Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի. Փաշինյան

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե անփոփո՞խ է արդյոք իր դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանի Սահմանադրության նոր տեքստում, որը պետք է արդեն այս ամիս հրապարակվի, Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։

«Ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ, և չեմ տեսնում դիրքորոշումս փոխելու անհրաժեշտություն։ Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Եվ ասեմ, թե ինչու, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանությամբ գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- նշեց Փաշինյանը։

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի 2026 թվականի մարտին։

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար շարունակում է որպես նախապայման ներկայացնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Չնայած հայկական կողմից բազմաթիվ հերքումներին՝ ադրբեջանական կողմը պնդում է, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը իր պնդումը հիմնավորում է նրանով, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որում էլ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ կա։ Ադրբեջանի այս պնդումները հերքել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը, որը հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։