«Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին» այս արտահայտությունը արդիական է դառնում, երբ տեսնում ես ՀՀ-ի և Արցախի էլիտաներին համախմբված լեցուն սեղանների շուրջ․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»,- այս սարսափելի հիերարխիկ, խտրական ու էլիտիստական արտահայտությունը արդիական է դառնում, երբ տեսնում ես Հայաստանի և Արցախի էլիտաներին՝ համախմբված լեցուն սեղանների շուրջ։ Փաստացի նրանք դրանով ուղերձ հղեցին ժողովրդին, որ․

1․ Սահմանափակումները, որոնք վերաբերում են ծնունդ, կնունք, հարսանիք, և նույնիսկ՝ թաղում կատարելու հարցում ոչ թե համատարած են, այլ վերաբերում են միայն հասարակ ժողովրդին, և ոչ երբեք էլիտաներին։

2․ Ստեղծված տնտեսական իրավիճակում, երբ մարդիկ կորցրել են աշխատանքը և չունեն հեռանկար որևէ աշխատանք գտնելու, էթիկապես խիստ խնդրային է սեղանների շուրջ լուսանկարներ տարածելը։ Մարդիկ հաճախ նույնիսկ մեկանգամյա պարզ սննդի խնդիր են ունենում, իսկ երեխաները սոված են քնում։

Ախր չի կարելի այդքան կտրված լինել իրականությունից, ժողովրդից, չէ՞ որ հենց ձեր վարքն է անմիջականորեն ազդում մյուսների գիտակցության վրա։

Այսուհետ որքան ուզում եք տուգանեք, պատժելու քաղաքականությունը իր արդյունավետությամբ չի համեմատվի սեփական օրինակով հանրությանը կրթելու և ուղղություն ցույց տալու մոտեցման հետ»։