Անձամբ ես պատրաստ եմ իմ հրամանատարությամբ կամավորագրվածների հետ միասին ստանձնել ճակատի որևէ ծանր հատվածի պատասխանատվությունը․ Սեֆիլյան

Սասնա ծռեր կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել․

Արցախյան ճակատում վիճակը ծանր է: Թշնամին նորանոր ուժեր է նետում մարտադաշտ: Անգամ պատերազմական վիճակում շարունակվում է Արցախի անկախության կեղծ մոտեցումից բխող տրամաբանությունը, ինչի պատճառով Հայաստանի Հանրապետությունը ներկայանում և մասամբ նաև գործում է Արցախին աջակցողի դիրքից:

Դրա հետևանքով ռազմաճակատի գիծը տեղայնացվել է միայն Արցախյան հատվածում , ինչի շնորհիվ թշնամին կարողանում է իր ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ և ծանր կորուստներ պատճառել մեզ: Ստեղծված իրավիճակում կա միայն մեկ լուծում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ժամ առաջ հայտարարի սարդարապատային վիճակ և ապահովի հաղթանակի համար անհրաժեշտ համազգային մոբիլիզացիան:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է դուրս գալ Կրեմլի ստեղծած մահացու փակուղուց, դադարեցնել նրա խաղի կանոններով իշխանությունը պահպանելու բանակցությունները և ճիշտ արտաքին քաղաքական դիրքավորում որդեգրելով այլ ուժային կենտրոններից ստանալ գործնական դաշնակցային աջակցություն, այդ թվում՝ անհրաժեշտ զենքի և զինամթերքի մասով, որն, ի դեպ, այս օրերին հույժ կարևոր է մեզ համար:

Զուգահեռաբար, թեկուզ ուշացումով, անհրաժեշտ է անել հետևյալը.

1. Բեռը չթողնել միայն Արցախի ճակատի վրա, այլ ուրիշ ուղղություններով, առաջին հերթին՝ Հյուսիս-արևելյան հատվածից նոր ճակատ բացել և թիրախավորել թշնամու ուժերն ու միջոցները և ենթակառուցվածքները, որպեսզի թշնամին ստիպված լինի Արցախյան ճակատից դեպի նոր ճակատ տեղափոխել իր ուժերի մի մասը:

2. Առանց հապաղելու գործադրել ՀՀ Զինված ուժերի ծանր սպառազինությունն ու տեխնիկան՝ թշնամու հարձակումները խափանելու և նրան հակահարած տալու համար:

3. Զորահավաքային ռեսուրսից ՀՀ տարածքի խորքում պատրաստել նորանոր ստորաբաժանումներ և ուղարկել ռազմաճակատ:

Ցավալի է, որ մենք ամենաբարձր մակարդակով փորձել ենք մեր աջակցությունն առաջարկել, սակայն մինչ օրս արձագանք չենք ստացել: Մինչդեռ փորձառու հրամանատարներն այսօր շատ անհրաժեշտ են՝ որպես խորհրդականներ կամ ճակատի որոշակի հատվածների պատասխանատուներ:

Անձամբ ես պատրաստ եմ իմ հրամանատարությամբ կամավորագրվածների հետ միասին ստանձնել ճակատի որևէ ծանր հատվածի պատասխանատվությունը, ինչպես նաև խորհրդականի կարգավիճակով աջակցել մեր երիտասարդ հրամանատարներին:Համոզված եմ, որ Սարդարապատի ոգով ու տրամաբանությամբ գործելու դեպքում մենք ոչ միայն կջախջախենք թշնամուն, այլև, դաշնակցելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ, կկազմալուծենք այդ արհեստական պետությունը, կհասնենք Քուռ գետին և մեր երկրի արևելյան թիկունքը մեկընդմիշտ կապահովենք թշնամական ոտնձգությունից:

Ժիրայր ՍեֆիլյանՍԱՐԴԱՐԱՊԱՏ ԷԱրցախյան ճակատում վիճակը ծանր է: Թշնամին նորանոր ուժեր է նետում մարտադաշտ:Անգամ…

Posted by Սասնա Ծռեր համահայկական շարժում on Friday, October 2, 2020