրիգորյանին ազատամարտիկների կողմից «Արիության մեդալ» ենք տվել։


Ակտիվ մասնակցեց նաև այս պատերազմին, սամալյոտի ռմբակոծությունից բլինդաժում մահացավ»,- ափսոսանքով ասում է ընկերը։

Գայանե Ավանեսյանն ասում է, որ երեխաներն էլ կարոտով ու ցավով են հիշում հայրիկին, ասում է՝ երեք տղաներն էլ շատ կապված էին հոր հետ։

Գայանեն հիմա ամբողջ ժամանակը երեաների հետ է անցկացնում, ասում է՝ ուզում է մի քիչ շեղել պատերազմի վերաբերյալ թեմաներից:

«Շատ են կարոտում, փորձում եմ ամբողջ ժամանակը երեխաներին տրամադրել, նրանց շեղել պատերազմից, մի քիչ մոռանան, ուզում եմ, որ ուրախ ապրեն, չտխրեն»,- նշում է մայրը:

Գայանեն հիմա միայն մի երազանք ունի՝ էլ պատերազմ չլինի, ու երեխաները պատերազմ չտեսնեն:

«Հեսա երեխուս 18-ը պիտի լրանա, բանակ կտանեն, մենակ դրանից եմ վախենում, որ չսկսվի պատերազմ, երեխեքը մասնակից չլինեն։

Գոնե էսքանից հետո խաղաղ ապրենք, երջանիկ ապրեն, իրենց նպատակներին հասնեն»,- ասում է Գայանեն։

Իսկ ինքն ամբողջ օրը մտքով ամուսնու հետ է, վերհիշում է միասին անցկացրած օրերը, մտքով գյուղ հասնում, կորցրած տունը մտաբերում ու տխրում, որ այլևս կյանքն առաջվանը չէ․ «Անընդհատ մտքով մեր գյուղում եմ, հիշում եմ մեր անցած օրերը, մեր ապրած օրերը, ամուսնուս ասած խոսքերը։ Ինքը միշտ էդ օրով էր ապրում, որ ես ասում էի, օրինակ՝ փողը պահենք հետոյի համար, ասում էր՝ ծախսի, էսօր կանք, վաղը չկանք։ 

Ինքը կյանքը սիրում էր, բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, էնպիսի մեկը չկար, որ հետը վատ լիներ, էդպիսի մարդ էր»,- կարոտով ասում է կինը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am