ԱՄՆ Պետդեպ զեկույց․ Եկեղեցու պատմության առարկայի ընթացքում ոտնահարվում է ազգային փոքրամասնությունների երեխաների կրոնական ազատության իրավունքը

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոն ամեն տարի հրապարակում է տարբեր երկրներում «Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցը»։ 2019 թ․ զեկույցն անդրադարձել է Հայաստանում մասնավոր և հանրային դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը։ Ստորև ներկայացնում ենք որոշ հատվածներ զեկույցից։

Ըստ զեկույցի՝ ՀՀ եզդիական համայնքի ներկայացուցիչները կրկին դժգոհություն են հայտնել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր լինելու վերաբերյալ, որը նրանք որակում են որպես «կրոնական ինդոկտրինացիա»: 

Միայն եզդի աշակերտներ ունեցող դպրոցները կարողացել են առարկան հանել իրենց առարկայացանկից, սակայն խառը դպրոցներ հաճախող եզդի երեխաները պարտադրված էին սովորել այս առարկան՝ անկախ ծնողների առարկություններից:

Այնուհետև զեկույցը մեջբերում է տեղական ՀԿ-ների կողմից դեկտեմբերին պատրաստված «ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեին ներկայացվող այլընտրանքային զեկույց․ եզդի երեխաների իրավունքների իրացումը Հայաստանում» զեկույցը, ըստ որի՝ ազգային փոքրամասնությունների երեխաների կրոնական ազատության իրավունքը առավել հաճախ ոտնահարվել է դպրոցում, հատկապես՝ Հայոց Եկեղեցու պատմության դասաժամերին։ 

Բացի այն, որ կրոնական փոքրամասնությունների երեխաները պարտավորված են սովորել և քննարկել այլ կրոնական համոզմունքներ, առարկան հաճախ ընդգրկում էր զուտ կրոնական պրակտիկայի տարրեր, օրինակ՝ խմբային աղոթք, Աստվածաշնչի ընթերցանություն, դասասենյակում հոգևորականի ներկայություն, դպրոցական ուղևորություններ կրոնական վայրեր և մասնակցություն հոգևոր տոներին ու արարողություններին։

Ըստ զեկույցի՝ եղել են հաղորդումներ, որ որոշ դպրոցներում առարկան դասավանդել են Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներ, և դասերի շրջանակում պահանջվել են այցելություններ եկեղեցիներ՝ առանց այլ հավատքներ քննարկելու կամ աշակերտների կողմից ՀԱԵ-ի կառույց չհանդիսացող կրոնական վայրեր այցելելու հնարավորության: 

ՀԿ-ները, այլ կրոնական կազմակերպություններ, աթեիստները, ՀԱԵ-ի ոչ հավատացյալ անդամները շարունակել են հրապարակային մտահոգություններ հայտնել Հայոց Եկեղեցու պատմության առարկայում ՀԱԵ-ի հետևորդ լինելն ազգային ինքնությանը նույնացնող նյութերի առնչությամբ:

Զեկույցը նաև մատնանշում է, որ ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ Հայոց Եկեղեցու պատմության առարկայական ծրագիրը վերանայելու և այն առավել ընդգրկուն՝ կրոնների պատմություն առարկայով փոխարինելու կառավարության ծրագրերը թեժ բանավեճերի տեղիք են տվել, իսկ առավել ավանդական խմբերն այս ծրագրերը որակել են որպես հարձակում հայկական ինքնության վրա։ 

Ըստ զեկույցի՝ որոշ դիտորդներ նշել են, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ քննարկումները օգտագործվում էին կառավարության ընդդիմադիրների կողմից՝ հասարակական կարծիքը շահարկելու նպատակով։

MediaLab.am