Որ երկրների համար ԵՄ-ն հուլիսի 1-ից հանեց ճանապարհորդելու սահմանափակումները

Եվրոպական խորհուրդը պաշտոնապես առաջարկել է վերացնել ճանապարհորդության սահմանափակումները 15 երկրների համար` հուլիսի 1-ին արտաքին սահմանները բացելուց հետո։ Այդ երկրների ցուցակը հրապարակվել է, և ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը, Չինաստանը ևս այդ ցուցակում է, բայց այն պայմանով, որ Եվրամիության (ԵՄ) քաղաքացիներին նույնպես թույլատրվի ճանապարհորդել այնտեղ: Ցուցակը չի ներառում Բրազիլիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը: 

ԵՄ-ից հայտնում են, որ այդ ցանկը որոշվել է՝ հիմնվելով վերջին 14 օրվա ընթացքում COVID-19-ի նոր դեպքերի քանակների, COVID-19-ի դեպքերի ընդհանուր միտումների և կառավարության կողմից ճգնաժամի լուծման մեթոդների ընտրության վրա: Ցուցակում ընդգրկված երկրներն են` Ալժիր, Ավստրալիա, Կանադա, Վրաստան, Ճապոնիա, Մոնտենեգրո, Մարոկկո, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սերբիա, Հվ. Կորեա, Թաիլանդ, Թունիս, Ուրուգվայ, Չինաստան (պայմանական):