ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում «Բանանն անվնաս է» վերնագրով գրառում է կատարել.
«Բանանն անվնաս է !!!
Դեռևս դեկտեմբերին ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» Էվկադորից արտահանվող բանանի խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճ էր հայտնաբերել։
Մենք դա ընդունեցինք ի գիտություն ու, թեև Հայաստանի սահմանային հսկիչ կետերի տեսուչները ներկրվող բանանի խմբաքանակներում նման խնդիր չէին հայտնաբերել, սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել էր վերահսկողությունը:
Սահմանին վերահսկողության ամբողջ ընթացակարգը այսօր էլ շարունակում է խստորեն պահպանվել, ու դա վերաբերում է ոչ միայն բանանին:
Կարանտին որևէ հիվանդությամբ որևէ պտուղ Հայաստան չի մտնում: Բայց, չգիտես ինչու, ինչ-որ մարդիկ հենց բանանի շուրջ պարբերաբար սկսում են «խուճապային» տրամադրություններ տարածել:
Հիմա էլ համացանցում նոր տեսանյութ է շրջանառվում»,- մասնավորապես գրել է Անուշ Հարությունյանը` հորդորելով չտրվել մանիպուլյացիաների:
«Նախ` սիրելիներս, բույսերի հիվանդության հարուցիչները մարդուն չեն անցնում և պտուղը ուտելիս դրանք մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր լինել չեն կարող:
Դրանցից որոշները կարող են միայն տնտեսական վնաս հասցնել աճեցնողներին, ինչի համար էլ համարվում են «կարանտին» և խստորեն վերահսկվում:
Իսկ գրիպի և այլ վիրուսներ պտուղների մեջ իրենց գոյությունը պահպանել չեն կարող, դրանց համար անհրաժեշտ են կենդանի օրգանիզմներ»,- ասված է գրառման մեջ:
02.02.2020