«Թատրոնն իմ երազանքն էր, որի համար ես պատրաստ էի դեմ գնալ ամբողջ աշխարհին». Վահան Բադալյանը՝ երազանքները կյանք բերողը

Վահան Բադալյան (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան @DaphneArmenia)

«Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի մասին է: «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և առաջ քայլել: «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մյուս հերոսների պատմությունները  www.DaphneArmenia.com կայքում:

«Երբ մաթեմատիկայիս ուսուցչուհին իմացավ, որ որոշել եմ թատերական ինստիտուտ ընդունվել, խեթ-խեթ նայեց ու ասաց՝ տղա՛ ջան, լուրջ գործով զբաղվիր, ի՜նչ թատրոն: Որևէ մեկը, իսկապես որևէ մեկը չէր կարծում, որ թատրոնը լուրջ գործ է, և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ինձ համար այն ոչ թե պատանեկան հոբբի էր կամ դեռահասի ապստամբություն՝ ապացուցելու, որ իրենց ուզածը չի լինելու, այլ թատրոնը իմ երազանքն էր, որի համար ես պատրաստ էի դեմ գնալ ամբողջ աշխարհին»: 

Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը 17 տարեկան էր, երբ ծնողներից պահանջեց տան նկուղը ամբողջությամբ տալ իրեն, որ ներկայացում բեմադրեր: 

«Օազիսը»՝ նկուղային թատրոնը, 1994-ին այնքան հայտնի դարձավ քաղաքում, որ հանդիսատեսը շտապում էր տոմսեր գնել մի նոր ասելիք լսելու ու տեսնելու համար: Հերթական՝ Իոնեսկոյի «Դասը» բեմադրության ժամանակ տոմս ձեռք բերածների շարքում էր նաև նկարիչ Հենրիկ Իգիթյանը: Այդ օրը 17-ամյա տղան առաջարկ ստացավ գնալ ու աշխատել Փոքր թատրոնում ու զբաղվել լուրջ արվեստով:

«Ես որոշեցի ու ինքս ինձ ասացի՝ Վահա՛ն, ջնջի՛ր մաթեմատիկան քո կյանքից, դա քեզ պետք չէ, չնայած ընկերներս, որոնք դիտում են իմ բեմադրած ներկայացումները, ասում են, որ դրանք երկրաչափական ճշգրտությամբ են մտածված: Իմ համառությունը ստիպեց ծնողներիս ճիշտ ժամանակին զենքերը վայր դնել ու պարզապես աջակցել ինձ: Ի դեպ, դա լավագույն բանն է, որ մենք կարող ենք անել երեխաների համար՝ չփաթաթել մեր չիրականացած երազանքները նրանց վզին, այլ թույլ տալ, որ ազատ լինեն»,- ասում է Բադալյանը: 

Նա մերկացրել է արտիստին բեմում այն ժամանակ, երբ ավանդապաշտության ու պահպանողականության տակ քողարկված հասարակությունը բարձրաձայն քննադատում էր արարքը, ցածրաձայն՝ հրճվում նրա համարձակությամբ, նա հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց մեկ բեմում ստիպել է կանգնել ու հիացնել հանդիսատեսին՝ կարծրատիպեր ունեցող հանդիսատեսին, նա Փոքր թատրոն է բերել աշխարհի ժամանակակից թատրոնի արտիստների, արել տարբեր միջազգային նախագծեր, ու ամեն բան դեռ առջևում է: 

Բակային թատրոն, հետո՝ 20 հոգանոց նկուղային թատրոն, Երևանի Փոքր թատրոն… միջազգային համագործակցություններ: Սա չափազանց ճշգրիտ երկրաչափական պատկեր է՝ վայրիվերումներով լի անկանոն շարժում, որի մեջ միակ ճշմարտությունը երազանքն է, իսկ դրա հետևից պետք է գնալ՝ անկախ շարժման կանոնավոր լինելուց կամ չլինելուց: 

«Վերջին երկու տարվա վիճակագրությանը նայելիս տեսնում եմ, որ արվեստում տղաների թիվը նվազել է: Արական սեռը հեռանում է արվեստից. այդպես չի կարելի: Բայց դա էլ կրկին չի կարելիների հետևանք է: Ձեզ տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում կասեն՝ մի լուրջ գործով զբաղվիր: Կամ դուք կհետևեք նրանց խորհրդին ու կկորցնեք ձեզ, գուցե լավ էլ վաստակեք, կամ դուք համառ ու պինդ կգտնվեք, թափ կտաք ձեր ուսերին նստած ու ձեր փոխարեն որոշում կայացնող հանրույթին ու ձեզ հնարավորություն կտաք երազել»,- նշում է Վահան Բադալյանը:

Ավելին՝ ստորև