Ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«✅Սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են ՀՀ Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում:

✅Սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն:

❇️Տարրական դպրոց
սովորողը պետք է՝

👉ճանաչի իր հայրենիքը, ունենա նախնական գիտելիքներ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
👉ճանաչի և հարգի ՀՀ պետական խորհրդանիշները և իմանա պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
👉ճանաչի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության նշանակալի օբյեկտները, հոգատար վերաբերմունք ցուցաբերի դրանց հանդեպ.

❇️Հիմնական դպրոց
սովորողը պետք է՝

👉քննարկի Հայաստանի հիմնախնդիրները՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.
👉ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

❇️Ավագ դպրոց
սովորողը պետք է՝

👉վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.
👉վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.
👉դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
👉իմանա հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.
👉գիտակցի, որ ինքը հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ է և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում:

❇️Հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում»: