Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմ խորհրդարանի պատգամավորներիս իշխանության բռնազավթման մեջ են մեղադրում երկու և ավելի տասնամյակ իշխանությունն ուզուրպացրած ուժերը․ Բաբաջանյան

Հեղինակ MediaLab

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ հպարտ է կողմ քվեարկելով սահմանադրական արդարադատությունը ազատագրելու գործընթացին։

Նա գրել է․ «Երեկ շատ զբաղված էի։ Այսօր իմացա, որ նախօրեին «Բարգավաճ Հայաստան», ՀՅ Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել 9 էջից բաղկացած՝ «Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում»՝ կապված Ազգային ժողովի կողմից Սահմանադրական փոփոխությունների և հարակից օրենքների ընդունման հետ։

«Ըստ էության, ներկայացված հաղորդումը միտված է օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն»,- ասված է դատախազություն ներկայացված դիմումի վերաբերյալ երեք կուսակցությունների տարածած հաղորդագրությունում։ Ըստ երեք կուսակցությունների՝ Ազգային ժողովի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքներ, և Գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդմամբ նրանք ակնկալում են քրեական գործի հարուցում և պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն:

Գլխավոր դատախազություն ներկայացված դիմումի իրավական մասին անդրադառնալն ընդհանրապես անիմաստ է, քանի որ իրավական տեսանկյունից այն, մեղմ ասած, խոցելի է, իսկ իրականում՝ անհեթեթ ու ծիծաղելի։ Շատ ավելի կարևոր է այս քայլի քաղաքական տողատակն ու նշանակությունը։ Ըստ էության մեզ՝ Ազգային ժողովի պատգամավորներիս իշխանության բռնազավթման մեջ են մեղադրում քաղաքական ուժեր, որոնցից առնվազն երկուսը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, անցած շուրջ երկու տասնամյակներում՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կարգավիճակներում, ուղղակի ու անուղղակի մաս են կազմել պետության ու իշխանության զավթմանը։

1997 թվականից՝ ՀՅԴ-ն, իսկ 2007 թվականից նաև ԲՀԿ-ն՝ տարբեր փուլերում մաս կազմելով իշխանական կոալիցիաների, հանցակից ու մասնակից են եղել սահմանադրական կարգի տապալմանը, պետության ու իշխանության զավթմանը, քաղաքացիների ընտրական իրավունքների բռնաբարմանը, դրանց հետևած հետապնդումներին, բռնաճնշումներին։ Իսկ երբ այդ ուժերը կարճ ժամանակով, տարբեր պատրվակներով դուրս են եկել իշխանական կոալիցիաներից՝ նույն դերակատարոււմը ստանձնել են պսևդոընդդիմությունների դերում՝ լռեցնելով իրական ընդդիմության ձայնը։

Այս ուժերից որևէ մեկը անցած քսան և ավելի տարիներին որևէ անգամ որևէ բառ չի ասել Հայաստանում տեղի ունեցած ընտրակեղծարարության, բռնաճնշումների, քաղաքական հալածանքների և այլ ապօրինությունների մասին։ Անգամ այն դեպքերում, երբ նրանք դուրս են եկել կոալիցիաներից, դա արել են ոչ թե ի նշան ապօրինությունների դեմ բողոքի, այլ որովհետև տարակարծություններ են եղել իրենց նյութական շահերի բավարարման չափաքանակների առումով։

Այս ուժերն իրենց ողջ գործունեության ընթացքում արել են առավելագույնը քրեաօլիգարխիկ համակարգի պահպանման համար, քանի որ այն եղել է իրենց նյութական ու քաղաքական շահերի բավարարման հիմնական աղբյուրը։ Եվ այսօր, երբ երկրում վարվում է իրական պայքար այդ նույն քրեաօլիգարխիայի դեմ, նրանք հայտնվել են այդ համակարգի պաշտպանների դերում, քանի որ չեն պատկերացնում իրենց կյանքը առանց քրեաօլիգարխիկ համակարգից եկող սնուցումների։

Այսօր, երբ իրական հնարավորություն է ստեղծվել տասնամյակներ շարունակ ժողովրդից խլվածը ժողովրդին վերադարձնելու համար, երբ բոլոր առողջ ուժերը իրենց աջակցությունն են հայտնում այդ գործընթացին, նախկին համակարգի մնացուկ այս կուսակցությունները հայտնվել են բարիկադների հակառակ կողմում, այն կողմում, որտեղից ընթանում է պայքար պետության ու ժողովրդի դեմ։

Այսպիսով, այսօր մեզ՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմ խորհրդարանի պատգամավորներիս իշխանության բռնազավթման մեջ են մեղադրում երկու և ավելի տասնամյակ իշխանությունն ուզուրպացրած ուժերը և մեկ նորելուկ կուսակցություն, որի՝ այս գործընթացին մաս կազմելն արդեն ամեն ինչ ասում է դրա տեսակի ու բովանդակության մասին։

Ինքս՝ որպես Ազգային ժողովի անկախ պատգամավոր, հպարտ եմ, որ կողմ եմ քվեարկել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված օրինագծերին ու մասնակից եմ եղել սահմանադրական արդարադատությունը նախկինի հանցագործ մնացուկներից ազատագրելու գործընթացին։ Ի հեճուկս նախկինների ու նրանց մետաստազների դերում հանդես եկող ներկա քաղաքական ու պսևդոքաղաքական ուժերի»։

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ «ԿՈՂՄ» ԵՄ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՄ ԵՂԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆԵրեկ շատ…

Posted by Arman Babajanyan on Wednesday, July 1, 2020