Տավուշյան սահմանային շիկացման իրանյան արձագանքներն ու տեսակետները

Ադրբեջանի հերթական սադրանքը Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում լայն արձագանք է գտել նաև Իրանի Իսլամական Հանրապետության ԶԼՄ-ներում։ Միջադեպը, բնականաբար, ԻԻՀ-ի համար մտահոգիչ է, քանզի այդ երկիրը սահմանակից է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, իսկ վերջինիս հետ ոչ միայն կրոնակից է,  այլև դավանում են իսլամի նույն՝ շիա ուղղությունը։

Դրա հաշվառումով էլ ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգն անհրաժեշտաբար պետք է պաշտպաներ Բաքվի շահերը՝ չնայած վերջինս տարածքային հավակնություններ ունի Իրանի նկատմամբ և լուրջ քարոզչություն է իրականացնում այդ ուղղությամբ։

Ավելին, հակաիրանականությունը, թերևս, միակ բնագավառն է, որտեղ Ադրբեջանում մշտապես առկա է խոսքի լիակատար ազատություն։ Ահավասիկ, Բաքվում «Ղարաբաղի ազատության» կազմակերպած հանրաժողովի կարգախոսներից էր «Հայերը, իրանցիները և ռուսները թուրքերի թշնամին են»։ 

ԻԻՀ-ի ԶԼՄ-ները հուլիսի 12-14-ը գլխավորապես ներկայացնում էին զուտ կողմերի կորուստների, զոհերի մասին փաստեր՝ հիմնականում հիմնվելով Բաքվի, երբեմն նաև արևմտյան աղբյուրների վրա, բայց ոչ՝ հայկականի։ Այլ կերպ ասած, թերևս հավասարակշռված կարելի է համարել այն ԶԼՄ-ների թղթակցությունները, որոնք միջազգային օրինակով գլխավորապես նշել են, թե հրադադարի խախտման առնչությամբ կողմերը փոխադարձաբար մեղադրում են միմյանց։ 

ԻՐԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Օրինակ, fa.shafaqna.com/news-ը, հղում անելով The Defense Post-ին, գրել է, թե հայ-ադրբեջանական սահմանից ստացվող լուրերի համաձայն՝ զոհվել է ադրբեջանցի 2 զինվորական, 5-ն էլ վիրավորվել է։ Կայքը հավելել է նաև, որ Բաքուն Երևանին մեղադրում է հրադադարի խախտման համար, սակայն փոխադարձաբար նման մեղադրանք հնչեցրել է նաև հակառակ կողմը։ 

Իրանական ԶԼՄ-ներում հրապարակված թղթակցություններում առկա են, թերևս, բացահայտ, երբեմն նկատելիորեն կողմնակալ տեսակետներ հօգուտ Ադրբեջանի, որոնց հեղինակները հենվել են վերջինիս պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրների վրա։ Եվ ահա նման հրապարակումներով  է  դիտողի, ընթերցողի ու լսողի մոտ տեսակետ ձևավորվում տեղի ունեցածի վերաբերյալ, այս դեպքում ողջ աշխարհում ավելի քան 200 միլիոն պարսկալեզու լսարանի մոտ։ 

Ահավասիկ, պետական ռադիոհեռուստատեսության «Սեդա վա սիմա» (Ձայն և պատկեր) կայքը, «Խոցվել է հայկական անօդաչու ինքնաթիռ» վերնագրով հաղորդագրության մեջ վկայակոչելով Բաքվում սեփական թղթակցին, շեշտել է, թե ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ վերջինիս զինուժը խոցել է հայկական անօդաչու ինքնաթիռ, ինչպեսև ոչնչացրել է հրետանու մեկ միավոր իր ողջ անձնակազմով։

Հենվելով նույն աղբյուրին՝ նշվել է, որ «Բաքուն խստիվ հերքում է Հայաստանի տարածած տեղեկությունը, թե խոցել է Ադրբեջանի ԱԹՍ, այն համարել Հայաստանի ՊՆ-ի հորինվածք ու բացարձակ սուտ, քանի որ Ադրբեջանի բանակին պատկանող ԱԹՍ-ները լիովին անվնաս են»։

Լրատվականն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարությանը, որտեղ նշված է, թե իբրև հայկական ուժերը հրետակոծել են Թովուզի շրջանի Աղդամ գյուղը, որտեղ զոհվել է 75-ամյա ծերունի։ Նման հերյուրանքներն առանց հայկական՝ պաշտոնական, կամ ոչ պաշտոնական աղբյուրներից ճշտելու առնվազն տվյալ պետական ԶԼՄ-ի կողմից, մեղմ ասած, ոչ բարեկամական քայլ է։

 Հուլիսի 16-ի ադրբեջանական նոր դիվերսիային իրանական ԶԼՄ-ներից շատ քչերն են անդրադարձել, դրանցից էր Farsnews-ը, որը, կրկին հենվելով միջազգային ԶԼՄ-ների, այդ թվում՝ «France-Presse» գործակալության վրա, գրել է, թե մեկ օր ընդմիջումից հետո կողմերի միջև վերսկսվել են մարտական գործողությունները։

Արդարության առջև չմեղանչելով, նշենք, որ, թերևս, այս գործակալությունը եզակիներից է, որը հղում է արել հայկական աղբյուրի՝ «Այսօր» լրատվականին և նշել, թե ըստ վերջինիս՝ մարտական գործողությունները շարունակվել են։

Միաժամանակ հավելենք, որ Հայաստանի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, թե հայկական զինված ուժերին հաջողվել է առանց կորստի լռեցնել թշնամուն։ 

Ապա վկայակոչելով նաև ադրբեջանական «Trend» գործակալությանը՝ Farsnews-ը նշել է, թե հուլիսի 15-ին հայկական ուժերը թիրախ են դարձրել ադրբեջանական բնակավայրերից մեկը։

Այլ կերպ ասած՝ Farsnews-ը, հայկական աղբյուրը վկայակոչելով հանդերձ, խուսափել է իրերն իրենց անվամբ կոչելուց և հաղորդագրությունը «հավասարակշռել» է ադրբեջանական հերյուրանքներով։

Իմիջիայլոց, Farsnews-ը հուլիսի 16-ին անդրադարձել է նաև Ադրբեջանի օդուժի հրամանատար, ՊՆ փոխնախարար Ռամիզ Թահիրովի՝ Թուրքիա կատարած այցին և  հղում անելով «Անատոլու» գործակալությանը, նշել, որ Թահիրովը և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հանդիպման ժամանակ խորհրդակցել են Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության ու բախումների հարցերի շուրջ։

Farsnews-ը շեշտել է, թե Աքարը, կրկին նշելով, որ Թուրքիան հովանավորում է Ադրբեջանին, հավելել է․ «Հայաստանն Ադրբեջանի սահմանների վրա  հարձակվելու գինը վճարելու է»։  

Իրանի հյուսիսային թյուրքախոս նահանգները Թուրքիայի ու Ադրբեջանի համաթյուրքականության քարոզչության գլխավոր թիրախներից են, որտեղ հասանելի են Ադրբեջանի և Թուրքիայի հեռուստաալիքները, որոնք լեցուն են նշյալ քարոզչությամբ։

Ադրբեջանականը, որի լեզուն լիովին հասկանալի է նշյալ նահանգների բնակչությանը, լեցուն է նաև հայատյացությամբ, ինչն արել ու անում է իր սև գործը։ Այստեղ, թեև ոչ մեծ տոկոսներով, բայց և այնպես առկա են համաթյուրքականներ, որոնք ունեն իրենց հարող բազմաթիվ ԶԼՄ-ները, օրինակ, Arannews.com, Qafqaz.ir լրատվական կայքերը, որոնք այս օրերին ամբողջովին նվիրվել են հայ-ադրբեջանական սահմանի վերջին դեպքերին։ 

Arannews.com-ին տված հարցազրույցում Թավրիզի Իսլամական ազատ համալսարանի ռեկտոր Ազիզ Ջավանփուրը շեշտել է, որ հրադադարը զավթողականությանը վերջ չի դնելու, ուստի եթե Ադրբեջանը չպայքարի և վստահի Արևմուտքին՝ Մինսկի խմբին, ապա Ղարաբաղը չի «ազատագրվելու»։ Նա հավելել է, թե Ադրբեջանը պետք է խիստ կարևորի նահատակների արյունը։ 

Հուլիսի 16-ին Qafqaz.ir-ը հրապարակել է նշյալ նահանգների հոգևոր առաջնորդների ու անվանի մարդկանց սրտաճմլիկ ցավակցականները, ինչպես նաև փորձագետների, այդ թվում՝ կովկասագետ, Արցախ-Ադրբեջան պատերազմում Ադրբեջանում ռազմական խորհրդական աշխատած Մանսուր Հաղիղաթփուրի տեսակետները։

Վերջինս ընդգծել է (հուլիսի 16-ին)․ «Ղարաբաղը կարող է ազատագրվել միայն Իրանի  հովանավորությամբ ու ադրբեջանցի ժողովրդի ջանքերով»։ Հաղիղաթփուրը, դիմելով Ադրբեջանի իշխանություններին, հավելել է, թե պետք չէ հրաժարվել Իրանի օգնությունից՝ վախենալով երկրի իսլամականացումից, օրինակ բերելով Իրանի աջակցությունը Սիրիային։ 

ԻՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Այս առնչությամբ հատկանշական է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեհի՝ Ադրբեջանի «Պրեսկլուբի» թղթակցին տված  բավական ծավալուն հարցազրույցը, որը Qafqaz.ir-ը հրապարակել է նույն օրը՝ հուլիսի 13-ին։

Ջահանգիրզադեհը, խոսելով Արցախի հիմնահարցի մասին, որը, ըստ նրա, քրոնիկ է դարձել, նշել է, որ հարցի ցանկացած լուծում պետք է տեղի ունենա տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ հարցի խաղաղ մի այնպիսի կարգավորում, որտեղ որպես հիմք ընդունվելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ի բանաձևերը։ 

Արաքսի վրա կառուցվող Խոդափիրինի ու Գիզգալասի ջրամբարտակների կառուցման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ «դրանք կառուցվում են Իրան-Ադրբեջան համաձայնագրի շրջանակներում, ոչ թե այլ կողմի հետ, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Իրանը գործով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների հետ կապված՝ նա  նշել է, որ «Իրանը համագործակցում է Հարավային Կովկասի երկրների հետ որպես հարևան երկրներ, սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր  սկզբունք, այն է՝ Ադրբեջանն ու Իրանը մեկ հոգի են երկու մարմնում՝ հավելելով, որ այդ երկրների միջև եղբայրության, բարեկամության արմատները գտնվում են կրոնական, մշակութային, պատմական ու քաղաքակրթական ընդհանրություններում»։

Նա շեշտել է նաև, որ «եթե, Աստված մի արասցե, որևէ վտանգ սպառնա Ադրբեջանին, ապա հաստատապես առաջինն օգնության է հասնելու ԻԻՀ-ը»։ Վերոհիշյալը, փաստորեն, Իրանի պաշտոնական տեսակետներն են, որը լսում ենք իրանցի տարբեր պաշտոնյաների շուրթերից։ 

Իրանական ԶԼՄ-ներում մեծ տեղ է տրվել այդ երկրի ԱԳ նախարարի խոսնակի հայտարարությանը, որում կողմերին կոչ էր արվել զսպվածություն դրսևորել, կրկին շեշտվել էր Իրանի դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի առնչությամբ, այն է՝ հարցը լուծել տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ապա կարևորվեց թուրք բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտած մեզ հայտնի տեսակետները։ 

Այնուհետև իրանական ԶԼՄ-ներում լայն տարածում է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Բացի հիշյալից, առանձնահատուկ կարևորություն է տրվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Իրանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցներին, որոնցում նա, կողմերին զսպվածության կոչ անելով, միաժամանակ հայտնել է, թե Իրանը պատրաստակամ է միջնորդի դեր ստանձնել։ 

Իրանական ԶԼՄ-ներում նշանակալից տեղ է ունեցել նաև նախագահության գործերի կառավարիչ Մահմուդ Վաեզիի՝ հուլիսի 13-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում նա շեշտել է, որ հարևան երկրների հետ փոխհարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներից են՝ հավելելով, որ Իրանը պատրաստակամ է ընդլայնել Թեհրան-Բաքու համագործակցություններն ու կապերը։ Նա իր ցավակցությունն է հայտնել զոհված զինծառայողների համար և կրկնել Իրանի տեսակետն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ։ 

ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈւՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԵՎՄՈւՏՔԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈւԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈւՄԻՑ ՀԵՌԱՑՆԵԼԸ

Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, որքան Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որի ռազմավարական, ազգային անվտանգության շահերն օբյեկտիվորեն համընթաց են Հայաստանի շահերի հետ, այդուհանդերձ, առկա են հանգամանքներ, որոնք խանգարում են այդ շահերի շրջանակներում նրանց միջև լուրջ համագործակցությանը։ 

Իրանը, լինելով տարածաշրջանի գերտերություններից, թերևս ունի ռազմավարական այլ առաջնահերթություններ, որոնք գերակա են այդ երկրի համար, այդ թվում՝ իսլամական աշխարհում որպես « ام القرا Ում ալ կարա», որը Մեքքայի տիտղոսներից է, և նշանակում է «իսլամական ավետյաց երկիր» առաջնորդ պետություն լինելը, ինչը ենթադրում է պաշտպանել իսլամական երկրների շահերը։ Նման դեր ստանձնելու հարցում լուրջ մրցակցություն է ընթանում Իրանի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև։ 

Թեհրանը ձգտում է նաև ընդլայնել իր ազդեցությունն իսլամական աշխարհում, ինչպես նաև ջանքեր է գործադրում վերջինիս միասնականության ու համերաշխության ուղղությամբ, բայց հստակ կարելի է նշել, որ  ներկա դրությամբ դա բացառվում է։

Հիշյալից զատ Իրանը բարդությունների առաջ է հայտնվել նաև Բաքվի հանդեպ վարած քաղաքականության հարցում, ինչը պայմանավորված է նախ, ինչպես նշվեց, թյուրքախոս նահանգերում համաթյուրքականության տարածմամբ ու իսլամական գործոնով, իսլամական համերաշխությամբ, ինչը Բաքուն ամենաքիչն է կարևորում՝ ավելին, խիստ երկյուղում է իսլամական հեղափոխությունից և ջանք չի խնայում շիա հոգևորականության գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ։

Հավելենք նաև, որ Իրանի կառավարության կազմում, խորհրդարանում ու ղեկավար այլ օղակներում կան բարձր դիրքեր զբաղեցնող համաթյուրքականներ, որոնք, ճնշում գործադրելով կառավարության վրա, պահանջում են որդեգրել ադրբեջանամետ դիրքորոշում։

Սոցցանցերում տարածվել է խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, Ուրմիա քաղաքից ընտրված Ռուհոլա Հազարթփուրի քննադատական նամակը՝ ուղղված ռադիոհեռուստատեսության կազմակերպության տնօրենին, որում նա խիստ քննադատել է Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների մասին լուրերում (Սեդա վա սիման) Ղարաբաղը հայաբնակ անվանելու համար՝ ընդգծելով Իրանի՝ «Ում ալ կարա» լինելու հանգամանքը և պահանջել այն անվանել «բռնազավթված իսլամական տարածք, որն ազատագրվելու է»։ 

Հավելենք նաև, որ նամակն արժանացել է օգտատերերից շատերի կոշտ գնահատականներին։ Թեև բացառված չէ, որ նման քայլերը ներքին օգտագործման համար են, սակայն դրանցով ձևավորվում է հասարակական կարծիք, ուստի պետք է տարբերակներ գտնել ու ասել նաև ճշմարտությունն իրապես բարեկամ երկրի մասին, մանավանդ որ իսլամական գործոնից հենց միայն սա է Բաքվի սրտով, ինչն էլ շահարկում է։ 

Ահա թե ինչու նման պատկերն Իրանի ԶԼՄ-ներում անսպասելի չէր, որտեղ Հայաստանն անելիք ունի իր տեսակետները լսելի դարձնելու առումով։ Ինչ վերաբերում է Իրանի միջնորդության պատրաստականությանը, որը բազմիցս կրկնվել է տարբեր առիթներով, ապա դա, եթե ինչ-որ տեղ հնարավոր էր 1992թ․, ապա այսօր կամա, թե ակամա ադրբեջանամետ դիրքորոշմամբ Թեհրանի միջնորդությունը հազիվ թե ձեռնտու լինի Հայաստանին։ Ըստ ամենայնի, սա գիտակցում են նաև Թեհրանում, որտեղ դեմ են արևմտյան երկրների միջնորդությանը։

Թերևս դա է վկայում նաև հուլիսի 14-ին պաշտոնական IRNA գործակալությունում հրապարակված Ալիռեզա Ջաբարիի հեղինակած «Բաքու-Երևան բախումներն ի շահ տարածաշրջանի չեն» խորագրով ծավալուն հոդվածը։

Նա դրանում ներկայացրել է հակամարտության պատմությունը, բնականաբար կողմնակալ դիրքերից՝ միաժամանակ չբացառելով, որ 30 տարի առաջ դրա բռնկման հարցում դերակատարություն է ունեցել նաև Արևմուտքը։

Հեղինակն անդրադարձել է Մինսկի խմբի ձևավորմանը՝ շեշտելով, որ Արևմուտքը հարցի լուծման առնչությամբ բազմաթիվ նախագծեր է առաջարկել, բայց գործնականում քայլ չի կատարվել։

Ապա եզրակացնում է, որ «Արևմուտքն իրականում շահագրգիռ չէ հարցի լուծմամբ, որին ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը ձեռնտու է»։

Այնուհետև նա հարցի լուծման առաջարկ է ներկայացնում, որի էությունը հետևյալն է․ «Երևան-Բաքու առանց միջնորդների բանակցություններով պետք է ստեղծել անկախ աշխատակազմ՝ երկու երկրների կառավարությունների վերահսկողության ներքո, առանց օտարերկրյա, մասնավորապես Արևմուտքի միջամտության, ապա կողմերը Ղարաբաղի իշխանությունը ճանաչում են որպես ինքնավար կառավարություն։ Հայաստանի ու Ադրբեջանի միջամտությունները դրա ներքին գործերին կսահմանի անկախ աշխատակազմը։ Վերջինս էլ վերջնական հաջողության ու համաձայնության մասին կզեկուցի միջազգային կառույցներին»։ 

Հեղինակը, առաջարկելով ուղիղ, անմիջական բանակցություններ, ինչն իսկապես արդյունավետ ձևաչափ է, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ադրբեջանում 30 տարի շարունակ հասարակությունը մանկապարտեզից մինչև ակադեմիա, մեծ չափաբաժնով սնվել է հայատյացությամբ, այնպես որ նույնիսկ հայկական ծիրանից են վրեժ լուծում, ասել է, թե երկխոսությունը գրեթե անհնարին է։ Ուստի նախ պետք է բուժել այդ հիվանդ հասարակությունը, ապա նախապատրաստել խաղաղության, ինչն անհնարինության չափ դժվար ու տևական գործ է։ 

Իսկ հուլիսի 15-ին IRNA-ն հրապարակել է «Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման չարդարացված հույսերը» վերնագրով մեկ այլ հոդված, որտեղ շեշտվել է, թե «Հայաստան-Ադրբեջան վերջին բախումներն ապացուցեցին Մինսկի խմբի լիակատար անզորությունն իր միջնորդական առաքելության հարցում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար միջնորդական նոր ձևաչափ ընտրել»։ Ապա շեշտել է, որ «փորձագետներն անհրաժեշտ են համարում տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությունը նոր միջնորդությանը»։ Այլ կերպ ասած՝ այստեղ արտացոլված են Բաքվում Իրանի դեսպանի և Իրանի ԱԳ նախարար Մ․ Զարիֆի առաջարկությունները։

ՏԱՎՈւՇՅԱՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՐՍԿԱԼԵԶՈւ ԶԼՄ-ՆԵՐՈւՄ

Իրանի և ընդհանրապես պարսկալեզու հասարակություններում արցախյան հիմնահարցի շուրջ տեսակետ ձևավորելու առումով անմասն չեն նաև արևմտյան երկրների պարսկալեզու ԶԼՄ-ները, որոնք, ցավոք սրտի, հիմնականում կողմնակալ են։ Թերևս անկողմնակալ կարելի է համարել Euronews.com և rfi.fr/fa/ կայքերը, որոնք ներկայացնում են երկու կողմի տեսակետները։ Երևույթն առավել նկատելի է «Գերմանիայի ձայնի» dw.com/fa-ir/ հրապարակումներում, որտեղից, ի պատասխան տողերիս հեղինակի դժգոհության, դեռևս 2016թ․ նշել էին, թե իրավիճակն այդպես չէ, բայց կաշխատեն ավելի անաչառ լինել, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Դա են վկայում վերջին իրադարձությունների թեմայով հրապարակումները, որտեղ և՛ լրատվությունը, և՛ վերլուծությունները կողմնակալ են։ 

Օրինակ, հուլիսի 12-ի լրատվականում, թերևս, ամբողջությամբ ներկայացվել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, որտեղ նշվել է, թե հայերը մեծ կուրուստ են կրել, իսկ ադրբեջանցիները 2 զոհ և 5 վիրավոր ունեն։ Ապա հենվելով իրազեկ աղբյուրներին՝ շեշտվում է, որ հայերը ցանկացել են գրավել ադրբեջանական դիրքերից մեկը, սակայն հանդիպել են սաստիկ ականակոծության, և թեև մատնանշվել է նաև ՀՀ ՊՆ-ի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը, սակայն դա հավասարակշռություն չէ։ 

Ավելին, հուլիսի 14-ին հրապարակված «Արդյո՞ք հայ-ադրբեջանական բախումները կվերածվեն լայնածավալ պատերազմի» հոդվածում հիմնահարցի լուսաբանումը վստահված է Բաքվում ու Կիևում Իրանի նախկին դեսպան, վերլուծաբան, բլոգեր Աֆաշար Սոլեյմանիին, ով հստակ և ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունի։

Նա Հայաստանին մեղադրում է «հրադադարը խախտելու համար», ինչը պատճառաբանում է մեր երկրի ներքին հարցերով՝ նշելով, թե «Փաշինյանի դիրքերը թուլացել են, քանի որ խիստ ակտիվացել են նախկին նախագահների կողմնակիցները, և ոչ միայն։

Բացի այդ վարչապետը, չլինելով ղարաբաղյան թևից, նաև ոչ ռուսամետ, մեղադրվում է  այդ հարցում թերանալու համար»։ Սոլեյմանին ևս Մինսկի խմբին մեղադրում է անկարողության մեջ, և զավեշտալին այն է, որ նրա խոսքերով՝ «հենց Ադրբեջանը ցանկանում է ռազմական գործողություններով հետ վերադարձնել զավթված տարածքները, ապա Ռուսաստանը խանգարում է»։ Նա շեշտում է, որ «լայնածավալ պատերազմ թույլ չեն տա, սակայն նման բախումներ կլինեն»։

«Ազատություն ռադիոկայան»-ի պարսկերեն ծառայության (radiofarda) նյութերը նույնպես կողմնակալ են։ Նույնիսկ եթե այդ թեմայով ես՝ հեղինակս, տեսակետ եմ գրել նյութի տակ, այն չեն հրապարակել։

BBC-ն ևս գլխավորապես կողմնակալ է, սակայն երբեմն նաև ճշմարտության հետ աղերսվող նյութեր է հրապարակում։ Այս առումով բացառություն չէ նաև «Ամերիկայի ձայն»-ի ir.voanews.com-ը։ Եթե դա նշյալ ԶԼՄ-ի քաղաքականությունը չէ, ապա պետք է պատճառաբանել ադրբեջանամետ ուժերի լոբբիստական գործունեությամբ, որտեղ, թերևս, ներգրավված են նաև իրանցի համաթյուրքականները, որոնք ավելի ակտիվ են արտերկրում։ 

ԱՄՓՈՓՈւՄ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈւՄՆԵՐ

Այսպիսով, Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում հայ-ադրբեջանական ռազմական բախումների լուսաբանումների մասին․

– Իրանական լրատվամիջոցներում միջադեպը լուսաբանելիս գլխավորապես օգտվել են ադրբեջանական կողմից տարածվող պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուրներից, ուստի տավուշյան իրադարձությունների վերաբերյալ այդ երկրի ներսում ձևավորել են կողմնակալ, անհավասարակշիռ տեսակետներ և կարծիքներ: Բացի այդ հասարակության կարծիքի վրա կարող են ազդել Իրանում առկա ադրբեջանամետ տեսակետներ տարածող ոչ մեծաթիվ ԶԼՄ-ները,  

– ԻԻՀ-ը և Թուրքիան, լինելով տարածաշրջանային գերտերություններ, նույն հավակնություններն ունեն թե՛ այստեղ, թե՛ իսլամական աշխարհում, մրցակիցներ են։ Բացի այդ Թուրքիան ի սկզբանե համաթյուրքական նկրտումներ է ունեցել Իրանի թյուրքախոս Ադրբեջան նահանգի նկատմամբ, ինչի ծնունդն է Ադրբեջանի Հանրապետությունը։

Եթե Անկարան այսօր բավարարվում է միայն քարոզչությամբ, ապա Բաքուն արդյունավետ քարոզչությունից զատ Իրանի դեմ ունի բացահայտ տարածքային նկրտումներ, խրախուսում է հակաիրանականությունը։ Իսկ Իրանը թշնամության ու համաթյուրքականության դեմ ձգտում է պայքարել իսլամական միասնականության ու համերաշխության զենքով, ուստի անտեսելով Հայաստանի հետ իր ազգային անվտանգության ընդհանուր շահերը՝ խիստ հանդուրժողականություն է դրսևորում նշյալ երևույթների հանդեպ։ Իրանի ԶԼՄ-ների լուսաբանումների ադրբեջանամետ բնույթը հենց այս հանգամանքով է պայմանավորված։

– Լուսաբանումներում տեսանելի է նաև, որ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների շիկացման համատեքստում Իրանը հերթական անգամ Արցախ-Ադրբեջան հակամարտության առնչությամբ միջնորդության նոր ձևաչափի առաջարկ է ներկայացրել։ Միաժամանակ Մինսկի խմբի գուծունեությունը, թերևս, Բաքվի օրինակով համարել է ոչ արդյունավետ և Արևմուտքի ազդեցության տակ գտնվող, մինչդեռ Հայաստանը, կարևորելով այդ ձևաչափը, հաճախ դժգոհում է նրա ոչ անկողմնակալ ձևակերպումներից։ 

– Համեմատաբար ավելի քիչ չափով, սակայն կողմնակալ են եղել նաև պարսկալեզու արևմտյան ԶԼՄ-ների լուսաբանումները, որոնք բացառված չէ, որ արդյունք են այդ լրատվամիջոցներին թղթակցող հեղինակների ադրբեջանամետության, 

– Հայաստանը մեծ անելիքներ ունի թե՛ ԻԻՀ տեղեկատվական տարածության մեջ, թե՛ արևմտյան պարսկալեզու ԶԼՄ-ներում իր տեսակետները հասանելի ու արտացոլված դարձնելու ուղղությամբ։

Էմմա Բեգիջանյան Իրանագետ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)